Հայերեն   English   Русский  

​Երբ զորահանդեսը առաջնորդում են երեխաները


  
դիտումներ: 403

Այս օրերի մոսկովյան իրադարձությունների լրատվությունում՝ կապված ցույցերի և դրանց ակտիվիստներին քրեական պատասխանատվության ենթարկելու հետ, մի ուշագրավ փաստ հանդիպեց: Երեքշաբթի հայտնի դարձավ, որ Մոսկվայի դատախազությունը դիմել է դատարան, որպեսզի ծնողական իրավունքից զրկի Դմիտրի և Օլգա Պրոկազովներին, որոնք մասնակցել են հուլիսի 27-ի ընդդիմադիր հանրահավաքին իրենց մի տարեկան երեխայի հետ: Դատարանը ընդունել է հայցը:

Պրոկազովները

Դատախազության կարծիքով՝ «շահագործելով երեխային՝ նրանք չարաշահել են իրենց ծնողական իրավունքներն ի վնաս իրենց որդու շահերի»: Ռուսաստանի քննչական կոմիտեն (ՌՔԿ) քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 125-րդ (վտանգի մեջ թողները) և 156-րդ (անչափահասի դաստիարակության պարտականությունների կատարումը) հոդվածներով: Գործը հարուցվել է մի տեսահոլովակի հիմքով, որում երևում է, թե ինչպես են Պրոկազովներն իրենց երեխային տալիս ուրիշին: Իրենք՝ Պրոկազովները, լրագրողներին հայտնել են, որ հոլովակը մոնտաժված է, և իրենք երեխային տվել են ոչ թե օտար մարդու գիրկը, այլ իրենց ազգականին: Բանն այն է, որ այդ ազգականը՝ Սերգեյ Ֆոմինը, եղել է կամավոր Մոսդումայի պատգամավորի չգրանցված թեկնածու Լյուբով Սոբոլի շտաբում, նրան մեղադրանք է առաջադրված «զանգվածային անկարգությունների» գործով:

Անշուշտ, իրավացի են Պրոկազովների պաշտպանները, որոնք կարծում են՝ տվյալ գործի հարուցումը քաղաքական ենթատեքստ ունի և նպատակ ունի վախեցնել ընդդիմադիրներին: Բայց և այնպես նրանք ստիպված են դատարանում ապացուցել, որ Պրոկազովներն իրենց ազգականին հանդիպել են պատահաբար, նրանք հանրահավաքի ամբոխի մեջ հայտնվել են ակամա, իսկ երեխային մի քանի րոպեով ազգականի գիրկը տալը սովորական երևույթ է նրանց կյանքում:

Հարցն այն է, որ օրենսդրությունը մեծահասակներին պատասխանատվության ենթարկելու հիմքեր տալիս է, եթե երեխան օգտագործվում է քաղաքական նպատակներ հետապնդող հանրահավաքներում, քանի որ այդ դեպքում կարող են առկա լինել երեխայի լավագույն շահերից չբխող գործողությունների, նրա շահագործման և ծնողական իրավունքների չարաշահման տարրեր, ինչը արգելում են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և այլ օրենքներ:

Այս հարցը ուշագրավ է հատկապես «թավշյա հեղափոխություն» կատարած երկրի քաղաքացիների՝ հայաստանցիներիս համար:

Հիշո՞ւմ եք երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում: «Մայրաքաղաք Երևանում նախ մեր շարժմանը միացան բազմաթիվ դպրոցականներ՝ տղաներ և աղջիկներ, հետո նրանց հետևից եկան նրանց ավագ քույրերը և եղբայրները, հետո նրանց հետևից եկան նրանց հայրիկներն ու մայրիկները, ապա և տատիկները և պապիկները»,- պարծանքով հայտարարեց վարչապետը: Եվ համայն աշխարահին հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» առաջամարտիկները փաստացի եղել են կրտսեր տարիքի դպրոցականները, իսկ նրանց ավագ եղբայրներն ու քույրերը, ծնողները, տատիկ-պապիկները շարժման մեջ հայտնվել են ակամա՝ ի սեր իրենց զավակների և ի պաշտպաանություն նրանց անվտանգության:

Հեղափոխության օրերին, իհարկե, լսվում էին կարծիքներ, թե չի կարելի երեխաներին խառնել քաղաքական շարժումներին, սակայն դրանք խլանում էին ընդհանուր հեղափոխական էյֆորիայի մեջ: Իսկ դպրոցների այն տնօրենները, որոնք փակում էին դպրոցների դռները և թույլ չէին տալիս երեխաներին միանալ շարժմանը, խստագույնս դատապարտվում էին:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն՝ «մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը»: Այո, բայց խոսքն ի՞նչ հավաքների մասին է, որոնք իրե՞նք են կազմակերպում, իրե՞նց հարցերն են առաջադրում, թե՞ որոնց ներագրավվում են քաղաքական ուժերի կողմից: Կոնվենցիայի 19-րդ հոդվածը պարտավորեցնում է պետություններին զերծ պահել երեխաներին որևէ չարաշահումից և շահագործումից: Ուրեմն ո՞րն է սահմանը: Այն դպրոցական երեխաները, որոնց կոչերով դուրս էին կանչում հեղափոխականները և հորդորում էին միանալ իրենց, միավորումների և հավաքների ազատության իրավո՞ւնքն էին իրացնում, թե՞ օգտագործվում էին: Այս հարցը, ցավոք, իրավապահների և իրավապաշտպանների լուրջ քննության առարկա չդարձավ և հավանաբար երբևէ չի էլ դառնա, քանի դեռ մեր երկրում թագավորում է «թավշյա հեղափոխության» պաշտամունքը:

Չմոռանանք, որ կոնվենցիայի նույն 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է. «Այդ իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այնպիսիներից, որոնք սահմանվում են օրենքի համաձայն և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ են ի շահ ազգային անվտանգության կամ հասարակական ապահովության, հասարակական կարգի (ordre pսblic), բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության»: Երբ երեխաներն ակտիվորեն մասնակցում էին փողոցներ փակելուն և թույլ չէին տալիս մարդկանց տեղաշարժվել, արդյոք չէին խաթարում հասարակական կարգը և չէին սահմանափակում ուրիշների իրավունքները:

Լավ, դպրոցականներին դեռ մի կողմ թողնենք: Իսկ ի՞նչ ասես գրկի երեխաների մասին: «Թավշյա հեղափոխության» օրերի ամենացնցող լուսանկարը թերևս նա էր, որ ցուցադրում էր, թե ինչպես են երիտասարդ մայրերը մանկասայլակներում պառկած երեխաների հետ փակել փողոցը: Սա բառի բուն իմաստով վայրենություն էր, որը, սակայն, հպարտորեն տարածվում էր սոցցանցերում և կայքերում: Այդ երեխաները, որոնք խոսել իսկ չգիտեին և իրենց մարմնով փողոց էին փակել, ի՞նչ իրավունք էին իրացնում: Եվ նրանց մայրերն արդյոք ի վիճակի են եղել մտածելու, որ բողոքի ցույցերը բնավ անվտանգ տեղ չեն, որտեղ կարող են ամենաանկախատեսելի դեպքեր տեղի ունենալ: Մի՞թե հեղափոխական երանությունն այնքան ուժեղ է եղել, որ ի չիք է դարձրել երեխային վտանգներից պաշտպանելու մայրական բնազդը: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես կվարվեր սրանց հետ Մոսկվայի հակահեղափոխական դատախազությունը: Մանավանդ որ ասում են՝ Մոսկվան արցունքների չի հավատում...

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: