Հայերեն   English   Русский  

ՍԴ որոշումից դժգոհ քաղաքացիները շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն


  
դիտումներ: 388

Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման հրապարակումից հետո ՍԴ բակում իրավիճակը լարվեց։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շնորհավորում էին Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, իսկ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի հանդես եկող քաղաքացիները դժգոհություն էին հայտնում, նրանք հեռացող Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետևից տարբեր վանկարկումներ էին անում և պահանջում, որ ՍԴ անդամները դուրս գան և պատասխանեն իրենց հարցերին:

Սակայն դատարանից ոչ ոք դուրս չեկավ և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի հանդես եկող քաղաքացիները հայտարարեցին, որ շարժվում են Գլխավոր դատախազության դիմաց։

«Մենք ինֆորմացիա ունենք, որ Գլխավոր դատախազությունը հիմա պետք է որոշում կայացնի, թե կատարում է արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը։ Մենք այստեղից շարժվելու ենք Դատախազություն, որպեսզի պահանջենք մեր երկրի հանցագործին ՍԴ–ի որոշմամբ ազատ չարձակել։ Մենք թույլ չենք տալու, որ ինչ–որ մեկը ծախվելով որոշումներ կայացնի»,–նշեց Ջիվան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ ՍԴ–ն արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

Փոխարենը դատարանը սահմանադրական է ճանաչել 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: