Հայերեն   English   Русский  

Ես եմ ստեղծում իմ իրականությունը


Աստղիկ Խաչատրյան, ֆբ գրառում


  
դիտումներ: 417

Մի բան եմ ուզում Ձեզ պատմել...

Մոտ 3 տարի առաջ Հնդկաստանում էի մի ծրագրով։ Երևի ամենատպավորիչ ճամփորդություններիցս էր կյանքային եզրակացությունների, իմ ունեցածը վերարժևորելու, Հայաստանը կողքինի աչքերով նայելու տեսանկյունից։

Ծրագրին տարբեր երկրներից մասնակիցներ կային, հատկապես ասիական ու աֆրիկյան երկրներից։ Հրաշալի թիմ էր՝ պոզիտիվ, խելացի, հավես մարդիկ էին հավաքվել։ Ամեն մեկն իր աշխարհն էր բերել։ 20 օր լրիվ անծանոթ միջավայրում էի, բայց այնքան ջերմ ու անմիջական միջավայր էր, մարդիկ այնքան անկեղծ ու պատրաստակամ, որ ոչ մի պահ դիսկոմֆորտ չեմ ունեցել։ Կիսվում էինք մեր կյանքի պատմություններով, մշակութային առանձնահատկություններով, պատմում մեր երկրների մասին։

Շփվում էի, ու անընդհատ զարմանում՝ Աստված իմ, ինչքան բազմազան է աշխարհը։ Մենք ապրում ենք մեր իրականության մեջ, մեր կյանքը համարյա միշտ համեմատում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի մարդկանց կյանքի հետ, սովորաբար բողոքում մեր իրականությունից այդ համեմատության մեջ ու չենք պատկերացնում, թե այլ ինչեր են կատարվում աշխարհում։ Ինչ այլ իրականություններ կան:

#Մի_քանի_կյանքային_պատմություններ

...Աղջիկ ունեինք Աֆղանստանից, որ մի քանի ամսվա մեջ կորցրել էր ծնողներին ու ամենահարազատ ընկերուհուն մայրաքաղաքի կենտրոնում հաճախակի պայթյունների ու բժշկական ադեկվատ ծառայությունների բացակայության պատճառով։ Մնացել էր մենակ, իսկ մենակ աղջկան Աֆղանստանի փողոցներում ինչ ասես կարող է պատահել, տղամարդիկ իրենց ինչ ուզեն, կարող են թույլ տալ, իսկ վերջում աղջկան կմեղադրեն, որ համարձակվել է առանց տղամարդու ուղեկցության մենակ տնից դուրս գալ թեկուզ սովորական ցերեկային ժամի։ Նույնիսկ ոստիկանները աղջկա խոսքին լուրջ չեն վերաբերի ու չեն աջակցի։

..․Տղա կար Հնդկաստանից, որ ցածր կաստայի ներկայացուցիչ էր, շատ խելացի, ձգտող, մեծ պայքարի գնով տարրական կրթություն էր ստացել, բարձրագույն կրթություն ստանալուն էլ ծնողները սկզբից կտրուկ դեմ են եղել, ասել են քո առաքելությունը մեզ հողային աշխատանքներում օգնելն է, քեզ դրա համար ենք լույս աշխարհ բերել։ Հետո կռվով դավով սովորել է։ Բայց դա միայն խնդրի կեսն է։ Ցածր կաստայի ներկայացուցիչ լինելը դիագնոզի պես բան է Հնդկաստանում մինչ այսօր, գուցե ոչ օրենքով, բայց հանրային կարծրատիպերի տեսանկյունից։ Հազար ու մի խոչընդոտ կա, որ քեզ գոնե քիչ թե շատ լուրջ աշխատանք վստահեն, լուրջ վերաբերեն, մրցակցային իրավիճակում քեզ ընտրեն։ Տղան նաև պատմում էր փոքր տարիքում իր ներկայությամբ մոր նկատմամբ հողի սեփականատիրոջ կողմից անմարդկային վերաբերմունքի ու ոտնձգությունների մասին։

․․․Մեկ ուրիշ տղա ունեինք Տիբեթից։ Աննորմալ բարի երևույթ էր, բոլորին անմնացորդ նվիրված, քո համար ամեն ինչ կաներ ու երբեք ոչնիչ չէր սպասի։ Բայց էլի շատ բարդ կյանք էր ունեցել։ Մոտ 12 տարեկանում Տիբեթից չինական սահմանն անցնելով՝ եկել էր Հնդկաստան էստեղ տիբեթական դպրոցում սովորելու, որ ազգային կրթություն ստանա, ոչ թե չինական, որտեղ իրենց որոշակի ինքնություն է թելադրվում։ Ապրել էր իր նման տիբեթցի երեխաների հետ շատ կոշտ դիսցիպլինա ունեցող գիշերօթիկ դպրոցում։ Ու մոտ 8 տարի արդեն ընտանիքին չէր տեսել, քանի որ չինական կառավարությունը իր սահմանահատումը անօրինական է համարում, ու հայրենի տուն վերադառնալ չէր կարող։ Երազում էր իր Տիբեթը տեսնել։

․․․Մի ուրիշ տղա ունեինք Բուրունդիից։ Ահավոր շատ քնել էր սիրում։ Սկզբից կատակներ էինք անում, հետո պարզվեց, որ սովորություն է՝ եկած մանկությունից։ Կողքի գյուղի ցեղի հետ թշնամական հարաբերություններ են եղել, դրսում խաղացող երեխաների համար վտանգավոր է եղել։ Ինքը բողոքել է թե տանը մենակ ինչ անի, հայրն ասել է՝ բան չունես անելու, քնի ու այդպես դարձել է սովորություն անվտանգության նկատառումներով։

Չեմ պատմում, որ մտածեք վայ ինչ դաժան։ Չէ մեր նման մարդիկ են, ընդ որում շատ կենսուրախ, պայքարող, իրենց իրականությանը հարմարված, հասուն...Ուրիշ է, որ լսում ես Աֆղանստանի պայթյունների մասին, ուրիշ է, երբ ռեալ մարդը նստած է քո առաջ ու դու տեսնում ես իր ապրումները։

Ու ուղղակի շփվելուց երբեք չես իմանա,որ նման դժվարությունների միջով են անցել։ Ծրագրի բնույթն ու միջավայրը իրենց ստիպեց անկեղծանալ։

Իսկ որ ես Հայաստանի մասին էի պատմում, ասում էին, որ ես երևի արտոնյալ եմ: Դժվար էին հավատում, որ ասում էի, որ սկզբունքորեն չկան անիմաստ ու արհեստական խոչընդոտներ հանրության առանձին շերտերի նկատմամբ կրթություն ստանալու, քո ուզած աշխատանքով զբաղվելու, ուզածիդ հասնելու հարցում։ Հա հեշտ չի, բայց Հայաստանում անհաղթահարելի բարդություններ չկան, եթե ցանկություն ունես, ձգտում ունես, գիտես՝ ինչ ես ուզում: Ու ես ռեալ այդպես եմ մտածում:

Ու մի կարևոր բան հատկապես էնտեղ հասկացա: Հասկացա՝ ինչքան կարևոր է՝ քո ունեցածը գնահատելը ու սիրելը: Հա Հայաստանում էլ շատ խնդիրներ կան, վատ ապրող շատ մարդիկ կան, սահմանին մոտ ապրող մարդկանց կյանքը մեղմ ասած հեշտ չի, բայց այդ ամեն ինչի այլընտրանքը միայն Եվրոպան ու ԱՄՆ-ն չի: Շատ ավելի բազմերանգ է աշխարհը: Ընդ որում, շատ հաճախ տարածված պատկերացումները Եվրոպայի կամ ԱՄՆ-ի լավ կյանքի մասին չափազանցված է կամ միակողմանի, տուրիստի աչքով նայած: Պիտի քո հետ համեմատվես: Քո իրականությունը լավ ճանաչես ու կարողանաս դրա մեջ աշխատես, ստեղծես ու զարգանա, անընդհատ դուրս նայելը խանգարում է:

#մեդալիոնի_տարբեր_կողմերը






Մեկնաբանություններ - 1

suzan     01.09.2019 eh Hayastann yete toxnen hazar yevropayıc el lav klın..lapum en amen koxmıc..nersıc el,drsıc el
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: