Հայերեն   English   Русский  

«168 ժամ». Հունվարից, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են. «շուկան լրիվ քանդվում է»


  
դիտումներ: 476

«168 ժամ» թերթը գրում է. «Մաքսատուրքերը ԵՏՄ մասշտաբով 17-ից 15, 22-ից 20 տոկոսի են իջեցրել, բայց ասել, որ մաքսատուրքը չի թանկանա, ճիշտ չէ:

Հունվարից հետո քաղաքացին ավելացված արժեքի հարկ չի վճարելու, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով: Այժմյան 32 տոկոսը մինչեւ երեք տարեկան մեքենայի համար դառնալու է 48 տոկոս, հին մեքենաներինն էլ ավելի բարձր՝ կախված շարժիչից»,- Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը:

Նրա փոխանցմամբ՝ ստացվում է 15 տոկոս նոր՝ մինչեւ 7 տարեկան մեքենաների համար, մինչեւ 1800 սմ խորանարդ ծավալ ունեցողների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս 0.36 եվրո՝ 1 սմ խորանարդի համար: 1800-3000 սմ խորանարդ մեքենաների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 0.44 եվրո 1 սմ խորանարդի համար: 3000 սմ խորանարդ եւ ավելիի դեպքում՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս քան 0.8 եվրո՝ 1 սմ խորանարդի համար:

Մաքսազերծման այլ սխեմա կլինի իրավաբանական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների համար:

«Ինչպես հասկացա՝ գները ԵԱՏՄ մասշտաբով են, իսկ դա Հայաստանի համար շատ վատ է: Հիմա Հայաստան գումար է մտնում, որովհետեւ ԵԱՏՄ-ից ավելի էժան ենք մաքսազերծում, մեքենաներն ավելի մատչելի են, բայց, եթե բոլոր երկրներում հավասարվում է, ապա ԵԱՏՄ երկրների գնորդները՝ ղազախները, ռուսները արդեն չեն գա, հասնի Հայաստան, որ մեքենա գնեն, ամեն մեկն իր համար կբերի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող Դավիթ Գասպարյանը:

«Փաստորեն, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են: Ճապոնիայից հիմնականում բերվում էին հին մեքենաները, որովհետեւ նորերը շատ թանկ են, իսկ ԱՄՆ-ից եւ՛ նորն է բերվում, եւ՛ հինը: Բայց այստեղ մեկ խնդիր է առաջանում: Այն մարդը, ով ուզում է 4000-6000 դոլարանոց մեքենա ունենալ, արդեն ԱՄՆ-ից, Ճապոնիայից չի կարող պատվիրել ու բերել. մարդկանց գրպանի համար նոր ներկրվող մեքենաները թանկանում են: Այսինքն, եթե մարդը նախկինում ուներ 6000 դոլար, կարող էր ձեռք բերել, ասենք, 2010 թվականի արտադրության որեւէ մեքենա, հիմա միայն այդ մեքենայի մաքսազերծումն այնքան թանկ է լինելու, որ չարժե ներկրել:
Միջինից բարձր խավի ներկայացուցիչները, ովքեր ձեռք էին բերում 18.000 դոլարանոց մեքենա, այն կդառնա 20.000 դոլար, իսկ միջինից ցածր խավի համար մեքենաները շատ են թանկանում: Ինչ վերաբերում է դրույքաչափերին՝ ինչպես հասկացա, մինչեւ 5 տարեկան մեքենաների դեպքում 32-ից դառնում է 48 տոկոս, նշանակում է՝ 10 տոկոսով մեքենաների մաքսազերծման գումարը կբարձրանա, բայց 5 տարեկանից հներինը կախված է շարժիչի աշխատանքային ծավալից»,- հավելեց նա:

Դավիթ Գասպարյանը նկատեց՝ շուկան լրիվ քանդվում է, ու զրոյից է սկսվելու ամեն ինչ:

«Ժամանակը ցույց կտա՝ Ղազախստանից մարդիկ կգա՞ն մեքենա գնելու, թե՞ ոչ: Հրաշք էր, որ մեր ժողովուրդը մի երկու տարի գումար աշխատեց, իսկ հիմա, որ հավասարվում է, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով, իմ կարծիքով՝ էլ չեն գա ԵԱՏՄ երկրներից: Այդքան շատ մեքենա բերում էին, որովհետեւ գալիս-գնում էին, եթե միայն հայկական շուկայի համար լիներ, այսքան մեքենա չէր գա, որովհետեւ մեծ պահանջարկ չկա»,- նշեց Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ռուսական արտադրության հին մեքենաներն ու Ճապոնիայից բերվածն իրար հետ չեն կարող մրցել:

«2004 թվականի ճապոնական մեքենան չես կարող համեմատել ռուսական արտադրության 2004 թվականի մեքենայի հետ: 2004 թ. ռուսական մեքենայի, կարելի է ասել, կաշին ու ոսկորն է մնացել, ինչը չենք կարող ասել ճապոնականի դեպքում»,- եզրափակեց Դավիթ Գասպարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: