Հայերեն   English   Русский  

Ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահը


Նախնական տվյալներով՝ ձերբակալման հատուկ գործողության ընթացքում տուժել է 10 մարդ


  
դիտումներ: 312

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր՝ օգոստոսի 7-ին, Ղրղզստանում Աթամբաևին ձերբակալելու հատուկ գործողություն է իրականացվել: Ըստ նախկին նախագահի շրջապատի տվյալների՝ գրոհի ընթացքում հատուկջոկատայինները կիրառել են ռետինե գնդակներ և ձայնային նռնակներ, տան գլխին ուղղաթիռներ են երևացել: Երկրի նախկին ղեկավարը ձերբակալվել է:

Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են նախկին նախագահի տուն տանող բոլոր ճանապարհները, որը գտնվում է Բիշկեկի մոտ՝ Բեշ-Կունգեյ գյուղում: Աթամբաևի շտաբում հայտնել են, որ նախկին նախագահի տունը պահպանողները քարեր և փայտեր են շպրտել:

Նախնական տվյալներով՝ գործողության ընթացքում տուժել է մոտ 10 մարդ: Տուժածների թվում լրագրող կա:

Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 27-ին քվեարկեց Աթամբաևին անձեռնմխելիությունից և նախկին նախագահի կարգավիճակից զրկելու օգտին, ինչը հնարավորություն է տալիս նրան ենթարկելու քրեական պատասխանատվության:

Նրան կասկածում են հողակտորների վերաորակավորման, Բիշկեկի ՋԵԿ-ի վերակառուցման ժամանակ կոռուպցիայի, ազատազրկման վայրից քրեական հեղինակություն Բատուկաևին անօրինական ազատելու և մի շարք այլ հանցագործությունների մեջ:

Աթամբաևը կարծում է, որ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման հանրապետության ներկայիս ղեկավարության կողմից, իսկ բոլոր մեղադրանքներն իր հասցեին անվանում է «անհեթեթություն»: Նրա փաստաբանը համարում է, որ պատգամավորների որոշումը չի համապատասխանում երկրի սահմանադրությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: