Հայերեն   English   Русский  

Ուզբեկստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց արտաքին գործերի նախարարին


  
դիտումներ: 132

Օգոստոսի 14-ին Ուզբեկստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանն (նստավայրը՝ Երևան) իր հավատարմագրերը հանձնեց Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Քամիլովին:

Հանձնման արարողությանը հաջորդեց դեսպան Գրիգորյանի և նախարար Քամիլովի առանձնազրույցը, որին ներկա էին նաև Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության պետ Ռավշանբեկ Ալիմովը, մամուլի ծառայության ղեկավար Ադիլբեկ Քայիփբերգենովը և ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության բաժնի վարիչ Ջահանգիր Ամինովը:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախարար Քամիլովը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նախարարն ընդգծեց, որ երկու երկրների միջև մշտապես առկա են եղել բարիդրացիական հարաբերություններ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ Արամ Գրիգորյանը նշեց, որ հայ-ուզբեկական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ և վերահաստատեց իր հանձնառությունն ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-ուզբեկական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց երկու երկրների հարաբերություններում Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը։ Դեսպան Գրիգորյանը և նախարար Քամիլովը անդրադարձան նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությանն ու ապակենտրոնացված համագործակցության կարևորությանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: