Հայերեն   English   Русский  

​Աշխարհափոխություն՝ Նուռի


  
դիտումներ: 1080

Ուզո՞ւմ եք լսել Արտաշեսի ու Սաթենիկի սիրո պատմությունը, տեսնել Երևանը՝ չընդհատվող գծապատկերով, բացել չքնաղ զարդատուփը՝ անկրկնելի դաղդղաններ փորձելու, ափում պահել երկրագնդի ամենաատելի արարածին՝ ճանճին, ու աշխարհին նայել նրա աչքերով։ Ուզու՞մ եք, դե՛ ուրեմն եկեք Նուռի ցուցասրահ․․․

Ամառային մի գեղեցիկ օր ես բացահայտեցի Երևանի ամենատպավորիչ արվեստագետներից մեկին՝ Արման Նուռին՝ այցելելով Երևանի սրտում բաբախող «Նուռ Արթ Գալլերի»: Զարդեր, գույներ, կտավներ, էլի գույներ, շարժվող քանդակներ և այդ ամենի մեջ՝ պատմություն, բովանդակություն, խորություն։

ԶԱՐԴԵՐ՝ ԱՆԿՐԿՆԵԼԻ

Նուռի զարդերն անկրկնելի են բառիս փոխաբերական և ուղիղ իմաստով։ Նա երբեք չի կրկնում այն, ինչ արդեն ստեղծել է, անգամ ամենագայթակղիչ առաջարկի դեպքում։

Նուռ

Մինչ ցուցասրահը բացելը անհատական զարդեր էր պատրաստում կոնկրետ անձանց համար։ Ինքն էր որոշում՝ ինչ զարդ ստեղծել ու ինչպիսի։ Գլխավոր սկզբունքը մեկն էր՝ զարդը պետք է կրի տվյալ անձի անհատականության դրոշմը։

«Ցուցասրահը բացելուց հետո ես հասկացա, որ այդ կոնցեպտը պետք է ինչ-որ ձևով պահպանվի ու որոշեցի՝ պետք է ստեղծագործեմ այն մարդկանց համար, որոնց համար կուզեի ստեղծագործել, բայց որոնց չեմ հանդիպել իմ ժամանակի մեջ»։

Այդ մարդկանցից մեկն էլ հանճարեղ Մոմիկն է, որին նվիրված տղամարդու ոսկյա զարդերի հավաքածուն խորհրդանշում է Մոմիկի 4 եկեղեցիները, իսկ զարդանախշերի հիմքում եկեղեցիների հատակագծերն են։

Մոմիկի կողքին «Կոկո Շանելն» է։ Հավաքածուից մնացել է ընդամենը տղամարդու մի մատանի։ Իսկ ի՞նչ կապ ունի տղամարդու զարդը «Կոկո Շանելի» հետ։ «Որովհետև Կոկո Շանելն առաջին դիզայներն էր, որը տղամարդու նորաձևությունը ներմուծեց կնոջ հագուստի մեջ։ Ես էլ նրա համար ստեղծեցի հավաքածու՝ նախատեսված և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար»։

Հեղինակավոր մարդկանց նվիրված շատ հավաքածուներ արդեն չկան, զարդերը գտել են իրենց տերերին, իսկ նույն անուններով այլևս չեն ստեղծվի։ Մնում է սպասել նոր անունների։

Նուռ

Ցուցասրահի ամենածանրակշիռ ու թանկարժեք զարդերից մեկը դեղին, սպիտակ ու կարմիր ոսկուց պատրաստված հայոց այբուբենի տառերով թևնոցն է՝ բնական ռուբիններով ու ադամանդներով զարդարված։ Զարդը «Մաշտոց» հավաքածուից է։

Ոսկյա ու արծաթյա զարդերի մեջ աչքի են ընկնում հատկապես չարը խափանող հատկությամբ օժտված հին հայկական դաղդղանները, որոնք Նուռի ձեռքով ժամանակակից տեսք են ստացել՝ պահպանելով, սակայն, բոլոր խորհրդանիշերը։

Զարդերի հավաքածու ունի նաև հռչակավոր Մարի Կյուրին։ Գիտնականին նվիրված հավաքածուի զարդերը նույնքան համեստ ու մինիմալիստական են, որքան ինքը՝ Կյուրին, որը գրեթե երբեք զարդեր չի կրել։ Զարդերի վրա Կյուրիի իրական ձեռագրերից հատվածներ են ու բանաձևեր՝ սևի ու սպիտակի համադրությամբ։


ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԶԱՐԴԱՏՈՒՓԸ

Նուռ

Արտաշես Առաջին թագավորը Սաթենիկի սիրտը հեշտ չնվաճեց։ Նրանց սիրո պատմությունը, որ մեզ է հասել Խորենացու «Արտաշես և Սաթենիկ» առասպելով, ոգեշնչել է Նուռին՝ դառնալով ցուցասրահի ամենամեծ ու բազմազան հավաքածուն։ Այնպատրաստվում է արդեն 4 տարի, ևս 2 տարի էլ պետք է համալրվի։ Ինչո՞ւ 6 տարի․ որովհետև Սաթենիկը 6 տարի շարունակ մերժել է Արտաշեսին։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ ընթացքում հայոց արքան ինչ թանկարժեք զարդեր է իր սիրեցյալին նվիրել նրա սիրտը նվաճելու համար։

Ցուցասրահի մի անկյունում գեղեցիկ ու խորհրդավոր զարդատուփ կա։ Արտաշեսին ու Սաթենիկին է նվիրված։ Այն մշտապես լի է զարդերով, որոնք գնում են, նրանց փոխարինելու են գալիս նորերը, բայց կա երկու զարդ, որոնք անփոփոխ են ու երբեք դուրս չեն գալիս զարդատուփից։ Դրանք դաղդղան վզնոցներ են՝ տղամարդու ու կնոջ, որոնք միաժամանակ բանալիներ են, առանց որոնց հնարավոր չէ բացել խորհրդավոր զարդատուփը։


Նուռ

«ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՍՏՂ»

Երեք կտորից բաղկացած զարդերի հավաքածուն, որ կրում է «Առավոտյան աստղ» անունը, կարող է վերածվել 14 տարբեր զարդի։ Առաջին հայացքից անհավանական աճպարարություն թվացող, իսկ իրականում՝ տաղանդավոր վարպետի ձեռքում հոգի ստացած երեք կտորանոց զարդը ձեռքի մեկ շարժումով դառնում է տարբեր չափի ու ձևի վզնոցներ, թևնոցներ, կախազարդեր, ականջօղեր, քունքազարդեր ու կրծքազարդ։ Աներևակայելի է, չէ՞․․․

Իսկ պատկերացնո՞ւմ եք, օրինակ, արծաթյա զարդը՝ կտավի ու յուղաներկի համադրությամբ։ Այո, Նուռի արվեստում անհնարին ոչինչ չկա։

Նուռ

Այն, ինչ ստեղծում է երևակայությունը, կարող է վերածվել իրականության։


ԲՈՒՐԱԶԱՐԴ

Որոշ զարդեր արտաքուստ աներևույթ փական ունեն։ Բացում ես ու հատակին թութունի փայտ նկատում։ Դրա վրա մի քանի կաթիլ օծանելիք ցանելու դեպքում զարդը բուրում է։

Ի դեպ, Արման Նուռը նաև պարֆյումեր է, նրա ստեղծած բույրերը նույնքան գրավիչ են, որքան զարդերը, քանդակներն ու նկարները։ Այստեղ էլ է Արտաշեսի ու Սաթենիկի սիրո պատմությունը Նուռին ոգեշնչել ու Արտամետի ծաղկած խնձորենիների բույրը ստանալու համար նրան հասցրել Վանա լճի հարավարևելյան ափին գտնվող Արտամետ բնակավայր, որտեղից բերված մի քանի տնկիներն արդեն ծաղկել են, իսկ Նուռը նրանց բույրը վերածել է պարֆյումի։

Նուռ

«Չկա մի բան, որ համադրելի չլինի այլ բանի հետ։ Բնությունն ինքն այնքան խառը, միաժամանակ ներդաշնակ ու համահունչ է, որ արվեստագետը պետք է իր արվեստում փորձի նմանվել բնությանը»,-ասում է Նուռը։

Նուռի զարդերից այսօր կրում են համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Անդրե Աղասին, Շերը, Մայա Պլիսեցկայան, Մադլեն Օլբրայթը, Մոնսերատ Կաբալյեն, Էլ Ջերոն, Նինո Կատամաձեն և ուրիշներ:



ՃԱՆՃԸ, ՈՐՆ ՈՒԶՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԱՇԽԱՐՀԸ

2017 թվականին Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի միջազգային

Նուռ

բիենալեի գլխավոր մրցանակը` Լորենցո Մեդիչիի Ոսկե մեդալը, նվաճեց Նուռը՝ իր «Ճանճ» և «Ճանճ-Էվոլյուցիա» աշխատանքներով՝ հետևում թողնելով 74 երկրի 417 արվեստագետների շուրջ 1100 ստեղծագործություն։

Մի զզվելի արարած, որից խորշում են աշխարհի բոլոր ծայրերում, Նուռի ձեռքով դարձավ հերոսուհի, անգամ գեղեցկուհի՝ գերելով իտալական քմահաճ արվեստասեր հասարակությանն ու մրցույթի ժյուրիին։ Սա աննախադեպ էր ոչ միայն ճանճի համար, այլև Հայաստանի․ Ֆլորենցիայի բիենալեի պատմության ընթացքում սա Հայաստանի առաջին հաղթանակն էր։ Հեղինակը շեշետում է՝ հաղթեց ոչ թե ճանճը, այլև սերը։

Նուռը երկու ճանճ-քանդակ ունի՝ մեծ ու փոքր։ Նրանք մշտապես շրջագայում են աշխարհում՝ քարոզելով սեր ու մարդասիրություն։

Նուռ

Հեղինակը համոզված է, որ ատելությունը կարող է վերափոխվել սիրո, եթե փորձես աշխարհին այլ աչքերով նայել, օրինակ՝ ճանճի, որի բիոլոգիական տեսողությունը վերարտադրված է փոքր ճանճ-քանդակում։ Այն պտտվելով վերածվում է ակնոցի և հնարավորություն տալիս տեսնել աշխարհը իրական ճանճի աչքերով՝ մտքի և հոգու աներևակայելի թռիչք պարգևելով դիտողին։


ԱՌԱՋԻՆ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՔԱՆԴԱԿՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Միջազգային 29 «Գրան պրի», պատվավոր տեղ համաշխարհային արվեստի կատալոգում, առաջին անիմացիոն քանդակ։ «Սա իմ այցեքարտն է։ Կարելի է ասել՝ այս քանդակներն ինձ ավելի շատ են կերտել, քան ես նրանց»,-խոստովանում է Նուռը՝ ցուցադրելով «Հանճար» անիմացիոն քանդակների հավաքածուն։

Մարդկային կերպարներով փոքրիկ արձանախումբը բաղկացած է 5 տարբեր մարդ-քանդակներից, որոնցից յուրաքանչյուրը կարող է ընդունել 5-7 դիրք՝ արտացոլելով տարբեր հոգեվիճակներ ու զգացողություն։ Այլ կերպ ասած՝ այն հանճարի մասին պատմող 30-35 «կադր» ունեցող անիմացիա է։

Նուռ

Տարիներ առաջ, երբ քանդակը ցուցադրվում էր Մոսկվայում, ցուցահանդեսին ներկա էր նաև Պուտինը։ Երբ Նուռը ներկայացնում է արձանիկների փոփոխվող անիմացիան, որն ավարտվում է հանճարի վերելքով ու հաղթանակով, Ռուսաստանի նախագահը վերցնում է առաջին արձանիկն ու դնում այն դիրքում, որից պատմությունը սկսվել էր՝ առաջարկելով պատմությունն ավարտել այդպես։

«Այդ միտքն ինձ այնքան դուր եկավ, որ ես խոստացա այսուհետ անիմացիան հենց այդպես ներկայացնել»։ Այսինքն, երբ թվում է՝ պատմությունն ավարտված է, ու հանճարը իրականություն է դարձրել իր միտքը, նրան այցելում է նոր հանճարեղ միտք ու կրկին տակնուվրա անում նրա ներաշխարհը։ Եվ ամեն ինչ սկսվում է նորից։

Նուռ

ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՆՈՒՌԻ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շատերն են տեսել Խնկո Ապոր գրադարանի դիմացի «Ընթերցողը» հուշարձանը, բայց քչերը գիտեն, որ այն Նուռի ստեղծագործությունն է։

Իսկ ովքե՞ր գիտեն, որ Ազգային պատկերասրահի հարևանությամբ գտնվող «Յոթ աղբյուր» ցայտաղբյուրի նոր գլխիկների հեղինակը նույնպես Նուռն է։ Ցայտաղբյուրի սկզբնական գլխիկները 90-ականներին գողացել էին և փոխարինվել վատ որակի գլխիկներով։ 2010-ին Նուռը ոչ թե վերականգնեց հինը, այլև ստեղծեց նորը, որի հիմքում Հրապարակի ճարտարապետությունն է` հայկական ավանդական զարդանախշերով:

Նուռը նաև մի շարք հայտնի մշակութային մրցույթ-փառատոնների արձանիկների հեղինակն է։


ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ԳԻԾ

Նուռ

«Չընդհատվող գիծ» հավաքածուն, որը ստեղծվել է 2018-ին, նոր խոսք է նկարչության արվեստում։ Չընդհատվող գծով նկարները սկսվում են մեկ կետից ու առանց կտավից պոկվելու հասնում ավարտին։ Եթե անգամ նկարի ստեղծումը տևի մեկ, մի քանի կամ նույնիսկ տասը ժամ, միևնույն է գիծը չպետք է ընդհատվի։ «Դա ավելի շուտ մեդիտացիոն պրոցես է, ես այդ ընթացքում ժամերը չեմ զգում»,-ասում է Նուռը։

Հավաքածուի ամենատպավորիչ աշխատանքը հսկայական կտավն է, որի սպիտակ ֆոնին սև գծով պատկերված է ողջ Երևանը։ Առաջին հայացքից ոլորուն գծեր թվացող նկարը հանկարծ դիտողին կլանում է, տանում Երևանի կենտրոն, պտտում Հրապարակով, հասցնում Կասկադ, հետո ցույց տալիս Մատենադարանը, Օպերայի շենքը, «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին, «Ռոսիա» կինոթատրոնը, Համալիրը, Ծիծեռնակաբերդը և այլ տեսարժան վայրեր։ Իսկ այդ ամենի գլխավերևում Արարատն է՝ ծագող արևով։ Նկարի կենտրոնը, որից սկիզբ է առնում չընդհատվող գիծը, Երևանի զինանշանի խորհրդանիշ առյուծի գլուխն է։ Չընդհատվող գծով նկարի ստեղծումը տևել է 12 ժամ։

Բայց սա դեռ ամենը չէ․ պարզվում է՝ նկարի ողջ կոմպոզիցիոն պատկերը կառուցված է Երևանի թամանյանական հատակագծի վրա։ Դա կարելի է նշմարել միայն աչքերը կիսափակ անելով։ Նկարի մեջ կան նաև «թաքնված» տառեր ու թվեր, որոնցով կարելի է գրել «Երևան» բառը, ստանալ Երևանի տարիքն ու ամեն տարի ևս մեկ տարով ավելացնել։ Նկարում կան նաև մարդիկ, երևանցիներ, առանց որոնց, ինչպես Նուռն է ասում, Երևանը Երևան չէ։

Նուռ

Երևանը Երևան չէ նաև առանց իր տաղանդների, մարդկանց, որոնք Երևանի համն ու բույրն են, քաղաքի ու երկրի այցեքարտը, հայ մշակույթի դեսպանն աշխարհում, ինչպես Արման Նուռը՝ մեր քաղաքի ամենակոլորիտային, ամենաչկրկնվող, ամենաթևածող արվեստագետներից մեկը, որն իր արվեստում վարպետորեն շաղախում է ազգային ու համամարդկային երանգները ու կերտում աշխարհ ամենաանհավանական գույներով։


«Ի՞նչ բառ կընտրես, որը կարտացոլի արվեստդ»,-հարցնում եմ Նուռին։

Պատասխանը չի ուշանում․ «Փոխել աշխարհը»։

«Բայց դա արդեն երկու բառ է»,-ծիծաղում եմ։

«Աշխարհափոխություն»,-անմիջապես արձագանքում է Նուռը։

Անի Գասպարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: