Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 219

Այս շաբաթ շարունակվեց Գրենլանդիայի թեման: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրվել էր Գրենլանդիան գնելու հնարավորությամբ, ինչին հետևել էին Գրենլանդիայի և Դանիայի իշխանությունների բացասական արձագանքը:

Դրանից հետո Դոնալդ Թրամփը չեղարկեց երկու շաբաթ անց Դանիա նախատեսված այցը: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հիասթափություն և զարմանք հայտնեց այդ որոշման կապակցությամբ և հույս հայտնեց, որ այցի չեղարկումը չի ազդի այլ հարցերի վրա: Նա նշեց, որ ԱՄՆ-ն Դանիայի մտերիմ դաշնակիցներից է:

Իհարկե, ինչպես և նախորդ շաբաթներին (և ըստ երևույթին ամեն շաբաթ մինչև հոկտեմբերի 31-ը) օրակարգում էր բրեքսիտը: Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից այլևս անբեկանելի է, սակայն հարցն այն է, թե ինչպես, որոշակի պայմաններո՞վ, թե՞ առանց որևէ համաձայնության: Բայց այսօր էլ արդեն հստակ է, որ դա Բրիտանիային լավ օրեր չի բերի: Թարմ մթերքները նվազ հասանելի կլինեն, հետևաբար ավելի թանկ, Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի և անկախ Իռլանդիայի Հանրապետության միջև լիարժեք սահման կստեղծվի, դժվարություններ կծագեն վառելիքի և դեղորայքի մատարակարարման հարցում, դրանց հետևանքով անկարգություններ և հուզումներ կսկսվեն և այլն:

Եվ թեպետ Բորիս Ջոնսոնի վարչապետ ընտրվելուց հետո խոսվում է միայն անխուսափելի անհամաձայնագիր բրեքսիտի մասին, Բորիս Ջոնսոնը նամակով դիմեց Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին՝ հույս հայտնելով, որ այնուամենայնիվ համաձայնությունը ԵՄ-ի հետ ձեռք կբերվի: Այդ առումով մեծ սպասումներ կային Ջոնսոնի և Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ առաջիկա հանդիպումից: Իսկ առայժմ Ջոնսոնն իր նամակում առաջարկում էր համաձայնությունից բացառել այսպես կոչված «իռլանդական խնդիրը»՝ ընդգծելով, որ պահպանողական կառավարության պարագայում երկու Իռլանդիաների միջև ֆիզիկական սահման չի հայտնվի, ուստի հարկ է գտնել այլ միջոցներ, որոնք չեն վիրավորի իռլանդացիների զգացմունքները:

Չորեքշաբթի և հինգշաբթի Բորիս Ջոնսոնը հանդիպեց Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ, քննարկեց բրեքսիտի հարցը և Իրանի հետ հարաբերությունները: Ջոնսոնը բրեքսիտի նոր համաձայնագիր է պահանջում Եվրամիությունից, քանի որ նախորդը երեք անգամ մերժվեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, և սպառնում է, որ հոկտեմբերի վերջին Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիության կազմից, եթե անգամ համաձայնագիր չլինի, իսկ Եվրամիությունը հայտարարում է, որ այլևս պայմանավորվելու որևէ հարց չկա:

Իսկ շաբաթվա սկզբին Մակրոնը Բրեգանսոնում ընդունել էր նաև Վլադիմիր Պուտինին: Ռուսական կողմը բանակցությունները հագեցած, կառուցողական և վստահելի գնահատեց և տեղեկացրեց, որ անդրադարձ է եղել տարածաշրջանային հակամարտություններին (Բալկաններ, Ղարաբաղ), բավականին լուրջ խոսել են կլիմայի հարցի, Արկտիկայի իրադրության շուրջ: Այստեղ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ արտահայտվեց նաև մոսկովյան ընդվզումների մասին, որոնք սկսվել էին Մոսկվայի դումայի ընտրություններում անկախ թեկնածուներին չգրանցելու պատճառով: Պուտինն ասել է, որ քաղաքացիները խաղաղ ցույցերի իրավունք ունեն, սակայն ոչ ոք, ո՛չ իշխանությունները, ո՛չ քաղաքացիների խմբերը իրավունք չունեն խախտելու գործող օրենքը և իրավիճակը հասցնելու անհեթեթության կամ իշխանությունների հետ բախման: Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում այն դեպքերի կրկնությունը, որոնք տեղի ունեցան Փարիզում «դեղին ժիլետների» ընդվզումների ժամանակ:

Այս շաբաթ Թրամփի թեթև ձեռքով կրկին օրակարգ մտավ Ռուսաստանը մեծ յոթնյակ վերադարձնելու և մեծ ութնյակը վերականգնելու հարցը: Սակայն յոթնյակի մնացած վեց անդամները դեմ են դրան, քանի որ Ռուսաստանին չհրավիրելու պատճառը մնացել է՝ Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի հետ հակամարտությունը: Ինքը՝ Պուտինն էլ առարկեց դրան: «Ինչպե՞ս կարող եմ վերադառնալ մի կազմակերպություն, որը գոյություն չունի: Այսօր այն յոթնյակ է»,- ասաց նա:

Շարունակվեց և էլ ավելի խորացավ ճգնաժամը Իտալիայի վերնախավում: Երեքշաբթի Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Սենատում հայտարարեց, որ հանրապետության նախագահին հրաժարականի դիմում կներկայացնի: Իտալիայի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու իրավունքը պատկանում է հանրապետության նախագահ Սերջո Մատարելային:

«5 աստղ շարժման» և «Լիգա» կուսակցության կողմից ձևավորված իշխող կոալիցիան օգոստոսի 8-ին փլուզվեց փոխվարչապետ և «Լիգա» կուսակցության ղեկավար Մատտեո Սալվինիի նախաձեռնությամբ: Նա Կոնտեին տեղեկացրել էր դաշնակիցների հետ լուրջ տարաձայնությունների մասին և արտահերթ ընտրությունների շտապ անցկացում պահանջել:

Կոնտեն ստեղծված քաղաքական ճգնաժամի համար մեղադրում է Սալվինիին, իսկ Սալվինին չի թաքցնում վարչապետ դառնալու ցանկությունը: Մինչդեռ կարծիքներ են հնչում արդեն, որ Իտալիայի վարչապետ առաջին անգամ կարող է կին դառնալ: Լրատվամիջոցների կարծիքով՝ Իտալիայի կոալիցիոն կառավարության ղեկավարի ամենահավանական թեկնածուն Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Մարթա Կարտաբյան է:

Պակիստանն էլ որոշեց Հնդկաստանի հետ Քաշմիրի հարցով վեճը (Քաշմիրի մի մասի հատուկ կարգավիճակի չեղարկումը) լուծել Միջազգային դատարանում: «Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով իրավական բոլոր ասպեկտները»,- հայտարարեց Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քերուշին: Նրա խոսքով՝ գործը վերաբերում է Քաշմիրի մուսուլմանական հատվածում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին: Դատարանի որոշումը կկրի միայն խորհրդատվական բնույթ, սակայն եթե երկու կողմերը համաձայնության գան, որոշումը պարտադիր կլինի: Հնդկաստանը հերքում է Քաշմիրում մարդու իրավունքների խախտման փաստը:

Օգոստոսի 20-ից սկսած՝ Թուրքիայի իշխանությունների կարգադրությամբ երկրի ամենամեծ քաղաքը՝ Ստաբուլը, սկսեցին լքել հազարավոր գաղթականներ: Ըստ այդ կարգադրության՝ Ստամբուլում բոլոր չգրանցված գաղթականները պետք է վերադառնան գավառներ, որտեղ անցել են գրանցումը: Քաղաքի ավտոբուսային և երկաթուղային կայարաններում անընդմեջ ստուգումներ են անցկացվում: Բանն այն է, որ Սիրիայի պատերազմը սկսվելուց ի վեր մոտ 3,6 մլն մարդ փախավ Թուրքիա: Նրանցից մոտ կես միլիոնը գրանցվեց Ստամբուլում, սակայն իրականում քաղաքն ավելի մեծ թվով փախստականներ է ընդունել: Շատ սիրիացիներ, որոնք գրանցված են Թուրքիայի գավառներում, տեղափոխվել են Ստամբուլ:

Ի դեպ, անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հետ կանչեց Թուրքիային արված իր առաջարկը Patriot հրթիռային համակարգի գնման մասին ի պատասխան Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի ձեռքբերման:

«Մենք հետևողականորեն Թուքիային հայտնել ենք, որ Patriot-ի վաճառքի մասին մեր վերջին առաջարկը հետ կկանչվի, եթե նա համաձայնի Ս-400-ի մատակարարմանը: Patriot-ի վերաբերյալ մեր առաջարկի գործողության ժամկետը լրացել է»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

Շաբաթը բարենպաստ չէր նաև ռոխինջաների համար: Բանգլադեշը սկսեց ավելի քան 3 հազար էթնիկ ռոխինջաների արտաքսումը, որոնք փախել են Մյամաից (Բիրմա) 2017 թ.: Ընդ որում, Բանգլադեշի կառավարությունը ցանկացել է արտաքսել ավելի քան 22 հազար ռոխինջայի, սակայն Մյանմայի կառավարությունը հավանություն է տվել սոսկ երեք հազար մարդու համար, որոնք նախկինում ապրել են Մյանմայում և մասնակից չեն եղել ահաբեկչական գործողությունների:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն էլ սկսեց լրջորեն քննարկել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության չեղարկման հարցը: Այս մասին հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գործող օրենքը «բացահայտ անհեթեթություն» անվանելով:

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Չինաստանի հետ առևտրային պատերազմի հարցը, հայտարարեց նաև, որ ինքն ընտրյալ է, քանի որ միայն ինքը կարող է կարգավորել այդ իրավիճակը: Ըստ նրա՝ Չինաստանը երկար տարիներ խաբում է Միացյալ Նահանգներին, և միայն ինքը կարող է զբաղվել երկրների միջև տնտեսական հարցերով: «Սա իմ առևտրային պատերազմը չէ, սա առևտրային պատերազմ է, որը պետք է լուծվեր վաղուց մյուս նախագահների կողմից: Կներեք ինձ: Ինչ-որ մեկը պետք է դա աներ: Ես ընտրված եմ», - ասել է Թրամփը:

Օգոստոսի 20-ին դատարանի որոշմամբ երկարաձգվեց Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը: Նա մինչև հոկտեմբերի 26-ը կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի ժամանակավոր պահման քննչական մեկուսարանում: Հիշեցնենք, որ Աթամբաևը մեղադրվում է 14 քրեական գործով: Նրա փաստաբանը հայտնել է, որ նախկին նախագահը քննության սկզբից ոչ մի հարցի չի պատասխանել, քանի որ կարծում է, որ իր դեմ գործողություններն անօրինական են:

Մեկ այլ երկրում՝ Հոնդուրասում, Տեգուսիգալպայի դատարանը մեղավոր ճանաչեց կոռուպցիայի մեջ երկրի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի կնոջը՝ Ռոսա Էլենա Բոնիլիային: Բոնիլիային «միաձայն մեղավոր են ճանաչել խարդախության 8 դեպքով և յուրացման 3 դեպքով, դատավճիռը կկայացվի օգոստոսի 27-ին, նրան սպառնում է 58-ից մինչև 87 տարվա ազատազրկում:

Վերջապես, այս շաբաթ Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվեց Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ:

Զեկույցը համապարփակ փաստաթուղթ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ: Այս կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

Իսկ շաբաթվա վերջում Ֆրանսիայի Բիարից քաղաք ժամանեցին Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները, որոնց գագաթնաժողովը սկսվեց այսօր:

Աշխարհում շարունակվեցին խոշոր անտառային հրդեհները Կանարյան կղզիներում, Սիբիրում և մանավանդ Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում, ուր ռեկորդային թվով հրդեհներ գրանցվեցին: Արբանյակային տվյալները ցույց են տվել, որ այս տարի 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Ամազոնի անձեռնմխելի անտառներում հրդեհների թիվը 83 տոկոսով մեծացել է: Ամազոնի անտառները մոլորակի համար կենսականորեն կարևոր են ածխածնի պաշարով, որը դանդաղեցնում է գլոբալ տաքացման տեմպը: Ուստի պատահական չէ, որ այս հարցը բարձրացավ միջազգային քաղաքական հարթակներ: Մասնավորապես Մեծ յոթնյակի երկրների եվրոպական առաջնորդները սպառնացել են արգելափակել Եվրամիության և Հարավային Ամերիկայի երկրների միջև առևտուրը, եթե Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ավելի շատ ջանք չգործադրի Ամազոնում անտառները մարելու համար:

Եվրոպական առաջնորդների կողմից ճնշում գործադրելուց հետո Բոլսոնարուն երկրի զինված ուժերին ուղարկեց Ամազոնի արևադարձային անտառներում բռնկված հրդեհները մարելու համար:

Մեծ տագնապ առաջացրեցին նաև մոլորակի ամենամեծ կղզու՝ Գրելանդիայի հալչող սառույցները: Փորձագետներն ազդարարեցին, որ դա կարող է մոլորակի վերջը դառնալ, եթե ԱՄՆ-ն և մնացած աշխարհը համարժեք արձագանք չտան կլիմայի փոփոխությանը: Բավական է ասել, որ ընդամենը 5 օրում՝ հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը, ավելի քան 58 մլրդ տոննա սառույց է հալվել և լցվել ծովերը: Դա 40 մլրդ տոննայով ավելի է, քան միջինը տարվա այս շրջանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: