Հայերեն   English   Русский  

Թուրքիայի պաշտոնական արձագանքը՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը


  
դիտումներ: 407

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:

«Մենք մերժում ենք «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագրված թիվ 296 փաստաթուղթը: Ներքին քաղաքական նկատառումներով ընդունված այդ որոշումը որևէ առնչություն չունի պատմության և իրավունքի հետ»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Շեշտվում է այն հանգամանքը, որ եթե որոշ ուժեր, չկարողանալով Սիրիայում «խաղաղության ակունք» ռազմագործողությունը կանխել, կարծում են, թե այս կերպ կարող են վրեժխնդիր լինել Անկարայից, ապա սխալվում են։

«Այս որոշումը Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար չունի որևէ վավերականություն: Բանաձևի այս նախագիծը չի ենթադրում որևէ իրավական պարտավորություն և այլ բան չէ, քան ԱՄՆ-ի հայկական լոբբիին և Թուրքիայի դեմ գործող շրջանականերին գոհացնելու նպատակով արված քաղաքական քայլ»:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությամ մեջ հիշեցում է արվում, թե ինչպես է Հայաստանը հրաժարվել 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկից։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը կբարդացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները։

«Անկասկած այս որոշումը ստվեր է գցում ԱՄՆ-ի Ներկայացուցիչներկի պալատի վարկանշի վրա և բացասականորեն է անդրադառնալու Թուրքիայի հասարակությունում ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալումներին»,- ասվել է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: