Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 940

Վերընտրությո՞ւն, թե՞ իմփիչմենթ

Անցնող շաբաթ աշխարհի հանրության հայացքը դարձյալ ուղղված էր Միացյալ Նահանգներին ու Մեծ Բրիտանիային:

Գլխավոր «հերոսները» դարձյալ Դոնալդ Թրամփը և Բորիս Ջոնսոնն էին, և պատճառը դարձյալ նրանց անվան հետ կապված սկանդալն էր:

Իսկ աղմուկն առաջացել էր, երբ անանուն իրազեկիչը ԱՄՆ-ում բողոք էր ներկայացրել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի մասին։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները դրան արձագանքեցին Թրամփի իմփիչմենթի ընթացակարգ սկսելու հայտարարությամբ՝ պատճառաբանելով դա հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ իր ընդդիմախոսին՝ Ջո Բայդենին վարկաբեկելու նպատակով մեկ այլ երկրի ղեկավարին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղղորդելու փորձի փաստով։

Ի պատասխան Թրամփը հաստատեց, որ զրույցի ժամանակ խոսել է Բայդենի մասին, սակայն ճնշում չի գործադրել Ուկրաինայի նախագահի վրա նախկին փոխնախագահի և նրա որդու դեմ հակակոռուպցիոն հետաքննություն անցկացնելու նպատակով։ Երեքշաբթի նա խոստացավ հրապարակել Զելենսկու հետ խոսակցության սղագրությունը։

Հաջորդ օրն ԱՄՆ-ի Սպիտակ տունը հրապարակեց նախագահ Թրամփի և Զելենսկու հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի սղագրությունը, ըստ որի՝ Թրամփը խնդրել է Զելենսկուն հետաքննություն սկսել պարզելու համար, թե արդյոք նախկին փոխնախագահ Ջո Բայդենը կասեցրել է քրեական հետապնդումը ուկրաինական այն ընկերության նկատմամբ, որի հետ աշխատել է իր որդին։ Դեմոկրատները Թրամփին մեղադրում են ոչ միայն Բայդենի ընտրվելու հնարավորությունն այս եղանակով վնասելու փորձի համար, այլև հայտարարում են, որ նա սառեցրել է Ուկրաինային խոստացված ռազմական օժանդակությունը, քանի դեռ չի ստացել դեմոկրատ թեկնածուին վարկաբեկող տեղեկություններ։ Թրամփը հերքեց մեղադրանքները թվիթերում, թե «անտեսելով ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում այս օրերին ընթացող կարևոր իրադարձությունները՝ դեմոկրատները նորից վհուկների որս են սկսել»։

Հինգշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեում ցույցմունքներ տվեց ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ջոզեֆ Մագուայրը:

Ի դեպ, ԱՄՆ պատմության մեջ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին հայտարարվել է երեք անգամ։ 1868-ին Կոնգրեսը փորձել է իշխանությունից հեռացնել նախագահ Էնդրյու Ջոնսոնին, իսկ 1998-ին իմփիչմենթ է հայտարարվել Բիլ Քլինթոնին։ Այնուամենայնիվ Սենատն արգելափակել է այս երկու նախաձեռնությունները, և քաղաքական գործիչները պահպանել են նախագահի աթոռը։ Իսկ 1974 թ. Ռիչարդ Նիքսոնն ինքնակամ հեռացավ պաշտոնից՝ չսպասելով Կոնգրեսի որոշմանը։

Արդեն չորեքշաբթի Թրամփի իմփիչմենթի կողմ քվեարկելու պատրաստ կոմգրեսականների թիվը հասել էր ցանկալի թվի՝ 2018-ի, ինչը բավական է, որպեսզի նախագահին հեռացնելու հարցը քննարկվի Սենատում: Սակայն Սենատում նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է 67 ձայն, մինչդեռ այստեղ դեմոկրատների և նրանց դաշնակիցների թիվը 47 է, իսկ հանրապետականների մեջ այդ նախաձեռնության կողմնակիցներ առայժմ չկան: Այնպես որ քիչ հավանական է, որ ԱՄՆ պատմության մեջ աննախադեպ իրողություն արձանագրվի:

Այսուհանդերձ աննախանձելի իրավիճակում է հայտնվել Ուկրաինան: Նախագահ Զելենսկին չի կարող իրեն թույլ տալ փչացնել հարաբերությունները Թրամփի հետ, որն իր հերթին, ըստ ամենայնի, կուզենար զսպել Ռուսաստանի նախագահին:

Ուկրաինայի նախկին դատախազ Յուրի Լուցենկոն հայտնել է ԲիԲիՍի-ին, որ Կիևը պատճառներ չունի հետաքննելու Թրամփի քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի գործերը: Los Angeles Times-ի տեղեկացմամբ էլ նա ասել է, որ ստիպված է եղել դիմադրել Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին, որը բազմիցս պահանջել է հետաքննություն սկսել Ջո Բայդենի և նրա որդու նկատմամբ: Իսկ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներն այդ ընթացքում ջանում էին ձեռք բերել Թրամփի զորւյցների սղագրությունները Պուտինի և աշխարհի ուրիշ առաջնորդների հետ: Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի ղեկավար Ադամ Շիֆը նույնիսկ ենթադրություն է հայտնել, որ Թրամփն այդ զրույցներում կարող էր վտանգի տակ դնել երկրի ազգային անվտանգությունը:

Հրաժարական, թե՞ անվստահություն

Թե ինչ են ուզում անգլիացիները, եվրոպացիները մի տարուց ավելի է, ինչ գլուխ չեն հանում: Բայց բանը հասել նրան, որ բրիտանացիներն էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում իրենք: Բրեքսիտի պատճառով նրանք հեռացրին նախկին վարչապետին, սակայն նոր վարչապետի օրոք նոր խառնաշփոթի մեջ ընկան, ինչպես ասում են՝ մրից պրծան, մրջուրն ընկան:

Բանը հասավ նրան, որ երկրի վարչապետը ստիպված եղավ ընդհատել իր մասնակցությունը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նստաշրջանին և շտապ Լոնդոն վերադառնալ։ Պատճառը երկրի գերագույն դատարանի որոշումն էր, որով խորհրդարանի գործունեությունը 5 շաբաթով դադարեցնելու նախաձեռնությունն անօրինական է համարվել։ Հիշեցնենք, որ Ջոնսոնն առաջարկել էր թագուհուն սովորաբար մեկ շաբաթ տևող դադարն այս անգամ երկարաձգել՝ դարձնելով հինգ շաբաթ։ Պատճառաբանությունը հետևյալն էր՝ նոր կառավարությանը ժամանակ է հարկավոր աշխատելու և խորհրդարանին բրեքսիտի նոր ծրագիր ներկայացնելու համար։ Մինչդեռ ընդդիմադիր խմբակցությունները կարծում էին, որ այսպիսով Ջոնսոնը ցանկանում է խորհրդարանին դուրս թողնել բրեքսիտի վերաբերյալ որոշումների կայացումից։ Դատարանը ուղղակի հայտարարեց, որ Ջոնսոնը, ըստ երևույթին, ապակողմնորոշել է թագուհուն։

Ինքը՝ Ջոնսոնը, դատարանի որոշումը քաղաքական որակեց, ավելին, չբացառեց, որ առաջիկայում խորհրդարանի աշխատանքը նորից ընդհատվի՝ պայմանավորված հոկտեմբերի 14-ին խորհրդարանում թագուհու ելույթի նախապատրաստական աշխատանքներով։

Այսպես թե այնպես, սեպտեմբերի 25-ին Համայնքների պալատը վերսկսեց իր աշխատանքները, և ընդդիմության առաջնորդ, լեյբորիստ Ջերեմի Կորբինը Ջոնսոնին վարչապետի հրաժարական տալու կոչ արեց։ Ջոնսոնն էլ իր հերթին կոչ արեց իրեն անվստահություն հայտնել: Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու պարագայում նոր արտահերթ ընտրություններ տեղի կունենան։ Ջերեմի Կորբինը, սակայն, հայտարարեց, որ անվստահության հարցն առաջ կքաշեն միայն այն դեպքում, եթե Ջոնսոնը դիմի ԵՄ-ին՝ երկարաձգելու բրեքսիտի ժամկետը։ Բանն այն է, որ վստահության հարց նախաձեռնելու և տապալվելու դեպքում ընդդիմությունը կզրկվի խոսքի իրավունքից բրեքսիտի հարցում, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 31-ին։ Եթե Ջոնսոնը չկարողանա կատարել որպես վարչապետ իր միակ ու գլխավոր խոստումը, այն է՝ մինչև հոկտեմբերի 31-ը երկիրը դուրս բերել ԵՄ-ից, և ստիպված լինի ԵՄ-ից բրեքսիտի ժամկետի երկարաձգում խնդրել, ապա նրա վարկանիշն անկում կապրի։ Նման իրավիճակում ընտրություններում լեյբորիստների և պահպանողականների հաղթանակի շանսերը կհավասարվեն։

Ջերեմի Կորբինը հայտարարել է, որ իրենց կուսակցության իշխանության գալու պարագայում իրենք 6 ամսում կլուծեն բրեքսիտի հարցը։ Երեք ամսում ԵՄ-ից դուրս գալու նոր համաձայնագիր կմշակեն, որից հետո էլ հանրաքվե կիրականացնեն՝ հանրությանը թույլ տալով ընտրել՝ դուրս գալ ԵՄ-ից, թե մնալ ԵՄ կազմում։

«Յուրաքանչյուր վարչապետ, որը խախտել է օրենսդրությունը, չպետք է մնա իր պաշտոնում,- գրեց Guardian-ը:- Եթե վարչապետը ունենար «պատիվ» բառի հասկացողությունը, ապա հրաժարական կտար: Սակայն Ջոնսոնը պատիվ չունի, ինչպես նաև ամոթի զգացում: Որքան շուտ Մեծ Բրիտանիան ազատվի նրանից, այնքան լավ»:

Իսկ Economist հանդեսը գրեց, որ ամերիկացի նախագահը և բրիտանացի վարչապետը հակառակ են գործում իրենց երկրների ժողովրդավարական ինստիտուտներին:

Անցած շաբաթ աշխարհի թեժ կետերից էր նաև Եգիպտոսը: Այստեղ ավելի քան մեկ շաբաթ ձգվում էին բողոքի ցույցերը, ձերբակալվել է առնվազն 1000 մարդ:

Ցույցերը սկսվել էին եգիպտացի գործարար, դերասան և երկրից փախած Մոհամմեդ Ալիի տեսաուղերձից հետո, որով նա կոչ էր անում փողոց դուրս գալ Աբդուլ Ֆաթթահ Սիսիի կառավարության դեմ: Նա մեղադրում է նախագահին շքեղության մեջ ապրելու մեջ այն դեպքում, երբ եգիպտացիների մեծամասնությունը աղքատության ճիրաններում է:

Անցած շաբաթ բավական լայն արձագանք գտավ ՄԱԿ-ում՝ կլիմայի գագաթնաժողովում, որում ներկա էին նաև բազամաթիվ երկրների՝ Ընդհանուր Վեհաժողովին մասնակցելու եկած ղեկավարներ, շվեդացի 16-ամյա էկոակտիվիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրված Գրետա Տունբերգի ցասումնալից ելույթը: Նա մեղադրեց քաղաքական գործիչներին անգործության մեջ: «Դուք ձեր սին հայտարարություններով գողացել եք իմ երազանքները, իմ մանկությունը»,- հայտարարեց նա:

Անցած շաբաթ 86 տարեկանում վախճանվեց Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։ Նա ծնվել է 1933-ին Փարիզում, 1977-1995 թթ. եղել է Փարիզի քաղաքապետը։ 2007 թվականին Ժակ Շիրակը վայր դրեց նախագահի լիազորությունները և ցմահ դարձավ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ։ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիան ճանաչել է հենց Ժակ Շիրակի նախագահության օրոք։ Իսկ 2006-ին նա պետական այցով եղել է Հայաստանում։ Այդ ժամանակ Երևանում հանդիսավոր արարողությամբ բացվել է Ֆրանսիայի հրապարակը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: