Հայերեն   English   Русский  

Որևէ գաղտնի փաստաթուղթ ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանելու. Կոտայքի մարզպետ


  
դիտումներ: 68

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով վարչապետի գաղտնի հրահանգին, որով բարձրացվել է մի շարք պաշտոնյաների աշխատավարձերը, ասաց, որ ինքը ի պաշտոնե չունի լիազորություն մեկնաբանելու վարչապետի գաղտնի հրամանները:

«Այդ մասին վարչապետը բավականին ընդգրկուն ելույթ ունեցավ, որին հաջորդեց վարչապետի խոսնակի պարզաբանումը, որտեղ կար անդրադարձ նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերի բարձրացման մասով: Այդ մասով որևէ ավելացնելու բան չունեմ: Քանի որ դա գաղտնի փաստաթղթով է շրջանառվել, որևէ գաղտնի փաստաթուղթ ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանելու»,-ասաց նա:

Մարզպետը հիշեցրեց, որ իրենք հայտարարագրում են իրենց եկամուտները, ինչը բաց ներկայացված է համացանցում:

Լրագրողի դիտարկմանը, թե պետական ապարատի աշխատակիցներից դժգոհություն կա, որ պարգևավճար ստանում են միայն նախարարին, մարզպետին մտերիմ անձինք, Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց. «Իմ մասով դա 100 տոկոսով հերքում եմ: Պարգևավճարներ ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, իսկ այս պահին մենք շուրջ 100 աշխատակից ունենք։ Նախորդ տարվա տարեմուտին մարզային ենթակայության հաստատությունների գրեթե 90 տոկոս աշխատակիցներ պարգեւատրվել են, այդ թվում մարզպետարանի ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցներ, բուժհաստատություններ եւ այլն։ Միայն այն հաստատությունները եւ բուժհաստատությունների մի փոքր հատված չի ստացել պարգեւավճար, որտեղ ֆինանսական բացեր ենք ունեցել և վնասով է տարին փակվել»,- ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ դա նաև սոցիալական վիճակը մեղմելուն ուղղված քաղաքականություն է:

«Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ խոսքը 3200 մարդու մասին է, որոնք ստացել են պարգևավճարներ»,-ընդգծեց մարզպետը:

Հարցին, թե արդյոք աշխատավարձի բարձրացմամբ իր աշխատանքի արդյունավետությունը բարձրացել է, մարզպետը պատասխանեց. «Այս պահին Կոտայքի մարզում կառուցվում եւ հիմնանորոգվում է շուրջ 10 մանկապարտեզ: Երեք խոշոր համայնքներում զրոյից է կառուցվում մանկապարտեզ: Մարզում արդեն կառուցման փուլ է մտել երկու նոր մոդուլային դպրոցի շենքեր, ինչպես նաեւ սեյսմիկ ռիսկի նվազեցման շրջանակներում Աբովյանում եւ Հրազդանում երկու խոշոր դպրոցներ պետք է ամբողջությամբ քանդվեն եւ նորը կառուցվի: Բացի այդ, շուրջ 6 մշակույթի տներ սուբվենցիոն ծրագրերով կառուցվում են: Միայն Եղվարդում ավելի քան 25 հազար քմ տարածք ֆրեզապատվել եւ բարեկարգվել է բակային հատվածներից: Չարենցավանում բակային հատվածների 80-90 տոկոսն ասֆալտապատվում է»:

Հարցին, թե իրեն հիմա գոհացնո՞ւմ է իր աշխատավարձը, ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Անկեղծ ասեմ, մարզպետի կարգավիճակն ինձ համար աշխատանք չէ: Սա պետական ծառայություն է: Ես իմ աշխատանքը համարում եմ պարտք մեր պետականության եւ պետության հանդեպ: Իմ աշխատանքի արդյունավետությունը ես չեմ չճափում աշխատավարձով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: