Հայերեն   English   Русский  

Թուրքիայի գործողությունները հղի են նոր ցեղասպանության սպառնալիքի, էթնիկ զտումների վտանգով․ Արմեն Պետրոսյան


  
դիտումներ: 967

Թուրքիան Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն է սկսել։ Դրան նախորդել էր ամերիկյան զորախմբի դուրսբերումը տարածքից, որը մինչ այս զսպող գործոն էր և խանգարում էր ռազմական գործողության մեկնարկին։

Քրդական տարաբնույթ խմբավորումների դեմ ուղղված ռազմական գործողությունը կրում է «Խաղաղության ակունք» անվանումը։ Չնայած գործողությունն ուղղված է քրդերի դեմ, սակայն վտանգի տակ են նաև տարածքում ապրող հայերը։

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ ընթացող ռազմագործողությունը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար։ «Մասնավորապես, Թուրքիայի թիրախում հայտնված տարածքներում գտնվող ամենախոշոր Հասաքայի և Կամիշլիի շրջաններում տարբեր տվյալներով շարունակում են ապրել շուրջ 3000 սիրիահայեր։ Իրավիճակն ավելի է բարդանում այս տարվա ապրիլից Սիրիայի քրդերի կողմից նախաձեռնված և նաև թուրքական քարոզչամեքենայի կողմից լայնորեն տարածված, այսպես կոչված, «Հայկական գումարտակի» ձևավորման թեմայի համատեքստում․ նշված կազմավորումն իբրև թե գործում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցի շրջանակում, որը ևս հիմնականում Անկարան համարում է ահաբեկչական։ Ստացվում է՝ Թուրքիայի հակաահաբեկչական գործողության թիրախում առնվազն կարող են հայտնվել նաև ազգությամբ հայեր»,- ասում է Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ ներկա փուլում դիվանագիտական հարթությունում Աստանայի ձևաչափում Թուրքիայի գործընկերներ Իրանի և Ռուսաստանի հետ համագործակցությամբ հարկավոր է փորձել շրջանի հայ համայնքի անվտանգության երաշխիքներ ձեռք բերել։

«Իսկ կանխատեսելի ապագայի համար ճիշտ կլինի օրակարգում ունենալ նաև նրանց տարհանման տարաբնույթ սցենարներ»,- ասում է Պետրոսյանը։

Նշենք, որ Թուրքիայի գործողությունները դատապարտել է ՀՀ ԱԳՆ-ն, որի հայտարարությունում նշվում է․«Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:

Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։

Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։

Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին»։

«Խաղաղության ակունքի» անհրաժեշտության ակունքները

Արմեն Պետրոսյան

Սա սիրիական հակամարտության ընթացքում Թուրքիայի կողմից իրականացվող 4-րդ և ամենամասշտաբային ռազմական գործողությունն է։

Սիրիայի տարածքում առաջին ռազմագործողությունը, որ կոչվում էր «Շահ Ֆըրաթ», Թուրքիան իրականացրել է 2015-ին։ Գործողության շրջանակներում Սուլեյման Շահի դամբարանը տեղափոխեցին Էշմեսի գյուղ՝ տարածքը վերցելով իրենց հսկողության տակ։ Երկրորդը եղել է«Եփրատի վահան», իսկ երրորդը «Ձիթենու ճյուղ» գործողությունը:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում, որովհետև Թուրքիան չկարողացավ համաձայնություն ձեռք բերել իր արևմտյան դաշնակիցների, մասնավորապեսԱՄՆ-ի հետ շրջանում համատեղ անվտանգության գոտի հիմնելու վերաբերյալ:

Դեռ այս տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն և Թուրքիան համատեղ գործողությունների կենտրոն էին հիմնել, որի շրջանակներում էլ պետք է ձևավորվեր այն անվտանգության գոտին, որին ձգտում էր Թուրքիան: Բայց և անվտանգության գոտու աշխարհագրության, և այն վերահսկող դերակատարների մասով կողմերի միջև բավական լուրջ տարաձայնություններ կային, որոնք էլ թույլ չտվեցին, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։

«Միացյալ Նահանգները, լինելով քրդերի հովանավորը և դաշնակիցը, փաստացի անընդհատ ձգձգում էր ժամանակը՝ չունենալով խնդրի առարկայական լուծում ստեղծված իրավիճակում: ԻսկԹուրքիայի առաջարկած տարբերակը ընդունելի չէր ոչ քրդերի, ոչ Միացյալ Նահանգների համար: Չգտնելով լուծումը՝ ԱՄՆ-ն փաստացիլվանում է ձեռքերը՝ թողնելով Թուրքիային ռազմական գործողություն իրականացնելու»,- ասում է Պետրոսյանը:

Միևնույն ժամանակ նա նշում է, որ պաշտոնապես որևէ արտաքին դերակատար Թուրքիային թույլ չի տվել նման գործողություն իրականացնել․ ցայժմ հնչած բոլոր հայտարարությունները նման գործողությունից զերծ մնալու կոչեր են եղել։

«Ունենալով Աֆրինի և Սիրիայի հյուսիսային մյուս շրջանների օրինակը՝ կարող ենք նշել, որ Թուրքիայի գործողությունները հղի են նոր ցեղասպանության սպառնալիքի, էթնիկ զտումների վտանգով, որի հետևանքները պարզապես համամարդկային են լինելու»,- ասում է Պետրոսյանը:

Նա նշում է, որ ռազմական գործողությունը կարող է լուրջ արկածախնդրություն լինել Թուրքիայի համար, որովհետև վճռական են տրամադրված նաև քրդերը․ նրանց դիմադրությունն այս անգամ ավելի ուժեղ է լինելու, քան մինչ այս, քանի որ հիմնական քրդական զինված ուժերըտեղակայված են հենց Եփրատից արևելք. այս շրջանում քրդական այն կառույցներն են, որոնք ունեն բավական լուրջ ռազմական փորձ, նրանք են տվյալ շրջանում ապահովել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակը ցամաքում: «Այսինքն նրանց և մարտական պատրաստվածությունը, և զինվածության աստիճանը, և նաև հոգեբանական ու քաղաքական կարգավիճակը շատ ավելի էականորեն տարբերվում է մյուս շրջանների քրդերից, քանի որ այս շրջանում փաստացի արդեն մի քանի տարի է՝ գործում է քրդական ինքնավարություն, և քրդերն իրենք են լուծում իրենց խնդիրները»,- ասում է Պետրոսյանը:

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակում առավել նվազագույն կորուստ արձանագրելու համար քրդերի ամենաճիշտ որոշումը կլինի ընդունել սիրիական կառավարության առաջարկը և շրջանը ամբողջապես հանձնել սիրիական կառավարական ուժերի վերահսկողությանը: Այս դեպքում քրդական կառույցները կապահովեն նաև ՌԴ և ԻԻՀ ուղղակի և անուղղակի հովանավորությունը։ Նաև Թուրիայի գործողություններն արդեն կդիտարկվեն ոչ թե որպես հակաահաբեկչական, այլ հստակ պատերազմական գործողություն Սիրիայի Հանրապետության դեմ, որը նաև միջազգային իրավունքի առումով շատ ավելի բարդացնում է Թուրքիայի վիճակը:

«Բայց, իհարկե, չեմ կարող միանշանակ պնդել, որ քրդերը կգնան նման որոշման»,- ասում է Պետրոսյանը:

Հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն ստեղծված իրավիճակում մենակ թողնում իր դաշնակիցներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Իսլամական պետության դեմ հաղթանակը, Պետրոսյանն ասում է, որ որպես դաշնակիցներ գուցե քրդերն այլևս պետք չեն Թրամփի վարչակարգին։

«Քրդերի հետ համագործակցության սկիզբը դրվել է Բարաք Օբամայի կառավարման շրջանում։ Առնվազն վերջին երկու տարիների ընթացքում տեսնում ենք, որ քրդերի հետ լուրջ համագործակցություն չկա։ Դա նաև պայմանավորված է նրանով, որ հակաահաբեկչական պայքարն է որոշակի հանգուցակետի հասել։ Բայց հեռանկարային առումով էլ կարծես չկա նման խաղադրույք»,- ասում է Պետրոսյանը և հիշեցնում, որ դեռ անցած տարեվերջին Թրամփը հայտարարեց ԱՄՆ զորախումբը Սիրիայից դուրս բերելու մտադրության մասին։

«Սա նշանակում է, որ Սիրիան այլևս հետաքրքիր չէ ԱՄՆ-ի համար։ Ներկայում ԱՄՆ-ին հետաքրքիր են այն տարածաշրջանները, որտեղից հնարավոր է որոշակի շահույթ ունենալ»,- ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ Սիրիայի նավթային կարողությունները նվազ են, հետևաբար հետաքրքիր չեն արտաքին դերակատարների համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Թուրքիան որոշակի սահմաններ անցնի, ապա ինքը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը տնտեսական պատժամիջոցներով։ Հարցին, թե ինչ սահմանների մասին է խոսքը, Պետրոսյանն ասում է, թե ըստ ամենայնի խոսքը համատեղ գործողությունների կենտրոնում քննարկված պայմանավորվածությունների մասին է․«Դրանց մասին ներկայում դժվար է հստակ տեղեկատվություն ներկայացնել, բայց պարզ է, որ հարցը կարող է վերաբերել Թուրքիայի ներխուժման աշխարհագրական սահմանին, ձևավորվելիք անվտանգության գոտու սահմաններին, քրդերի դեմ որոշակի գործողություններին»։

Պետրոսյանի խոսքով՝ մյուս դերակատարները ևս՝ և ԵՄ երկրները, և Իրանը, և ՌԴ-ն, և Սիրիայի կառավարությունը առնվազն հռետորաբանության մակադակում քննադատելու են Թուրքիայի գործողությունները։ «Ի տարբերություն մյուս դերակատարների, Ռուսաստանը և Իրանը ունեն մեծ հնարավորություններ Թուրքիայի գործողությունների ընթացքում նրա հետ պայմանավորվելու, նրա հետ իրենց համար առանցքային կարևորության հարցերը քննարկելու կամ առաջացող խնդիրները հանգուցալուծելու առումով»,- ասում է նա։

Ի՞նչ է ուզում Թուրքիան

Թուրքիայի հիմնական նպատակն այսպես կոչված անվտանգության գոտի ստեղծելն է։ Այն է՝ Թուրքիայի և քրդերի միջև արհեստականորեն նոր էթնիկ խումբ տեղակայել։ Պետրոսյանի խոսքով՝ դրանք հիմնականում կարող են լինել Սիրիայի տարբեր շրջանների արաբ և թուրք ազգաբնակչություն։ Եվ Թուրքիան արդեն հայտարարել է, որ ստեղծվելիք անվտանգության գոտում բնակեցնելու է իր երկրի տարածքում ապաստանած սիրիացի փախստականների մի մասին։

Պետրոսյանի խոսքով՝ անգամ եթե սիրիական հակամարտության կարգավորման որևէ փուլում Թուրքիան իր զորքերը դուրս բերի այդ տարածքներից, միևնույն է, դրանք մնալու են որպես անուղղակի ազդեցության գոտի։

Ահաբեկիչներն «ահաբեկիչների» դե՞մ

Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ այն տարածքներում, որտեղից իրենց զորախմբերը դուրս են բերում, ահաբեկիչների համար պատասխանատվությունն այսուհետ թուրքական կողմինն է։ Մինչդեռ հայտնի է, որ Թուրքիան ահաբեկչությունը հովանավորող պետություն է։

Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ չի բացառվում, որ Թուրքիան ահաբեկիչներին օգտագործի քրդերի դեմ պայքարում։ «Ինչպես ԱՄՆ-ն քրդերին օգտագործեց ԻՊ-ի դեմ պայքարում, այնպես էլ չի բացառվում, որ նույն այդ զինյալներին արդեն Թուրքիան կարող է օգտագործել քրդական այն կառույցների դեմ, որոնց ինքն է համարում ահաբեկչական»,- ասում է նա։ Պետրոսյանը շեշտում, է, որ նման փորձ արդեն եղել է սիրիական հակամարտության ընթացքում դեռևս 2014-2015թթ․, երբ քրդաբնակ տարածքներում մարտեր մղող Իսլամական պետության զինյալներն աջակցություն էին ստանում բացառապես Թուրքիայի տարածքից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: