Հայերեն   English   Русский  

Արման Դարչինյան. «Առաջիկայում ուժերս կենտրոնացնելու եմ օլիմպիական ուղեգիր նվաճելու ուղղությամբ»


  
դիտումներ: 1278

Հոկտեմբերի 27-ին Կալիֆորնիայում կայացած բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշեց Արման Դարչինյանը:

ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Արման Դարչինյանի դեբյուտը հաղթական էր. 4-ռաունդանոց մենամարտի 2-րդ ռաունդոում հայ մարզիկը նոկաուտով պարտության մատնեց ամերիկացի Քենդել Թեյլորին:
Անկախի հետ զրույցում Արմանը կիսվում է տպավորություններով, կարևորում անդրանիկ հաղթանակն ու խոսում առաջիկա ծարգրերի, մասնավորապես օլիմպիական ուղեգիր նվաճելու մասին:


-Պրոֆեսիոնալ ռինգ Ձեր նորամուտը նշանավորվեց հաղթանակով. շնորհավորում ենք: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:


-Շնորհակալ եմ: Ֆիզիկական պատրաստությունն անցել եմ Հայաստանում` անձնական մարզիչ Բագրատ Ավոյանի գլխավորությամբ: Վերջնական փուլում `մոտ 15 օր, Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ մարզվել եմ ԱՄՆ-ում` սպարինգ մենամարտեր անցկացնելով: Ուրախ եմ, որ մեր աշխատանքը հաջողությամբ պսակվեց:
Աշխարհի առաջնությունից հետո բավական լավ մարզավիճակում էի: Շնորհակալ եմ Վիկ Դարչինյանին կողքիս լինելու ու քաջալերելու, մարզիչներ Բագրատ Ավոյանին, Ֆրեդի Ռոուչին ինձ հետ աշխատելու համար:

Արման Դարչինյան


- Մենամարտի 2-րդ ռաունդում մրցավարը դադարեցրեց մենամարտը: Դուք շանս չտվեիք մրցակցին:


-4-ռաունդանոց մենամարտ էր: 2-րդում`Քենդել Թեյլորը չդիմացավ հարվածներին և նոկաուտի ենթարկեց: Մրցակիցս էլ, կարելի է ասել, այս ասպարեզում: Նրան մենամարտից 1 օր առաջ` կշեռքի արարողության ժամանակ էի հանդիպել: Նշեմ, որ սպարինգների ժամանակ ավելի երկար՝ 6, 8-ռաունդանոց մենամարտեր էի անցկացրել:


-Պրոֆեսիոնալ և սիրողական ռինգերի տարբերությունների մասին ի՞նչ կասեք:


-Յուրաքանչյուրն առանձնանում է իր դժվար, բայց նաև հետաքրքիր կողմերով: Շոուն ինքն իրենով մեծ տարբերություն է, պրոֆեսիոնալ ռինգում ռաունդներն ավելի շատ են, ձեռնոցների չափսերն են տարբեր: Ինձ շատ լավ էի զգում այդ միջավայրում, թեև բոլորովին նորություն էր: Այս հաղթանակը պատկերացում տվեց պրոֆեսիոնալ ռինգի մասին, մտա, զգացի շունչը, հետագայում ավելի հեշտ կլինի ճանապարհս: Պրոֆեսիոնալ ռինգում փարձելու եմ նվաճել աշխարհի գոտին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:


-ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ներկա էին Ձեր մենամարտին: Նրանց աջակցությունը ոգոևորու՞մ էր:


- Մինչև մենամարտը, մենամարտի ժամանակ մեր հայրենակիցների աջակցությունը զգալի էր: Ուրախ եմ, որ եկել էին մենամարտին անմիջապես դահլիճից հետևելու: Իմ մենամարտից հետո, կարելի է ասել, դահլիճը դատարկվեց, քանի որ մեծամասնությունը եկել էր ինձ աջակցելու ու ոգևորելու:


- Անվանի բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբորորդին եք: Արդեն իսկ հասկանալի է, թե ինչով է պայմանավորված մարզաձևի ընտրությունը:

Արման Դարչինյան

- Մեր ընտանիքում բռնցքամարտը հարուստ անվանդույթներ ունի: Մյուս հորեղբայրս` Ալբերտ Դարչինյանը, նույնպես բռնցքամարտիկ է եղել: Այլ մարզաձևերով չեմ հետաքրքրվել երբևէ: Վիկը, չնայած տարածությանը, մշտապես ինձ հետ է իր խորհուրդներով, թե՛ մարզումների, թե՛ մրցաշարերի ժամանակ:
10 տարեկանից եմ սկսել զբաղվել բռնցքամարտով: Այս ճանապարհն եմ ընտրել, քանի որ ինձ հոգեհարազատ է: Ձգտելու եմ ամեն գնով հաջողություններ գրանցել այս ասպարեզում: Սպորտը պայքար է: Հարկավոր է մեծ կամքի ուժ, աշխատասիրություն, ձգտում, նպատակասլացություն ունենալ, և այդ ամենը համախմբել հաջողության հասնելու համար:


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:


- Հիմա հնարավորություն է տրվում մարզիկներին համատեղելու սիրողական և պրոֆեսիոնալ ռինգերը: Շուտով վերադառնալու եմ Հայաստան: Ուրախ եմ, որ պրոֆեսիոնալ ռինգում իմ դեբյուտը հաջողությամբ պսակվեց, հաղթանակ տոնեցի, բայց առաջիկայում ամբողջ ուժերս կենրոնացնելու եմ օլիմպիական ուղեգիր նվաճելու, Տոկիո-2020-ին մասնակցելու, հաջող ելույթներ ունեալու և մեդալ ձեռք բերելու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: