Հայերեն   English   Русский  

Առողջապահության ոլորտը կարծես հիվանդացել է. այստեղ բախումները չեն ավարտվում


  
դիտումներ: 1125

Այս շաբաթվա ամենաքննարկվող հարցերից էր Առողջապահության նախարարի տապալված մամուլի ասուլիսը, որը շատ ավելի խորը արմատներ ուներ: Սկսենք սկզբից:

Սեպտեմբերի 3-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց նախարարության աշխատանքները, և երբ հերթը հասավ հարցերին պատասխանելուն, Հայաստանում մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը ընդհատեց նախարարի մամուլի ասուլիսը և ասաց, որ հարցեր ունի նրան տալու:

«Մենք ձեզ հարց տալու իրավունք կտանք, պարոն Թամամյան»,-ասաց Արսեն Թորոսյանը, սակայն երբ տեսավ, որ Թամամյանը ոչ թե մեկ այլ բազմաթիվ հարցեր ունի, նշեց. «Դուք կարող եք ձեզ համար առանձին մամուլի ասուլիս հրավիրել կամ երբ ես կգնամ, դուք կարող եք այստեղ նստել ու շարունակել»:

Թամամյանն իր հերթին ասաց. «Դուք կարող եք ցանկացած պահի գնալ: Կարծում եմ՝ լրագրողներին հետաքրքիր կլինեն այս հարցերի պատասխանները: Դուք այսօր զբաղեցնում եք պաշտոն մեր հարկերով և պարտավոր եք այս հարցերին պատասխանել»:

Այս բառերից հետո առողջապահության նախարարը լքեց դահլիճը՝ հայտարարելով, որ իր ասուլիսը տապալում են: Նրա հեռանալուց հետո Գևորգ Թամամյանը սկսեց խոսել մի շարք հարցերի շուրջ. Արսեն Թորոսյանին մեղադրեց հարցերից խուսափելու, իր ծանոթներին ու մտերիմներին տարբեր բուժհաստատություններում պաշտոններ տալու, իր կնոջ ղեկավարած բժշկական կենտրոնի պետպատվերը 2.7 մլրդ դրամով մեծացնելու և այլ խարդավանքների մեջ։

Արսեն Թորոսյանը նույն օրը երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ կատարվածին։ Խոսելով Գևորգ Թամամյանի մասին՝ նախարարն ասաց. «Ամբողջը՝ այս թատերականացված միջոցառումները, Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, դրանք կազմակերպված են Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր պաշտոնը ժառանգություն է ստացել նախկին իշխանություններից և հիմա շատ սարսափած է ու մտածում է, որ կարող է կորցնել այս իշխանությունների ժամանակ»:

Այս հայտարարությունից հետո չուշացավ նաև Արմեն Մուրադյանի պատասխանը: ԵՊԲՀ ռեկտորը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ Արսեն Թորոսյանը պարզապես զրպարտում է իրեն, ապա ավելացրեց.

«Գևորգ Թամամյանը մեր լավագույն բժիշկներից է, ամենահեռանկարային, ազնվագույն, տաղանդաշատ տղաներից մեկը։ Նա ունի իր ձևավորված կարծիքը և չի կարող այնպիսի դրսևորում լինել, որ իր ընկերոջ կամ իր ուսուցչի կարծիքով կարծիքներ ձևավորի»:

Իսկ թե ինչու է Առողջապահության նախարարը մեղադրում ռեկտորին, ու թե ինչու են նրանց հարաբերությունները լարված, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է պատահել իմ և պարոն Թորոսյանի միջև, կարող եմ հայտարարել։ Ապրիլյան պատերազմի մասնակիցների բուժման կենտրոնի հետ կապված՝ մեկ տարի առաջ եղել է քննարկում, որի ընթացքում եղել է անթույլատրելի խոսք։ Պարոն նախարարը հայտարարեց, որ հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսունն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք այդքան փող ծախսում, որից հետո մեր խոսակցությունն ընդհատվեց և որևէ ընդհանուր կողմ այլևս չի կարող ունենալ առհասարակ։ Ես չեմ կարծում, որ ցինիզմը, ստախոսությունը և ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել այսօր առողջապահության ոլորտում»:

Թորոսյան-Մուրադյան, Թորոսյան-Թամամյան բախումները միակը չէին: Այս շաբաթ Առողջապահության նախարարը որոշում կայացրեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ, ինչը ևս մեծ աղմուկ բարձրացրեց։ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այս հարցին նույնպես անդրադարձավ. «Եթե ես հնարավորություն ունենայի այս որոշումն ընդունել մեկ տարի առաջ, ապա մեկ տարի առաջ կընդունեի։ Պարզապես այս կենտրոնը չէր գտնվում Առողջապահության նախարարության ենթակայության տակ, դրա համար որոշումն ընդունվել է հիմա: Եվ հիմա հռետորական հարց տամ մեր քաղաքացիներին, թե արդյոք գո՞հ էին Ուռուցքաբանական կենտրոնի աշխատանքից, որովհետև ամենաշատ բողոքներն այնտեղից էին։ Մի մասն օբյեկտիվ, մի մասը՝ սուբյեկտիվ։ Ամեն դեպքում՝ դրանք հիմք են մեր որոշումների կայացման»:

Իսկ թե որն էր պատճառը տնօրենի հեռացման համար, Արսեն Թորոսյանը խոսեց փաստերով: Նա հրապարակեց մի նամակ, որտեղ Ուռուցքաբանության կենտրոնի արդեն նախկին տնօրեն Տանանյանի կողմից օտարերկրյա ներդրողին խոչընդոտելու մանրամասներն էին։ Իրանական «Վարիան Մեդիքալ Սիսթեմ Ամերիկա» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Վարան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Մոհամմադ Շահրամիի կողմից առողջապահության նախարարին հասցեագրված նամակում նշված էր, թե ինչպես 3 տարի առաջ իրանական ընկերության ներկայացուցիչներն Ուռուցքաբանական կենտրոն են այցելել և, տեսնելով այնտեղի ոչ բարվոք պայմանները, որոշել են ներդրումներ կատարել՝ կենտրոնը ռադիոթերապիայի սարքերով համալրելու միջոցով։

Ըստ իրանական ընկերության տնօրենի՝ Ուռուցքաբանականի նախկին տնօրեն Արմեն Տանանյանը պահանջել է ներդրող ընկերության բաժնետոմսերի 50%-ն իրեն տալ և ավելացրել. «Հայաստանում ցանկացած ներդրումների պարագայում հարկավոր է բաժին հատկացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին»։ Իրանական ընկերությունը համաձայնել է, քանի որ արդեն կանխավճարներ են արված եղել։

Այսպես, ըստ առողջապահության նախարարի հրապարակած նամակի, ներդրում կատարող «Իրա Մեդիքլ Գրուպ» ընկերության բաժնետոմսերի 50%-ն անցել է Հայկ Տանանյանին՝ Արմեն Տանանյանի եղբորը։ Սակայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում որոնման արդյունքում պարզեցինք, որ «Իրա Մեդիքլ Գրուպ»-ի կանոնադրության մեջ որպես ընկերության հիմնադիր նշված է միայն մեկ անուն՝ Կարեն Մանուկով։ Ուռուցքաբանականի նախկին տնօրենի եղբոր՝ Հայկ Տանանյանի անունը որևէ բաժնում նշված չէ:

Ըստ Արսեն Թորոսյանի բաժնետոմսերի 50 տոկոսն արդեն վերադարձվել է իրանական սեփականատիրոջը և դրա համար այլևս խնդիր չկա:

2014 թվականից կենտրոնը ղեկավարած Թանանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրանական ներդրողների մասին առողջապահության նախարարի հրապարակած նամակից տեղյակ չէ։ «Տեղեկություններ չունեմ այդպիսի հայտարարության մասին։ Դա իրականությանը չի համապատասխանում, որևիցե մեկին ես չեմ խոչընդոտում։ Ես կառուցողական և ստեղծող մարդ եմ»,- ասել է Տանանյանը։

Նշենք, որ բացի Տանանյանից Ուռուցքաբանության կենտրոնում աշխատանքից ազատվել են փոխտնօրեն Թամամյանն ու էլի մի քանի առաջատար մասնագետներ:

Կենտրոնում տիրող վիճակի վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, նա անգամ պատրաստվում է հանձնաժողով ստեղծել Ուռուցքաբանական կենտրոնում խնդիրները ուսումնասիրելու համար:

«Այստեղ բացարձակ անձերի խնդիր չկա, պետք է իրավիճակից ճիշտ դուրս գալ»,- ասել է Նարեկ Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ պետական առողջապահական գործակալությունը դեռ ապրիլ ամսին էր հայտնել, որ ավարտել է ստուգումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Այնտեղ 43 միլիոն դրամի խախտումներ էին հայտնաբերվել։

Նշենք նաև, որ հունիսի 19-ին ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց պետական գույքի մասնավորեցման ծրագրում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որին կողմ քվեարկեցին 116 պատգամավոր։

Ըստ նախագծի՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ռադիացիոն բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը մասնավորեցման ցուցակից հանվել են: Նախաձեռնողը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Ըստ հիմնավորման՝ այդ երկու կենտրոնները միակն են իրենց տեսակի մեջ. դրանք օգնություն են ցուցաբերում այրվածքներով և ուռուցքներով հիվանդներին՝ ամբողջ հանրապետության մասշտաբով։ Ֆանարջյանի անվան կենտրոնը կարող է միաժամանակ ընդունել 500 հիվանդ, իսկ Ռադիացիոն բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը տարեկան բուժում է 500-600 մարդու և հսկողության տակ պահում 3 հազար հոգու։ Իրենց հանրապետական ընդգրկմամբ այդ հաստատությունները միակն են իրենց տեսակի մեջ տվյալ հիվանդությունների համար։ Ուստի որոշվել է չմասնավորեցնել դրանք և ողջ պատասխանատվությունը փոխանցել Առողջապահության նախարարությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: