Հայերեն   English   Русский  

Ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է եղել տեղամասային հանձնաժողովների անդամների չիմացությամբ. «Ականատես»


  
դիտումներ: 60

«Ականատես» դիտորդական առաքելությունն սեպտեմբերի 8-ին ԱՀ-ում իրականացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության գործընթացի դիտարկում և այսօր հանդես եկել մամուլի ասուլիսով:

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացվում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ), «Ժուռնալիստների «Ապարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպությունների, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, ինչպես նաև Արցախում՝ «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության կողմից:

«Ականատես»-ի նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական հաբ» ՀԿ ներկայացուցիչ Լուսինե Համբարձումյանն ասուլիսին ասել է, որ «Ականատես» դիտորդական առաքելությունը ներգրավել է 103 դիտորդ, 53-ը Արցախից և 50-ը՝ Հայաստանից, որպես օտարերկրյա հասարակական կազմակերպության դիտորդներ:

Ըստ Լ. Համբարձումյանի՝ դիտորդներից 80-ը 40 տեղամասում հսկել են քվեարկության օրվա ողջ գործընթացը: Դիտարկումն իրականացվել է Ստեփանակերտում, ինչպես նաև Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի շրջանների 4 քաղաքային և 15 գյուղական համայնքներում: Դիտորդական առաքելությունն իրականացվել է այն ընտրատարածքներում, որտեղ կան 300-ից ավել ընտրողներ :

«Ունեցել ենք 23 շրջիկ դիտորդներ, որոնք այցելել են լրացուցիչ 81 տեղամաս և դիտարկել են ինչպես տեղամասային կենտրոններում, այնպես էլ՝ դրանց հարող տարածքներում: Դիտորդական առաքելությանն աջակցել է Ստեփանակերտում տեղակայված համակարգող խումբը, որը ներառել է 8 համակարգող, 8 օպերատոր և նույնքան իրավաբան»,-մասնավորապես ասել է Լ. Համբարձումյանը:

«Ականատես» դիտորդական առաքելություն

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ տեղամասերի նախապատրաստումը, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ պայմաններում. խնդիրներ դիտարկվել են միայն առանձին տեղամասերում:

«Դիտարկված ընտրատեղամասերի 75 %-ը դժվարամատչելի է եղել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների համար: Արցախի օրենսդրությամբ սահմանված շարժասայլակով քվեարկության հնարավորության ապահովման պարագայում, տվյալ կարգի 3 խախտում է նկատվել մեկ տեղամասում: Երեք տեղամասերում քվեախցիկները տեղադրված են եղել այնպես, որ հնարավորություն են տվել խախտելու քվեարկության գաղտնիությունը: Քվեարկության գործընթացում ակտիվորեն ներգրավվել են համայնքի ղեկավարի թեկնածուները, այդ թվում՝ գործող պաշտոնակատարները կամ նրանց ներկայացուցիչները՝ խախտելով օրենսդրության պահանջները: Քվեարկությունը, ընդհանուր առմամբ, ընթացել է խաղաղ մթնոլորտում և խախտումները հիմնականում կրել են տեխնիկական և ոչ միտումնավոր: Քվեարկության և տեղամասերի փակման գործընթացներն անցել են խաղաղ, սակայն արձանագրվել է մի քանի դեպք»,- ավելացրել է Ս. Այվազյանը:

Նա ընդգծել է, որ ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է եղել տեղամասային հանձնաժողովների անդամների չիմացությամբ: Ընդհանուր առմամբ, բացակայել են խախտումների կատարման դիտավորությունը և այդ խախտումները չեն ունեցել կազմակերպչական բնույթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: