Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական գործ է հարուցվել


  
դիտումներ: 476

Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբորը՝ «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Մանուկյանի պաշտպանը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող մի խումբ անձանց կողմից խոշտանգումը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվելուց հետո հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով ոստիկանների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցել քրեական գործ, ոստիկանների ոչ իրավաչափ գործողություններին տալ քրեաիրավական գնահատական և Մանուկյանին ճանաչել գործով տուժող։

Ձերբակալման օրը Մանուկյանի փաստաբաններն այցելել էին ՁՊՎ և Մանուկյանի վրա բռնության հետքեր հայտնաբերել՝ հիմնականում մեջքի և գլխի գագաթային շրջանում։ Մանուկյանը փաստաբանին պատմել է, որ ինքը բռնության է ենթարկել ոստիկանության բաժնում մի քանի ոստիկանների կողմից։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։ Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, ապա քիչ անց վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Ռոբերտ Մանուկյանին և Մարկոս Մարկոսյանին, որը նույնպես կալանավորված է։ Պայթյունի առթիվ քննություն է տարվում սպանության փորձի և պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Այս դրվագով կալանավորված է 3 անձ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: