Հայերեն   English   Русский  

Կանաչն ու կապույտը` նորաձևության գագաթնակետ Ինչ են թելադրում համաշխարհային միտումները


  
դիտումներ: 7109

Ամեն տարի փոխվում են նորաձևության միտումները, և համաշխարհային դիզայներները փորձում են: Ասում են` հմայիչ է այն կինը, որը գեղեցիկ, խնամված արտաքին ունի: Կանայք ձգտում են նաև իրենց անհատականությունն ընդգծել հագուստի և զանազան աքսեսուարների միջոցով:

Մեր երկրի դիզայներներն ու ոճաբանները սովորաբար նոր միտումներին հետևում եմ համաշխարհային հարթակներից, քանի որ Հայաստանը աշխարհին նորաձևություն թելադրող երկրներից չէ: Ֆրանսիացի և իտալացի դիզայներներն արդեն հասցրել են հետևություններ անել, թե Կապույտ փայտե ձիու տարում, որ գույներն են նորաձև, այդ թվում նաև հագուստի տարրերն ու սանրվածքները:

նորաձևությունՔանի որ ձիու տարի է, նախ և առաջ կանանց խորհուրդ է տրվում ոճային փոփոխություններ մտցնել, ամենևին չկաշկանդվել և մի փոքր կերպարանափոխվել: Նույնաձև երևալը միշտ չէ, որ գեղեցիկ ու հետաքրքիր է: Ինչպես նշում է "ՙԱտեքս" նորաձևոթյան կենտրոնի դերձակ-մոդելյոր Ժենյա Նազարյանը, այս տարի կնոջ պահարանում պետք է գերիշխեն կաշվե աքսեսուարները` գոտի, տարբեր վզնոցներ, մազակալներ, փայտե բիժուտերիա, կովբոյի գլխարկ, և ամազոնուհու կերպարի մի քանի տարրեր: Դրանք կարելի է ժամանակ առ ժամանակ համադրել տարբեր հագուստների հետ:
Հիմնական գույներն են կապույտի և կանաչի բոլոր երանգները: Կապույտը խորհրդանշում է կազմակերպվածություն, ֆանատիզմ, համարձակություն, իդեալիզմ, հոգևոր ուժ, խաղաղություն, երևակայություն, իմաստություն և լռություն: Երեկոյան զգեստները, բացի կապույտի և կանաչի երանգներից, կարող են լինել նաև մանուշակագույն: Բավական նորաձև են նաև պաստելային, ծովային ալիքների երանգներն ու մոխրագույնը: Այս տարի առաջնային են բնական կտորները:

Ամանորի երեկոյան աշխատեք ցնցող տեսք ունենալ և մի վախեցեք մի փոքր արտառոց երևալուց: Բացի հագուստի համապատասխան գունային երանգներից, կարևոր է դրանց մի փոքր երևակայություն հաղորդելը: Էլեգանտ ու ինքնատիպ երևալու համար նվազագույնի հասցրեք արհեստական տարրերի համադրումը:

Նորաձևության փորձագետ Արմեն Գալյանն Ամանորի երեկոյան խորհուրդ է տալիս կանանց հագնել կարմիր զգեստ. ըստ նրա` այդ գույնը միշտ տրենդային է, արդիական և տոնական: Որպես այլընտրանքային տարբերակ` փորձագետն առաջարկում է հագնել փայլուն զգեստներ և առաջնահերթությունը տալ արծաթագույնին, ոսկեգույնին և պողպատագույնին, որոնք համապատասխանում են նորաձևության վերջին միտումներին: Դրանք կարող են տարբեր ոճերի լինել, ինչպես երեկոյան, այնպես էլ կոկտեյլային: Իսկ թավշա զգեստները, ըստ նրա, էլ ավելի շքեղ են և ազնվական: Այս սեզոնի հավաքածուներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մուգ կանաչ, կապույտ, մանուշակագույն և գինեգույն թավշյա զգեստները, որոնք էլ ավելի են ընդգծում զարդերի շքեղությունը:

Դիմահարդարումը չպետք է շատ արտահայտված լինի և բնական երանգներից շատ չտարբերվի: Նորաձև են մի կողմի վրա սանրված կամ ընդհանուր օղակի մեջ հավաքված վարսերը` առանց այլևայլ աքսեսուրաների: Ինչ վերաբերում է համաշխարհային միտումներին, ապա եթե Ամանորի գիշերը որոշել եք այլ վայրում անցկացնել, ցանկալի է, որ երեկոյան զգեստ ընտրեք սև կամ դեղին, ոսկեգույն երանգներով: Վարսերը պետք է բաց թողնել, էլեգանտ երևալու համար` չպետք է հավաքել, իսկ եթե երկար մազեր չունեք, ապա գոնե այդ օրը կեղծամ կրեք, երկար մազերը ձեզ հաջողություն կբերեն: Կոշիկ ընտրելիս համադրեք այն երեկոյան զգեստի երանգների հետ և աշխատեք, որ այն բարձրակրունկ լինի: Իսկ եթե որոշել եք Ամանորն անցկացնել բնության գրկում կամ քաղաքից դուրս` այլ միջավայրում, ապա տոնական հագուստն ու բարձրակրունկ կոշիկներն արդեն դուրս են մղվում: Ընտրեք մարմինն ընգծող որևէ երկար հագուստ` կովբոյի երկարաճիտ կոշիկներով: Օգտագործեք կաշվե իրեր և հավատացեք, որ ձեր կերպարը Ձիու կողմից անտեսված չի մնա: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք տանը դիմավորել, ապա գեղեցիկ կլինի թեթև, թափանցիկ և ռոմանտիկ հագուստը, հատկապես` կարված բնական կտորներիցª մետաքսից, թավշից և բրդից:

Քանի որ Ձին ազնվազարմ է, ձեր հարդարանքի մասին պետք վաղ մտածել և մանրակրկիտ ու ճիշտ ընտրել հագուստը, դիմահարդարումն ու արդուզարդը: Կարելի է ողջ տարվա ընթացքում ըտրել նաև հագուստներ բնական մարմնագույնի երանգներով: Կիպ հագուստը լիովին ընդգծում է կնոջ կազմվածքը և շքեղություն հաղորդում: Ցանկալի է կիսաշրջազգեստ հագնել` առավել արտահայտիչ դարձնելու համար ձեր ոտքերը: Ներքնազգեստ ընտրելուց ևս նախընտրությունը տվեք ատլասին և թավիշին: Եթե ռեստորան այցելելիս չցանկանաք կապույտ կամ կանաչ երանգներով երեկոյան զգեստ հագնել առավել արտահայտիչ չերևալու համար, ապա խորհուրդ է տրվում դասական սև կիսաշրջազգեստ հագնել` թավշե շարֆի հետ, ինչը նույնպես շատ նորաձև է:
Էքստրավագանտ ոճը նախընտրող կանանց խորհուրդ է տրվում ամանորյա գիշերը դիմավորել բնական կաշվե հագուստով: Ներդաշնակ կլինեն լայն գոտիներով տաբատները կամ կիսաշրջազգեստերը:
Իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվում պահպանել տարվա տրենդային գույները և հագնել մուգ կապտավուն երանգների դասական կոստյումներ, փողկապ ընտրելիս էլ նախապատվությունը տալ կապույտ, կանաչ երանգներին:

մատնահարդարում, եղունգներՄատնահարդարում

Ինչ վերաբերում է խնամքին և նորաձև երևալու միտումներին, ապա պետք է ուշադրություն դարձնեք նաև եղունգներին: Նորաձև են բնականին մոտ եղունգները:
Այս տարի արդիական են օվալ և նշաձև ձևավորված եղունգները` կարճ և միջին երկարությամբ: Իսկ սուր և քառակուսի ձևավորված եղունգների մասին կարող եք այլևս չմտածել, եթե ցանկանում եք լինել նորաձև: Գերիշխող գույները կլինեն ալ կարմիրը` իր բոլոր երանգներով, իսկ մուգ գինու երանգները կլինեն նորաձևության գագաթնակետը: Ձմեռային սեզոնին և գալիք աշնանը նորաձև կլինեն սմբուկի, սալորի, շագանակագույնի և սևի երանգները:

Ամանորյա հանդերձանքը լավագույնս կլրացնեն կաշվե և թավշե աքսեսուրաները, կանացի փոքրիկ պայուսակները և լայն ու մետաղե ապարանջանները: Դրանք կարելի է կրել բավական վառ գույներով արտահայտված հագուստի պարագայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: