Հայերեն   English   Русский  

​Տուն-թանգարան, որտեղից բոլորը հեռանում են հպարտության մեծ զգացումով. Գոհար Չարենց


  
դիտումներ: 2067

Պարսկական ծխամորճ, չինական թութունաման, ճապոնական բաժակներ և սկուտեղ. օգոստոսի 2-ին ժամը 14:00-ին հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարանում ներկայացվեցին նրա բացառիկ, երբևէ չցուցադրված իրերը։

Չարենցի տուն-թանգարան-3

Ներկայացվեցին հիմնական ցուցադրանքում տեղ գտած նմուշներ, ֆոնդային իրեր, որոնք այցելուն երբևէ չի տեսել, և Անահիտ Չարենցի ֆոնդում պահվող պոետի անձնական իրերից մի քանի նոր ցուցանմուշներ:

Պոետի տուն-թանգարանում պահվող կենցաղային գրեթե բոլոր իրերը հնդկական, ճապոնական, չինական ու պարսկական ծագման են: Անձնական հավաքածուում տեղ գտած ցուցանմուշներից կարելի է ենթադրել, որ նա բացառիկ ճաշակ է ունեցել:

«Անկախը» զրուցել է Չարենցի թոռան` Գոհար Չարենցի հետ։

- Չարենցի կապը Արևելքի հետ զգացվում է ինչպես նրա ստեղծագործությունների, այնպես էլ կենցաղի մեջ։ Որտեղի՞ց է գալիս այդ սերը Արևելքի հանդեպ:

Գոհար Չարենց

- Չարենցը ծնվել է Կարսում, չնայած երկար ժամանակ կարծում էին, որ նա Իրանի Մակու քաղաքից է: Սակայն երևան եկավ նրա ծննդյան վկայականը: Չարենցը գրում էր. «Ես եկել եմ հեռու Իրանից, հայրենիքս է Խանի Մակուն» կամ «Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում»: Բայց Մակուն ծնողների հայրենիքն էր և իր հոգու հայրենիքը:Միշտ սիրել է Արևելքը:

- Գրողն ինչո՞վ էր սիրում իրեն շրջապատել:

- Չարենցը բացառիկ ճաշակ ուներ և սիրում էր իրեն շրջապատել գեղեցիկ իրերով՝ ճապոնական, չինական, հնդկական, պարսկական, որոնք գնում էր Մոսկվայի, Լենինգրադի, Թիֆլիսի կոմիսիոն խանութներից: Չարենցի բնակարանում տեսնում ենք Արևմուտքի և Արևելքի համադրությունը՝ գերմանական դաշնամուր, ճապոնական թեյի սպասք, ամերիկյան գրապահարան և չինական պաննոներ:

- Ի՞նչ միջոցառումներ և գիտաժողովներ են կազմակերպվում թանգարանում:

- Տուն-թանգարանում հաճախ ենք կազմակերպում բազմապիսի և բազմաբնույթ միջոցառումներ՝ դասախոսություններ, համերգներ, կրթական ծրագրեր, հոբելյանական երեկոներ, ցուցահանդեսներ: Թանգարանը հյուրընկալում է նաև անվանի մարդկանց: Ամեն տարի Չարենցի մահվան օրը՝ նոյեմբերի 27-ին և 28-ին անցկացվում է «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով գիտաժողով: Մասնակցում են անվանի գրականագետներ, գիտնականներ, թանգարանի գիտաշխատողները և երիտասարդ հետազոտողները:

- Թանգարանում ի՞նչ սկզբունքով են կազմակերպվում ցուցադրությունները:

- Ցուցադրությունները կազմակերպվում են Չարենցի կյանքն ու գործունեությունը լուսաբանելու և հանրահռչակելու նպատակով: Թանգարանի ֆոնդը մշտապես համալրվում է նորանոր ձեռքբերումներով:

- Ովքե՞ր են հիմնականում այցելուները և արդյոք թանգարանն այցելուների խնդիր ունի՞:

- Թանգարանը երբեք չի ունեցել ացելուների խնդիր: Ամռան ամիսներին պակասում է աշակերտների և ուսանողների թիվը, բայց ունենում ենք շատ զբոսաշրջիկներ, ինչպես հայ, այնպես էլ օտարազգի: Ուրախալի է հատկապես այն փաստը, որ այցելուները գալիս են ընտանիքներով՝ բերելով անգամ փոքրիկներին, որոնք դեռ չեն էլ լսել Չարենցի անունը:

- Ձեզ մոտ գործում է նաև Չարենցի անձնական գրադարանը: Ովքե՞ր են օգտվում այդ գրադարանից:

- Ուսանողները, գրականագետները: Չարենցի անձնական գրադարանը գտնվում է նրա մեմորիալ բնակարանում, և այցելուները միայն հեռվից կարող են այն տեսնել:

- Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության մասին Վ. Սարոյանը ասել է, թե այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը: Ձեր կարծիքով՝ չարենցյան հայրենասիրությունը ոգեշնչո՞ւմ է այսօրվա մատաղ սերնդին:

- Չարենցի հայրենասիրությունը ոգեշնչում է բոլորին և այն այնքան մեծ է, որ կբավականացնի մի քանի սերնդի: Այս սերունդը հաղթանակ տեսած և անկախության սերունդն է, և հենց նրանց է տեսել Չարենցը իր «Գանգրահեր տղա» ստեղծագործության մեջ:

- Գործում է նաև Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը: Համագործակցո՞ւմ եք միմյանց հետ:

- Մենք համագործակցում ենք Գրականության և արվեստի թանգարանի հետ, ինչպես նաև այլ թանգարանների հետ, որոնք թեմատիկ առումով կապ ունեն մեր թանգարանի հետ:

- Տիկին Չարենց, Ձեր կարծիքով՝ ի՞նչ մտորումներով են հեռանում այցելուները Չարենցի տուն-թանգարանից:

- Կարծում ենք՝ թանգարանից հեռանալիս այցելուներից ոմանք հիանում և զարմանում են, թե իր կարճատև կյանքի ընթացքում ինչ հսկայական աշխատանք է արել Չարենցը, ոմանք էլ՝ տխրում և հուզվում՝ նրա ողբերգական կյանքի և նույնքան ողբերգական մահվան մասին լսելով: Բայց վստահ եմ, որ բոլորն էլ հեռանում են հպարտության մեծ զգացումով:

Թամարա Թորոսյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: