Հայերեն   English   Русский  

​Կվերծանի արդյոք Ալիևը Փաշինյանի ծածկագիրը. հայացք դրսից


  
դիտումներ: 1151

Վերջերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպման ժամանակ, երբ կողմերը քննարկում էին անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի նախապատրաստումը, որը նախատեսված է դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում, մի շարք հայտարարություններ են արվել, որոնք առնչվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Ընդ որում Գրեմինգերը ծանուցել է նիստի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում նրանք հերթական անգամ կքննարկեն հակամարտության կարգավորման միջոցները: «Բանակցային գործընթացի դինամիկան թերևս մի քիչ դանդաղել է,- ասել է Գրեմինգերը:- Այսուհանդերձ մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նոր դինամիկա կհաղորդի այդ գործընթացին»: Բայց եթե ավելի ճշգրիտ լինենք, ապա վերջին անգամ Մնացականյանը և Մամեդյարովը հանդիպել են սեպտեմբերի վերջին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 74-րդ Ընդհանուր վերաժողովի շրջանակներում: Դա նրանց չորրորդ հանդիպումն էր 2019 թ. ընթացքում, ուստի բանակցային գործընթացի դինամիկայի առնչությամբ կարելի է առարկել: Բայց հարցը դա չէ: Լավրովն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, թե ինչ է տեղի ունեցել այդ ուղղությամբ ընդհուպ մինչև այս տարվա ապրիլը.

«Ապրիլին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի համանախագահների մասնակցությամբ: Շատ լավ, ոչ պաշտոնական, անմիջական, անկեղծ բանավեճ տեղի ունեցավ, որի արդյունքներով ուրվագծվեցին մի շարք միջոցառումների իրականացման հեռանկարները՝ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ քաղաքական երկխոսության հնարավոր հեռանկարային մոտեցումների վերլուծությանը զուգահեռ վստահության ամրապնդման միջոցառումները … Պատանդ պահվող անձանց հետ կապված իրավիճակը քիչ լավատեսական է: Բայց մենք այնուամենայնիվ ելնում ենք նրանից, որ պետք է առաջ շարժվել այս ուղղությամբ»:

Իրոք, դրական ազդակը բանակցային գործընթացում, որ ի հայտ եկավ 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ոտքի վրա» հանդիպման ժամանակ, դրան հաջորդած երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հագեցած տևական երկխոսությունները շատ խոստումնալից էին: Երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև ուղիղ հեռախոսային կապ ստեղծվեց, կողմերը խոսում էին մարդասիրական խնդիրների լուծման և վստահության մթնոլորտի ստեղծման հնարավորությունների մասին, ինչը հեռանկարում կարող էր հանգեցնել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների որոշմանը: Ընդ որում, կայուն տպավորություն էր առաջանում, որ Բաքուն և Երևանը փորձում են ինչ-որ սեփական, Մինսկի խմբին զուգահեռ սցենար իրականացնել:

Երբ Փաշինյանը հայտարարեց, որ «հայկական կողմը չի պատասխանի փոխզիջումներին պատրաստ լինելու հարցին այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցին չի պատասխանի Ադրբեջանը», հասկացրեց, որ որոշ փոխզիջումներ այնուամենայնիվ գոյություն ունեն, բայց չկան պայմանավորվածություններ այն մասին, թե ինչպես դրանք բարձրաձայնել, միասի՞ն, թե՞ առանձին-առանձին: Փաստորեն «Դուշանբեի ոգով» բանակցային գործընթացի անկում տեղի ունեցավ, և այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հանդես գալով Բաքվի և Երևանի շփումների միջնորդ, փաստացի մեջտեղ է բերում հիբրիդային բանակցային օրակարգ. ինչ-որ բան Դուշանբեից և ինչ-որ բան իր նախկին մշակումներից: Իրավիճակի որակական փոփոխություն է տեղի ունեցել. բոլոր բանակցություններն անցնում են արտգործնախարարների մակարդակով, իսկ երկու երկրների առաջնորդների հանդիպում չի նախատեսվում բանակցային դաշտի անհետացման հետևանքով:

Բանակցությունների օրակարգում չկան կարգավորման հիմնարար խնդիրներ, և Մնացականյանի խոսքով՝ «չկան փաստաթղթեր, որոնք կարելի լիներ քննարկել, հետևաբար կողմերն առայժմ չեն աշխատում թղթի վրա գրված որոշակի ձևակերպումների վրա»: Նրա խոսքով՝ «Մենք աշխատում են տարբեր սկզբունքների և պարամետրերի վրա, որպեսզի որոշենք, թե ինչպես կարող ենք կառուցել պարտավորությունների անհրաժեշտ համամասնությունը կողմերի միջև»: Նման վերացական դատողությունները թաքցնում են հայտնի դիվանագիտական բանաձևը՝ «բանակցություններ են վարվում բանակցությունների մասին»: Եվ եթե Փաշինյանը հայտարարում է, որ «բանակցային գործընթացում դինամիկա» է տեսնում, ապա լայն առումով իրավացի է, թեպետ չի հստակեցնում, թե ինչի մասին է Բաքվի հետ երկխոսությունը: Ընդ որում, միայն այդ մասին չէ, որ խոսում է: Իր ֆեյսբուքում Փաշինյանը կրկին մատնանշեց իր փոխզիջումային դիրքորոշումը.

«Ասել եմ, որ այն [ղարաբաղյան հարցի լուծումը] պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»:

Քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների գնահատման տեսանկյունից փոխզիջումները հակամարտողների կողմից անխուսափելի են: Փաշինյանը հայտնում է Ադրբեջանին զիջումներ անելու պատրաստակամությունը, թեև այդ դիրքորոշումը խիստ քննադատության է արժանանում Հայաստանի որոշ քաղաքական ուժերի կողմից: Ուստի վարչապետը դեմ է տալիս իրեն ապահովագրող տարբերակը: Նրա խոսքով. «Իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել հայ ժողովրդի համար ընդունելի լուծում։ Երբ գտնեմ այդպիսի լուծում, այն կներկայացնեմ ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում կունենանք, որովհետև որոշումը պետք է լինի համազգային։ Եթե անհրաժեշտ լինի, կարելի է և հանրաքվե անցկացնել»:

Բայց եթե Հայաստանին հաջողվում է պահպանել ներկայիս ստատուս քվոն՝ իր հսկողության տակ պահելով շրջանները, ապա ինչո՞ւ հանրաքվե անցկացնել:

Եթե փոխզիջումային առաջարկությունների իմաստը հանգում է այնուամենայնիվ շրջանների մի մասը վերադարձնելուն Ադրբեջանին, ապա համազգային հանրաքվեի անցկացումը միանգամայն տրամաբանական է: Ընդսմին Փաշինյանն ընդգծում է, որ «ղարաբաղյան հարցում բացառվում է որևէ դավադրություն»: Հիշեցնենք, որ նախկինում նա խոսում էր «հավանական դավադրության մասին, որ պատրաստում են նախկին վարչակարգի ներկայացուցիչները արցախյան շրջանակների հետ», ինչը կապում էր որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու հետ: Հիմա նման բան հնարավոր է արդեն առանց «դավադրության»: Բայց գլխավորն այն է, որ Երևանը հրապարակային մակարդակով նկատելի ճկունություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր բանակցային դիրքորոշումը մեկնաբանելիս, մինչդեռ Ադրբեջանը, դարձյալ հրապարակային մակարդակով, խոսում է բացառապես տարածքային ամբողջականության պահպանման մասին, թեև բանակցությունների ժամանակ տեսադաշտում է պահում փոխզիջումային տարբերակները:

Հակառակ դեպքում Բաքու-Երևան երկխոսությունը անհնարին կլիներ: Պարզապես Փաշինյանն առաջարկում է Ալիևին բացել որոշ խաղաքարտեր և այդ հիմքի վրա վերականգնել երկխոսությունը: Բայց կվերծանի արդյոք Ադրբեջանի նախագահը Հայաստանի վարչապետի ծածկագիրը:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ REGNUM





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: