Հայերեն   English   Русский  

​Մեր պատասխանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին


  
դիտումներ: 1342

Արձագանքելով մեր «Հովանավորչություն նորարարության ժապավեններով» հրապարակմանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծրագրերի ղեկավար Սուսան Մարկոսյանը երեք առարկություն է արել՝

հույս հայտնելով, որ մեր «մասնագիտական բարեխղճությունը թույլ չի տա անպատասխան թողնել» իր հարցերը: Ուստի քիչ ուշացումով բարեխղճորեն պատասխանում ենք:

Սուսան Մարկոսյանը գրում է.

1. Անմեղ բա՞ն է, որ Ձեր հոդվածում նորից գրել եք. «Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրին հատկացրել է 117 մլն դրամ», երբ չէիք կարող տեսած չլինել, որ խոսքը այս դեպքում 49 մլն-ի մասին է։ Ձեր կայքում «Աշոտ Բլեյան» տեգով բացվող մյուս նյութն է՝ «Կառավարությունը 117 մլն կտա մասնավոր դպրոցի...»: Ինչո՞ւ է եք շարունակում տարածել ապատեղեկատվությունը։

Սուսան Մարկոսյանի նշած նյութը հրապարակվել է հունիսի 7-ին, և դա այն տեղեկատվությունն է, որը տարածել են բոլոր լրատվամիջոցները, գրեթե անխտիր: Մեր հոդվածը հրապարակվել է հուլիսի 22-ին, որի շարադրանքից հստակ երևում է, որ սկսելով «Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հատկացրել է 117 մլն դրամ» խոսքով՝ ոչ թե փորձել ենք անվերապահորեն հաստատել այդ տեղեկատվությունը, այլ ընդհակառակը՝ պարզաբանել, թե ինչու և ինչպես է դա տեղի ունեցել:

Հետագա շարադրանքում, որ հոդվածի զգալի մասն է կազմում, համապատասխան հղումներով ու մեջբերումներով հստակ ցույց ենք տվել, որ իրականում հունիսի 6-ին որոշում է ընդունվել կրթահամալիրի լրացուցիչ ֆինանսավորման մի մասի՝ 49 մլն-ի համար, ընդ որում՝ ոչ թե մրցութային կարգով, ինչպես նախատեսված է եղել, այլ առանց մրցույթի: Նշել ենք նաև, որ տարվա սկզբից էլ կրթահամալիրին առանց մրցույթի հատկացված է եղել 68 մլն: Կարծեմ մենք միակն ենք կամ քչերից մեկը, որ հիշյալ դրամաշնորհի կապակցությամբ այսքան մանրամասն պարզաբանում ենք տվել և առավելագույնս ճշգրտել տիկին Մարկոսյանի մատնանշած «ապատեղեկատվությունը»: Հետևաբար նրա դժգոհությունն առնվազն անարդար է և անհասկանալի: Ինչ վերաբերում է նախկինում մեր տարածած մյուս տեղեկությանը, ապա դա մասամբ է անստույգ, քանի որ, այո, հունիսի 6-ին հատկացվել է 49 մլն, բայց հունվարից հատկացված 68 մլն-ի հետ միասին, միևնույն է, հանրագումարում կառավարությունը կրթահամալիրին տարվա համար շնորհել է117 մլն դրամ:

2. Ինչո՞ւ եք շրջանցել, որ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» 1515-Ն որոշմանը կառավարությունը 2019 թ. հունվարից անդրադարձել է համարյա բոլոր նիստերում, ընդունել ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 200 որոշում։

Իսկ ի՞նչ է, մենք գրել ենք որ հունիսի 6-ի որոշումը «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» 1515-Ն որոշման միա՞կ փոփոխությունն է: Բնավ ոչ: Ինչո՞ւ անդրադառնայինք մյուս փոփոխություններին և չարաշահեինք ընթերցողի ժամանակը, եթե դրանք մեր քննության առարկային չեն վերաբերում: Անհասկանալի է՝ տիկին Մարկոսյանն այստեղ ի՛նչ հետին նպատակ է տեսնում:

3. Ինչո՞ւ պետական հանրակրթական մի ծրագրի շարունակական լինելը Ձեզ չի զարմացնում, իսկ մյուսի՝ հեղինակային կրթական ծրագրի դեպքում տարակուսում եք, որ ամենամյա է։

Կրթահամալիրին «անընդմեջ պետական աջակցություն հատկացնելու մասին որոշում կայացնող» նախկին և ներկայիս իշխանություններն առաջնորդվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, որով որոշված են հանրակրթական ծրագրերը, այդ թվում՝ նաև պետական այլընտրանքային, հեղինակային կրթական ծրագրերը։

Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում իրականացվող նախադպրոցական կրթական ծրագիրը շարունակական է, ինչպես հանրապետության ցանկացած այլ նախակրթարանում (մանկապարտեզում), քանի դեռ շահառու ունի՝ 2-5 տարեկան երեխաներ, որոնց ծնողները ընտրում են կրթահամալիրը, իրականացվող հեղինակային ծրագիրը։ Կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթությունը շարունակական է, ինչպես հանրապետության մյուս՝ պետական աջակցություն ստացող արտադպրոցական հաստատություններում, քանի դեռ տարատարիք սովորողներ ընտրում են իրականացվող կրթական ծրագրերը։ Կրթահամալիրում ստեղծվող մեդիագրադարանը, մանկավարժական պարբերականը, հեղինակային կրթական ծրագրով ուսումնական ծրագրերի, նյութերի ստեղծումը շարունակական են, ինչպես դրանք շարունակական են պետական կրթական ծրագրով։ Իրավական հիմնավորումներ փնտրելիս բաց եք թողել ՀՀ վարչապետի 2019թ. մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» 289-Ա որոշումը, որով սահմանվում են պարտադիր, հայեցողական, շարունակական ծախսերը, ծախսային պարտավորությունները և նոր նախաձեռնությունները։

Ակնհայտորեն տիկին Մարկոսյանը լավ չի ըմբռնել մեր հարցադրումը և ակնհայտորեն այդ հարցում նրան խանգարել է այն կանխակալ կարծիքը, թե մենք դեմ ենք իրենց կրթահամալիրի գործունեությանը: Քավ լիցի: Մենք դեմ ենք կրթության և առհասարակ ցանկացած ոլորտում խտրական դրսևորումներին և կողմ ենք հստակ սահմանված սկզբունքներին, կանոններին և չափանիշներին: Մեր ընդդիմախոսի այդ կանխակալ վերաբերմունքը նրան հասցրել է այն թյուր տպավորությանը, թե մենք դեմ ենք իրենց հեղինակային ծրագրերի շարունակականությանը: Դա առնվազն անհեթեթ կլիներ:

Այո, մյուս կրթական հաստատություններում կրթական գրեթե բոլոր ծրագրերը շարունակական են, բայց նրանք դրա համար լրացուցիչ չեն ֆինանսավորվում: Ուստի մեր հարցադրումն ուրիշ է՝ ֆինանսավորման սկզբունքի մասին է: Կրթահամալիրը 2005 թ. ի վեր առանց մրցույթի լրացուցիչ ֆինանսավորում է ստացել պետական բյուջեից փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացման համար: Վերջին տարին «փորձարարական» բառը փոխարինվել է «նորարարական» բառով, որ փաստացի ոչինչ չի փոխել: Ստիպված ենք կրկնել՝ մեզ հետաքրքրում է, թե գիտահետազոտական կամ փորձագիտական ինչ հաստատության կողմից են կրթահամալիրի հեղինակային ծրագրերը գնահատվել փորձարարական կամ նորարարական, ինչ չափանիշների հիման վրա, և արդյոք տարեցտարի նույն փորձարարական ծրագիրը կարո՞ղ է լրամշակվելով կամ շարունակվելով՝ ամեն անգամ ֆինանսավորվել որպես փորձարարություն կամ նորարարություն: Վերջապես, կարո՞ղ է այս ամբողջ գործընթացը կազմակերպվել առանց մրցույթի:

Տիկին Մարկոսյանը մատնանշում է ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 22-ի 289-Ա որոշումը և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, բայց դրանք, ավաղ, չեն փարատում մեր կասկածները, ավելին, ցույց են տալիս, որ մեր հարցադրումը տեղին է:

Վարչապետի որոշման մեջ նշված է. «Շարունակական ծախսեր են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով հաստատված և հետագա տարիներին շարունակվող հայեցողական ծրագրերը»: Հարցն էլ հենց այն է, թե ինչ հայեցողությամբ և ինչ հիմնավորմամբ է խնդրո առարկա ֆինանսավորումն ընդգրկվել միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Դառնանք «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին, որով, ինչպես մեր ընդդիմախոսն է հավաստում, առաջնորդվում են մեր նախկին և ներկայիս իշխանությունները: Մի՞թե:

Օրենքում՝ «Հեղինակային կրթական ծրագիր» հասկացության սահմանման մեջ գրված է. «Այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից»: Նորից հարցնենք՝ ի՞նչ չափանիշներով են կրթահամալիրի հեղինակային ծրագրերը ճանաչվել որպես այդպիսին: Իսկ «փորձարարական կրթական ծրագիր» հասկացության սահմանման մեջ նշված է. «Սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիր…»: Շարունակականության մասին խոսք չկա, այլ որոշակի ժամկետի, քանի որ փորձարարությունն արդյունքներ տալուց հետո ներդրվում է կամ չի ներդրվում, կախված արդյունքների դրական կամ բացասական լինելուց, և չի կարող անվերջ, 10-15 տարի շարունակ փորձարարական համարվել:

Ինչ վերաբերում է ուսումնական հաստատությունների լրացուցիչ ֆինանսավորմանը, ապա օրենքում խոսվում է միայն և միայն մրցույթի մասին: Օրենքի 29-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն՝ մրցույթի կարգը սահմանում է կառավարությունը, 30-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն՝ ուսումնական հաստատությունը պետական բյուջեից մրցութային կարգով լրացուցիչ ֆինանսավորելու առաջարկություն է անում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, այսինքն՝ նախարարությունը: Վերջապես, օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, որ վերաբերում է բուն ուսումնական հաստատության ֆինանսավորմանը, ուսումնական հաստատությունը կարող է պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում և դարձյալ միայն և միայն մրցութային կարգով (կետ 4): Կարդացեք օրենքը վերից վար, հոդված առ հոդված, կետ առ կետ, արտամրցութային կարգով որևէ ուսումնական հաստատության որևէ այլընտրանքային, հեղինակային կամ փորձարարական ծրագրի համար ֆինանսավորման մասին, այն էլ 10-15 տարի շարունակ, խոսք չկա:

Մեր տրամաբանությունը, համոզմունքները և տեսակետները դեռ դնենք մի կողմ, այս ամենն ընդդիմախոսի մատնանշած փաստաթուղթն է ասում, որ տվյալ ոլորտի հիմնական գործող օրենքն է: Հետևաբար ի՞նչ կողմնակալության համար են մեզ կշտամբում:

Հարգելի Սուսան Մարկոսյանը մեզ հրավիրում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ մեր «աչքով տեսնելու, գնահատելու կրթահամալիրի մանկավարժական կազմի ստեղծածը, չափելու ծրագրի օգտակար գործողության գործակիցը»: «Հաստատ կուրախանաք՝ տեսնելով մեր ստեղծած բաց-զարգացող-ներառական աշխարհը, որտեղ ոչ միայն վարչապետի երեխաներն են սովորել, սովորում...»,- գրում է նա:

Մի՞թե մեր հրապարակումից չի երևում, որ չենք կարող մեզ որևէ կրթական ծրագիր գնահատելու իրավունք վերապահել այն պարզ պատճառով, որ մասնագետ չենք: Մանկավարժությունը գիտություն է, ուստի գնահատման ցանկություն կամ համարձակություն կարող են ունենալ միայն բանիմաց մասնագետները: Ինչ վերաբերում է ուրախանալուն, կասկած չունենք, որ կրթահամալիրը ցույց տալու շատ բան ունի, բայց հազիվ թե մեր ուրախությունը լիարժեք լինի, քանի որ տեղնուտեղը հիշելու ենք այն տասնյակ դպրոցների տխուր վիճակը, որ տեսել ենք հանրապետության ծայրամասերում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հպարատանում է, որ մարդիկ իրենց երեխաներին բերում են սեփական ընտրությամբ: Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը, սակայն, ընտրության հնարավորություն չունի: Սա է խնդիրը: Ուստի մեր ցանկությունն է, որ կրթության լավագույն պայմաններ ապահովվեն հավասարապես բոլոր դպրոցներում, որպեսզի լավ կրթության հնարավորություն ունենան բոլորի, ոչ թե միայն ընտրության հնարավորություն ունեցողների երեխաները: Իսկ դրան հասնելու ճանապարհներից մեկն էլ այն է, որ օրենքներն ու սկզբունքները չմնան թղթի վրա և գործեն ոչ թե հայեցողաբար, այլ անխտիր բոլորի համար:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: