Վերջին կինոմագնատի վախճանը. մահացել է պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը
Էվանսն ի ուղին սկսել է Հոլիվուդում որպես դերասան: 1957 թ. նա խաղացել է Ջոզեֆ Փիվնիի «Հազար դեմքով մարդը» ֆիլմում: Նույն թվականին էկրան բարձրացավ ևս մի ֆիլմ նրա մասնակցությամբ՝ «Եվ ծագում է արևը» Հեմինգուեյի համանուն վեպի հիման վրա: Ռեժիսոր Հենրի Քինգը դժգոհ էր Էվանսի աշխատանքից և ուզում էր ուրիշ դերասանով փոխարինել նրան, սակայն պրոդյուսեր Դերիլ Ֆ. Զանուկը հեռագիր ուղարկեց. «Տղան մնալու է կինոնկարում»: Հետագայում Էվանսը ինքնակենսագրություն հրապարակեց հենց այդ վերտառությամբ:
10 տարի անց Էվանսը դարձավ կինոարտադրության Paramount Pictures ստուդիայի ղեկավարը՝ դարձնելով այն հոլիվուդյան առավել հաջողակ ընկերություններից մեկը: Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» եռագրության և Ռոման Պոլանսկու «Մանուկ Ռոզմարի» ֆիլմի հաջողության մեջ դժվար է գերագնահատել նրա դերը:
1976 թ. The New York Times-ին տված հարցազրույցում Էվանսն ասել է, որ երբ ինքը նոր էր եկել Paramount, իր վրա հաճախ էին ծիծաղում դերասանական կարիերայի համար:
«Բ կարգի (փոքր բյուջետային) ֆիլմերի դերասանն անսպասելիորեն դարձավ ղեկավար: Ինձ ասում էին, որ ես Paramount-ում կմնամ առավելագույնը կես տարի»,- պատմել է Էվանսը:
1974 թ. Էվանսը, որպես պրոդյուսեր, թողարկել է Ռոման Պոլանսկու «Չինական թաղամաս» («Օսկար» է ստացել լավագույն սցենարի համար) ժապավենը: Բացի այդ, պրոդյուսեր է եղել տասնյակ ֆիլմերի, որոնց թվում «Օսկարի», «Ոսկե գլոբուսի», BAFTA-ի, Կաննի կինոփառատոնի դափնեկիրներ և հավակնորդներ են. «Սերպիկո» (1973), «Փրկեք վագրին» (1973), «Մեծ Գետսբի» (1974), «Խոսակցություն» (1974) և այլն:
Աղբյուրը՝ euronews