Կոչ ենք անում Գևորգ Հովհաննիսյանին՝ կանխամտածված չտարածել ապատեղեկատվություն. Կոտայքի մարզպետարանի հերքումը
«Այսօր Նոյան Տապանի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Զորացրված սպաների միության» անդամ, «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը խոսելով սեպտեմբերի 18-ի գիշերը Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից, անդրադարձել է նաև իր և Կոտայքի մարզպետի եղբոր միջև տեղի ունեցած միջադեպին (դեպքի առթիվ քրգործ է հարուցվել) նշելով. «Պատահաբար հանդիպում է տեղի ունենում, որից հետո մարզպետի կողմից կիրառվում է բռնություն իմ նկատմամբ, որի հետևանքով ես ստանում եմ մարմնական վնասվածքներ»։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Գ. Հովհաննիսյանի և Կոտայքի մարզպետի միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, իսկ Գ. Հովհաննիսյանի մեջբերած դեպքը, վստահաբար վերաբերում է իր և մարզպետի եղբոր միջև ս/թ. մայիս ամսին տեղի ունեցած միջադեպին, որի առիթով քրգործ է հարուցված, ընդ որում՝ Գ. Հովհաննիսյանը նույնպես, ինչպես և մարզպետի եղբայրը, ներգրավված է այդ գործում՝ որպես կասկածյալ:
Կոչ ենք անում քաղաքացի Գ.Հովհաննիսյանին՝ կանխամտածված չտարածել ապատեղեկատվություն և զերծ մնալ՝ հանրությանը մոլորության մեջ գցելուց»: