Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 1010

Շաբաթն սկսվեց և ավարտվեց փոթորիկներով:

Երկուշաբթի մոտեցող «Դորիան» փոթորիկի պատճառով ԱՄՆ երեք նահանգներում՝ Հարավային Կարոլինայում, Ջորջիայում և Ֆլորիդայում տարհանում սկսեցին: Փոթորիկը, որ հասել էր վտանգավորության ամենաբարձր՝ հինգերորդ կարգին, արդեն պատուհասել էր Բահամյան կղզիները: Կիրակի օրն էլ Ճապոնիային մոտեցավ «Ֆաքսայ» փոթորիկը, ավելի քան 100 ավիաչվերթ չեղարկվեց, մոտ 930 բնակավայր ժամանակավորապես մնաց առանց էլեկտրականության: Եղան զոհեր, տուժածներ, անօթևաններ:

Սակայն շաբաթը փոթորկահույզ էր նաև քաղաքական իմաստով, որի էպիկենտրոնը դարձյալ Մեծ Բրիտանիան էր բրեքսիտի պատճառով առաջացած և ավելի ու ավելի խորացող ու կարծես անլուծելի դարձած ճգնաժամով: Արևմտյան լրատվամիջոցներն արդեն անկաշկանդ գրում են, որ Մեծ Բրիտանիան հայտնվել է աշխարհաքաղաքական անդունդի եզրին:

Բրեքսիտի շուրջ ծավալված իրադարձությունները ևս մեկ անգամ հստակ ցույց տվեցին՝ միշտ չէ, որ անձնավորությանը փոխելով՝ հնարավոր է վերացնել ճգնաժամը, գոյություն ունի նաև երկրորդ տարբերակը՝ ճգնաժամի էլ ավելի խորացում: Համենայն դեպս Թերեզա Մեյին հեռացնելով և Բորիս Ջոնսոնին բերելով՝ բրիտանացիներն էլ ավելի խճճվեցին՝ փակուղու առջև կանգնեցնելով իրենց ընտրյալին: Փաստ է, որ վերջին օրերին Բորիս Ջոնսոնը երկու երկու պարտություն կրեց խորհրդարանից, նույնիսկ՝ հարազատ եղբորից, և նրա ինքնավստահությունը փոխվեց ջղաձգության:

Բրիտանական խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում հաջողությամբ ընդունվեց այն օրինագիծը, որը Ջոնսոնին պարտավորեցնում է խնդրել Բրյուսելին երկարաձգել ԵՄ-ից դուրս գալու ժամկետը, եթե չհաջողվի պայմանավորվել Եվրամիության հետ համաձայնություն կնքելու վերաբերյալ: Դրանից հետո խորհրդարանականները նաև մերժեցին համընդհանուր ընտրություններ անցկացնելու կոչը: Ի պատասխան վարչապետի քննադատության՝ լեյբորիստների ղեկավար Ջերեմի Կորբինը նրա ընտրություններ անցկացնելու հրավերը համեմատեց այն թունավորված խնձորի հետ, որը Սպիտակաձյունիկին է առաջարկում Չար կախարդը, որում թույնը բրեքսիտն է առանց գործարքի:

Ըստ ընդունված օրինագծի՝ վարչապետը պետք է հոկտեմբերի 19-ին կա՛մ համաձայնեցնի խորհրդարանում պայմանագրի պայմանները, կա՛մ համոզի պատգամավորներին ընդունել ԵՄ-ից դուրս գալն առանց դրա: Այդ ժամկետից հետո նա պետք է խնդրի Եվրամիությանը, այն էլ խորհրդարանի ընդունած ձևակերպումներով, թույլ տալ Մեծ Բրիտանիային երկարաձգել բերքսիտի ժամկետը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Դրանից հետո Բորիս Ջոնսոնի հարազատ եղբայրը՝ Ջոու Ջոնսոնը, հրաժարվեց նախարարի պաշտոնից և պատգամավորությունից՝ հայտնելով, որ մեջտեղից ճղվում է ընտանիքին հավատարմության և ազգային շահերի միջև: Անցած տարվա նոյեմբերին էլ նա հրաժարական էր տվել Թերեզա Մեյի օրոք՝ չհամաձայնելով Բրյուսելի հետ նրա ձեռք բերած պայմանների հետ: Այժմ Եվրամիությունից անջատվել-չանջատվելու հարցում բարիկադների տարբեր կողմերում են հայտնվել հարազատ եղբայրները, դեռ հանրաքվեի ժամանակ էլ Ջոուն դեմ էր դուրս գալուն:

Այս հակասությունների հետևանքով պահպանողականները կորցրել են իրենց հարաբերական մեծամասնությունը խորհրդարանում, քանի որ Բորիս Ջոնսոնը մոտ երկու տասնյակ օրենսդիրների է հեռացրել կուսակցության շարքերից, որոնք քվեարկել են լեյբորիստների հետ առանց գործարքի բրեքսիտի դեմ:

Այսպես թե այնպես, Եվրամիության գործընկերների համբերությունը վաղուց է հատել: «Սա փակուղի է: Բրիտանացիները պետք է ասեն մեզ, թե ինչ են ուզում: Մենք չենք կարող նրանց փոխարեն որոշում կայացնել... Մենք չենք կարող այս հարցին վերադառնալ երեք ամիսը մեկ»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Անցած շաբաթ կառավարության նոր ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց նաև աշխատանքի և թոշակի հարցերի նախարար Էմբեր Ռադդը, որը Թերեզա Մեյի կառավարությունում ներքին գործերի նախարարն էր և նրա աջ ձեռքը:

Անվիճելի է, որ այս ամենի պատճառով ընկնում է ոչ միայն Բորիս Ջոնսոնի, այլև առհասարակ պետության վարկանիշը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Մեկ այլ երկրում՝ Իտալիայում ծավալվող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին այն հայտնի ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ճգնաժամից դուրս գալու ելք կա, եթե խնդրին վերաբերվում ես երկրի համար պատասխանատվությամբ և շրջահայացորեն՝ մի կողմ դնելով անձնական ցանկություններն ու հավակնությունները:

Անցած ամիս ճգնաժամ էր առաջացել նաև Իտալիայի կառավարությունում: Օգոստոսի 20-ին հրաժարական տվեց վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Պատճառը իշխող կոալիցիայի փլուզումն էր, որի կազմում էին «Հինգ աստղի շարժում» և «Լիգա» կուսակցությունները: Վերջինիս առաջնորդ Մատեո Սալվինին զբաղեցնում էր փոխվարչապետի և ՆԳ նախարարի պաշտոնը: Խորհրդարանական մեծամասնության անկման պատճառը երկու քաղաքական ուժերի միջև առաջացած տարաձայնություններն էին որոշ սկզբունքային հարցերում:Դրանց թվում ամենաէականը կառավարության հայտարարած հարկային բարեփոխումն էր, որին դեմ էր Սալվինին և ձգտում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հավակնելով վարչապետի պաշտոնին:

Իտալիայի քաղաքական ուժերին հաջողվեց բանակցությունների միջոցով առայժմ խուսափել արտահերթ ընտրություններից և նոր կառավարություն ձևավորել: Նոր կոալցիայի կազմում «Հինգ աստղի շարժում» և Դեմոկրատական կուսակցություններն են, որոշ պորտֆելներ բաժին են հասել նաև «Ազատներ և հավասարներ» կուսակցությանը և Միլան նախկին անկուսակցական պրեֆեկտին: Սալվինիի «Լիգան» դուրս մնաց իշխանությունից: Սեպտեմբերի 6-ին նախագահական պալատում տեղի ունեցավ նոր կառավարության անդամների և վարչապետ Կոնտեի երդման արարողությունը:

Հանգուցալուծում ստացավ նաև մեր հարևան երկրում՝ Վրաստանում առաջացած ճգնաժամը: Երկուշաբթի հրաժարական տվեց երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը անցած տարվա հունիսից: Նա հայտարարեց, որ իրականացրել է բոլոր նպատակներն ու լուծել բոլոր խնդիրները, որոնք իր առջև դրել էր կուսակցությունը: Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» կուսակցության առաջադրմամբ նոր վարչապետ ընտրվեց գործող ՆԳ նախարար և փոխվարչապետ Գեորգի Գախարիան, որը մեծ հեղինակություն ունեցող նախարարներից է եղել, սակայն Թբիլիսիում հակառուսական բողոքի ցույցերը հատուկջոկատայինների կողմից ցրելիս անհամաչափ ուժ կիրառելու պատճառով հազարավոր ցուցարարներ համռորեն պահանջում էին նրա հրաժարականը:

Կիրակի Ռուսաստանում վերաջապես տեղի ունեցան տարածքային ընտրությունները, որոնց նախորդել էին տևական բողոքի ցույցեր, ձերբակալություններ և քրեական հետապնդումներ: Թե որքանով կթուլանա այդ լարվածությունը, ցույց կտան ընտրությունների արդյունքները և նոր ձևավորվող տեղական կառավարությունները: Աբխազիայում էլ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հաղթեց գործող նախագահը:

Անցած շաբաթ 95 տարեկան հասակում մահկանացուն կնքեց Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն: Նա երկրի վարչապետն էր դարձել 1980 թ., երբ երկիրն անկախություն ձեռք բերեց: 1987 թ. Մուգաբեն նախագահ դարձավ և այդ պաշտոնում մնաց 30 տարի՝ ձեռք բերելով դիկտատորի համբավ: 2017 թ. Մուգաբեն ռազմական հեղաշրջման հետևանքով հեռացվեց իշխանությունից:

Իսկ Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցած կիրակի տեղի ունեցավ առաջին գեյ շքերթը քաղաքի պատմության մեջ, որին մասնակցեց ավելի քան 2 հազար մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: