Հայերեն   English   Русский  

​Քաղցկեղը և ծխախոտը․ ի՞նչ են փաստում թվերը


  
դիտումներ: 179

Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի 2018թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմել է մոտ 80%:

Մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները զբաղեցնում են երկրորդ տեղը` 20.2% (ՀՀ յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մահանում է քաղցկեղի պատճառով):

2018 թվականին Հայաստանում գրանցվել է քաղցկեղով հիվանդացության 6847 նոր դեպք: 2018թվականին Հայաստանում գրանցվել է չարորակ նորագոյացություններից 5199 մահվան դեպք:

Քաղցկեղով պայմանավորված մահացության դեպքերը 2018-ին (5199) 1990 թվականի (3484) համեմատությամբ աճել են 1.5 անգամ: Շնչափողի, բրոնխների, թոքերի քաղցկեղից մահացությունը Հայաստանում կազմում է 40.25/100 000 բնակչի հաշվով, իսկ տղամարդկանց մահացության ցուցանիշը շատ ավելի բարձր է՝ 81.51․Ստեղծված իրավիճակը պայմանավորված է բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների բարձր տարածվածությամբ: 2016-2017թթ. ԱՀԿ աջակցությամբ հանրապետությունում իրականցված STEPS ազգային հետազոտության արդյունքների համաձայն, յուրաքանչուր երկրորդ տղամարդը ծխում է: Այդ իսկ պատճառով թոքի քաղցկեղից մահացությունը տղամարդկանց շրջանում 4-5 անգամ բարձր է, քան կանանց:Հանրապետության յուրաքանչուր երկրորդ բնակիչը տնային պայմաններում, յուրաքանչուր չորրորդը` աշխատավայրում գտնվում են երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ:

Վերջերս իրականացված միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ աշխարհում ամենատարածված և ամենամահացու քաղցկեղների մեծ մասը կապված են ծխելու հետ։Global Burden of Disease Cancer Collaboration միջազգային գիտական նախագծի (որի մեջ մտել են 195 երկրների գիտնականներ) փորձագետների տվյալներով՝ քաղցկեղով հիվանդացությունը վերջին 10 տարիներին ավելացել է 33%-ով ամբողջ աշխարհում։ 2007-2017 թվականներին գրանցվել է քաղցկեղի 24,5 մլն նոր դեպք՝ մեկ երրորդով ավելի, քան նախորդ տասնամյակում։Համաձայն հետազոտությունների՝ աշխարհում ամենից շատ կյանք խլում է բրոնխների, շնչափողի ու թոքերի, աղիների եւ ստամոքսի քաղցկեղը։Հետաքրքիր է, որ քաղցկեղի առաջին երեք տեսակներն ուղղակիորեն կապված են ծխելու հետ, եւ շատ մասնագետներ համոզված են, որ եթե ծխողների թիվն աշխարհում նվազի՝ դա կհանգեցնի քաղցկեղով հիվանդացության եւ մահացության կրճատմանը։Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծխելը ոչ միայն ավելացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը, այլև նվազեցնում է ուռուցքային հիվանդների ապաքինման հնարավորությունները։

Այդ իսկ պատճառով Թոքերի քաղցկեղի ուսումնասիրման միջազգային ասոցիացիան ընդունել է Հռչակագիր, որում բժիշկներին կոչ է անում պարզել, թե արդյոք ծխում են նրանց՝ թոքերի քաղցկեղ ունեցող պացիենտները, եւ եթե այո, անպայման նրանց խորհուրդ տալ որքան հնարավոր է շուտ հրաժարվել այդ սովորությունից։Ինչպես նշված է Հռչակագրում, քաղցկեղով հիվանդների մոտ, որոնք շարունակում են ծխել ախտորոշումից հետո, ավելի բարձր է ընդհանուր մահացության, քաղցկեղից մահացության մակարդակը, ինչպես նաեւ երկրորդ առաջնային քաղցկեղի առաջացման ռիսկը։ Բացի այդ, նրանց մոտ զգալիորեն ավելանում է քաղցկեղի բուժման թունավորությունը։ Ծխելն էապես բարձրացնում է քաղցկեղի բուժման արժեքը։ Իսկ ծխելը թողնելը, ըստ մասնագետների, հանգեցնում է բուժման արդյունքների բարելավման։

Առհասարակ, ինչպես փաստում են վերջին տարիներին իրանակացված մի քանի հետազոտություններ, չարորակ նորագոյացությունների 30-40%-ը կարելի է կանխարգելել՝ առողջ ապրլակերպ վարելով։ Ընդ որում, այդ կանխարգելելի քաղցկեղների կեսը առաջանում է ծխելու պատճառով։Մասնավորապես, International Journal of Cancer ամսագրում տպագրված ավստրալացի գիտնականների հետազոտության տվյալներով՝ Ավստրալիայում քաղցկեղից մահերի 38%-ը կարելի է կանխարգելել՝ նվազեցնելով ռիսկի գործոնների ազդեցությունը։ Իսկ հիմնական բացասական գործոնը, համաձայն հետազոտության, ծխելն է, այդ թվում՝ պասիվ։ Այն պատասխանատու է քաղցկեղից մահացության 23% դեպքերի համար։ Ապացուցվել է, որ թոքերի քաղցկեղը ծխողների մոտ 15-30 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան չծխողների։Թեև քաղցկեղի առաջացումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում ժառանգական, դրանց շարքում շատ են գործոնները, որոնց վրա մարդը կարող է ինքնուրույն ազդել։ Եվ առաջինը դրանց շարքում ծխելն է։

ԱՄՆ Ջոն Հոփկինսի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցկեղը 66% դեպքերում պատահական մուտացիայի արդյունք է, 5%-ի համար պատասխանատու է ժառանգականությունը, իսկ մնացած 29% դեպքերը պայմանավորված են կենսակերպով։ Բացի այդ, կախված քաղցկեղի տեսակից, այս տոկոսային հարաբերակցությունը փոխվում է։ Օրինակ, թոքերի քաղցկեղը պայմանավորված է պատահական մուտացիաներով ընդամենը 35% դեպքերում, իսկ 65%-ի համար պատասխանատու է մարդը։

Նշենք, որ ըստ վիճակագրության, աշխարհում տարեկան արձանագրվում է ավելի քան 12 մլն քաղցկեղի նոր դեպք և շուրջ 8 մլն մահացության դեպք:ԱՀԿ փորձագետների կանխատեսմամբ, համապատասխան կանխարգելիչ, բուժմանը և ախտորոշմանն ուղղված միջոցառումների ոչ լիարժեք իրականացման դեպքում, մինչև 2030 թվականը քաղցկեղի նոր դեպքերի թիվը կկազմի 27 մլն., իսկ մահերի թիվը` 17 մլն:

«Եղիր Տեղեկացված» ՀԿ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: