Հայերեն   English   Русский  

​Թուրքական զորքերը սկսել են հատել Սիրիայի սահմանը


  
դիտումներ: 90

Թուրքիայի բանակի ռազմական ստորաբաժանումներն այսօր սկսել են հատել Սիրիայի հետ սահմանը այն տարածաշրջանում, որտեղ Անկարան մտադիր է անցկացնել անվտանգության գոտի ստեղծելու գործողությունը:

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

«Թուրքական զորքերը սկսել են հատել սահմանը Սիրիայի հյուսիս-արևելքում, որպեսզի ստիպեն ԱՄՆ-ի կողմից աջակցվող քուրդ մարտիկներին հեռանալ սահմանից»,- մեջբերել է Bloomberg-ը թուրք պաշտոնյայի խոսքը:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ «ներկայումս շարունակվում են զորքերը սահման տեղափոխելու գործընթացը և գործողության նախապատրաստումը»:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 1-ին հաղորդել էր, որ Անկարան մտադիր է ինքնուրույն անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում՝ Եփրատ գետից արևելք, քանի որ չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել ամերիկյան կողմի հետ բանակցություններում: Հոկտեմբերի 6-ին Էրդողանը հեռախոսային բանակցություններ վարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որոնց արդյունքում Սպիտակ տունը հաղորդեց, որ Վաշինգտոնը չի աջակցի և որևէ կերպ չի մասնակցի Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում, իսկ ամերիկյան զինվորականները հեռու կլինեն այդ գործողությունների վայրից:

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները սկսել է հեռացնել զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքից, որտեղ Անկարան ցանկանում է անվտանգության գոտու ստեղծման գործողություններ իրականացնել: Թրամփն էլ իր հերթին նշեց, որ եթե Թուրքիան «մարդասիրության սահմաններից դուրս որևէ բան անի, ապա տնտեսության քայքայման սպառնալիքներ կստանա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: