Հայերեն   English   Русский  

​Վստահության լրջագույն խնդիր կա. քաղաքագետը` հայ-ռուսական հարաբերությունների մասին


  
դիտումներ: 1087

«Հայաստանում մարդիկ ավելի շատ նկատում են ոչ թե բովանդակությունը, այլ ձևը: Այդ պատճառով էլ PR-ում ձևն է շեշտադրվում»,- ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան և այցի շուրջ եղած մեկնաբանությունները:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեղին էր օդանավակայանում չդիմավորելը, կամ արդյոք Վլադիմիր Պուտինին օդանավակայանում չդիմավորելն իսկապես սուվերենության նշան է, ինչպես շատերն են ներկայացնում, Բոզոյանը նշում է, որ դա ընդամենը արարողակարգային հարց է: «Կարևորը հարաբերությունների բովանդակությունն է: Եթե հարաբերությունները լավ են, երկրորդական խնդիր է, թե որտեղ կդիմավորի` օդանավակայանում, թե իր ընդունելությունների տան մոտ»,- ասում է քաղաքագետը: Նա նաև շեշտում է` Փաշինյանը Պուտինին թեև չի դիմավորել օդանավակայանում, սակայն ճանապարհելուց 1.5 ժամ այնտեղ է մնացել:

«Այդ ամենն այնքան խառն է, այնքա~ն պոպուլիստական տարրեր են խառնված»,- ասում է նա` հավելելով, որ կարևոր չէ նաև. թե ՌԴ նախագահը երբ եկավ կամ երբ գնաց:

«Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,- հայտարարել էր Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո: «Փայլուն զրույցի» որևէ շոշափելի կամ նկատելի արդյունք, սակայն, հանրությանը չի ներկայացվել:

Մինչդեռ, քաղաքագետի կարծիքով, «փայլուն» ձևակերպումը վերացական է, իսկ երկու երկրների հարաբերություններում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Այն, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո ներկայիս խնդրահարույց որևէ թեմայի անդրադարձ չի կատարվել, որևէ մեկի լուծման հնարավորությունների մասին չի խոսվել, նշանակում է, որ դրանց վերաբերյալ բանակցություններն արդյունք չեն ունեցել:

Հարցին, թե որոնք են հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության պատճառները, Բոզոյանն ասում է, որ խնդիրը մեկը չէ, դրանք բազմաթիվ են ու բազմաբնույթ. տնտեսական, քաղաքական, ռազմատեխնիկական և անգամ անձնական մակարդակի:

« Չեմ կարող ասել, թե ներկայիս խնդիրներն ինչից են սկսկվել, բայց հատկապես ապրիլյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ շատ ավելի զգուշավոր է: Իրենք ուզում են հասկանալ, թե ներկայիս իշխանություններն ինչ են իրենցից ներկայացնում և ինչ ծրագրեր ունեն Մոսկվայի հանդեպ»,- ասում է նա:

Հարցին, թե միթե հեղափոխությանը հաջորդած մեկուկես տարին բավարար չի եղել հարցերի պատասխանը ստանալու համար, Բոզոյանը պատասխանում է` երևի չի եղել:

Քաղաքագետը նշում է, որ երկու երկրների միջև անորոշությունները շատ են` պայմանավորված «գազի գնով, քաղաքական խնդիրներով, 2-րդ նախագահի հետապնդմամբ»:

Հայտնի է, որ որևէ խնդիր լուծելու համար նախ պետք է քննարկել այն: Բոզոյանի կարծիքով` առկա խնդիրների վերաբերյալ որոշակի քննարկումներ կան, սակայն դրանք որևէ արդյունք չեն ապահովել:

«Խնդիրները առանձին որևէ հարցից չեն կախված, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն: Ես կարծում եմ, որ վստահության լրջագույն խնդիր կա, երկրորդ նախագահի հետ կապված, գազի գնի, զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ կան»,- ասում է Բոզոյանը և հավելում, որ երբ չկա վստահություն, մարդկանց, օրինակ, թվում է, որ վրացի լրագրողի հարցը կանխամտածված էր:

«Այն, որ հիմա վստահության խնդիր կա երկու երկրների միջև, ակնհայտ է,-ասում է Բոզոյանը:- Նախկին իշխանությունների օրոք էլ ամեն ինչ հարթ չէր, բայց այս աստիճանի անվստահության խնդիր չկար: Գուցե խնդիրներ կային արտաքին քաղաքականության, եվրաասոցիացման մասով, բայց անձնական հարաբերությունների մակարդակով խնդիր չկար»,- ասում է նա:

Երվանդ Բոզոյանի կարծիքով` երկու երկրների հարաբերությունները սառը վիճակից դուրս բերելու համար կարևոր է, որ քայլեր ձեռնարկվեն թվարկված բոլոր խնդրահարույց ուղղություններով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: