Հայերեն   English   Русский  

​Ճակատագրի հեգնանքը՝ տնտեսագիտականում կռիվ է ընկել


  
դիտումներ: 3155

Պատերազմը հայտարարել է 32-ամյա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, որ անցած տարվա դեկտեմբերից նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

և հայտարարել, որ այս բուհում հեղափոխական բարեփոխումներ կատարելու առաքելությամբ է եկել: Սակայն ներկայիս գործընթացները վկայում են, որ նրա բարեփոխումները ոչ միայն վիճելի են, կամայական, հաճախ օրենքի տառին ու ոգուն հակառակ, այլև տվյալ բուհը հիմնիվեր կազմաքանդելու հեռանկար են խոստանում:

Բայց կռիվը նոր չի սկսվել և ոչ միայն այս բուհում, այլև շատ ավելի վաղ, երբ երկրի նոր ղեկավարությունն իշխանությունը ստանձնելուն պես կատաղի արշավ սկսեց բարձրագույն ուսումնական հաստատությունների դեմ՝ ձգտելով ամեն կերպ իմքայլականացնել դրանց կառավարումը: Երևանի պետական համալսարանի տևական աղմկոտ պատմությունը բոլորին է հայտնի:

Հետևաբար տարօրինակ ոչինչ չի կատարվում. մեր բնակչության ամենադյուրահավատ հատվածը, կախարդական փայտիկով երջանիկ դառնալու սիրառատ խոստումներից գլուխը կորցրած, մանդատ տվեց մի անձնավորության և ասաց՝ արա մեզ հետ ինչ ուզում ես: Վերջինս էլ, ստացած ձայներից արբշիռ, սկսեց ամենուրեք հեռացնել բոլոր պաշտոնյաներին և նշանակել իր հետ քայլած մարդկանց և ասաց՝ արեք ինչ ուզում եք: Հետևաբար տարօրինակ չէ, որ այժմ Ռուբեն Հայրապետյանի գործունեությունն այսօր աղմուկ է բարձրացրել: Մարդն ամեն ինչ անում է իր ոգուն և մտքին համապատասխան և հայտարարում, որ իր մտադրություններն այլընտրանք չունեն, քանի որ վայելում են լիազոր պատասխանատու մարմնի ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի անվերապահ հավանությունը:

Աղմուկը սկսվել է այն պահից, երբ ուղտը չոքել է տնտեսագիտական համալսարանի յուրաքանչյուր դասախոսի տան դռանը, նրանք չգիտեն՝ շարունակելու են արդյոք սեպտեմբերից դասավանդել իրենց հարազատ բուհում, թե՞ լրացնելու են գործազուրկների բանակը:

Ուստի երեկ մամլո ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու բուհում ստեղծված իրավիճակը, թեպետ մինչ այս էլ մամուլում բազմիցս արծարծվել են նրանց նկատառումները, քանի որ բացի պատկան մարմիններին դիմելուց (վարչապետ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, մարդու իրավունքների պաշտպան և այլն), դատական գործընթացի մեջ են, փորձում են բուհում կատարվող անօրինակնությունը վիճարկել և իրենց իրավունքները պաշտպանել դատական կարգով: Նշենք, որ նրանք դատը շահել են, բայց բառացիորեն մի քանի օր անց դատարանը չեղարկել է որոշումը, և հիմա բողոքողները նոր հայց են ներկայացրել:

Դասախոսների ընտրության տխրահռչակ կարգը

Վեճի առարկան Հայաստանի տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգն է, որն ընդունվել է բուհի գիտխորհրդում այս տարվա ապրիլի 30-ին:

Երեկ մամլո ասուլիսում բանախոս Արմեն Ղարախանյանը ևս մեկ անգամ թվարկեց և մեկնաբանեց տվյալ փաստաթղթի բոլոր վիճելի, հաճախ ՀՀ օրենսդրությանը հակասող դրույթները: Նշենք միայն ամենացայտուն օրինակները: Ըստ այս կանոնակարգի՝ դասախոսները գնահատվում են Ռուբեն Հայրապետյանի ձևավորած հատուկ հանձնաժողովներում, որոնց 5 անդամներից միայն մեկ թե երկուսն են մասնագետ (ամբիոնի վարիչ և դեկան), մյուսները բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ են, երբեմն՝ նորելուկ:

Դասախոսները գնահատվում են ոչ միայն ըստ իրենց գիտական, հետազոտական և մանկավարժական աշխատանքի արդյունքների, այսինքն՝ հրապարակված գիտական աշխատություններով և դասավանդման մեթոդներով, այլև նույն Հայրապետյանի սահմանած նոր չափանիշներով: Ընդ որում, հավակնորդ դասախոսը բառի բուն իմաստով բանավոր քննություն է հանձնում հանձնաժողովին, ընդ որում՝ միայնակ, առանց մյուս հավակնորդների ներկայության, նաև չիմանալով, թե տվյալ տեղի համար քանի հավակնորդ կա, ովքեր են նրանք, չիմանալով, թե ինչ բնույթի հարցեր են իրեն տրվելու, նաև չիմանալով՝ քննությունը տվեց, թե կտրվեց:

Իսկ որպեսզի պարզ դառնա, թե որքան զավեշտալի է այս ընթացակարգը, բավական է նշել սահմանված պահանջներից և չափանիշներից մի քանիսը, որոնք առնվազն անհասկանալի են: Այսպես, վերջին 5 տարվա ընթացքում տվյալ դասընթացին առնչվող կառավարչական (ղեկավար պաշտոն) աշխատանքի փորձ, անգլերենով դասավանդման փորձ, մաթեմատիկական բազային հմտություններ: Ըստ կանոնակարգի՝ «անհրաժեշտության դեպքում համակարգչային, մաթեմատիկական կամ լեզվական հմտություններն առավել ճշգրիտ ստուգելու նպատակով հանձնաժողովը կարող է ներգրավել համապատասխան մասնագետների՝ առանց քվեարկության ձայնի իրավունքի»: Բայց չի պարզաբանվում, թե ինչպես և երբ է առաջանում այդ անհրաժեշտությունը:

Օտար լեզվի պաշտամունքը

Ամենից արտառոցը, իհարկե, այսպես կոչված «անգլերենի և ռուսերենի ազատ տիրապետում» չափանիշներն են, որոնք ստուգվում են հետևյալ կերպ. տվյալ լեզվով զրույց, մասնագիտական հարց ու պատասխան, անհրաժեշտության դեպքում՝ կարճ տեքստի թարգմանություն հայերենից ռուսերեն կամ անգլերեն: Հարց է ծագում՝ եթե բուհի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է, որ դասախոսները կարողանան օգտվել տվյալ ոլորտի օտարերկրյա մասնագետների հրապարակումներից, որպեսզի տեղյակ լինեն տվյալ գիտության նորագույն ձեռքբերումներին, ինչո՞ւ չեն բավարարվում տվյալ լեզվով տեքստը կարդալու և հասկանալու հմտությունը ստուգելով, ինչը ժամանակին տվյալ դասախոսներն ապահովել են ատենախոսությունը պաշտպանելու իրավունք ձեռք բերելու համար նվազագույն գիտելիքների առկայության քննություններով՝ այսպես կոչված մինիմումներով, ինչո՞ւ են պահանջում թարգմանություն ոչ թե տվյալ լեզվից հայերեն, այլ հակառակը, ինչո՞ւ են մասնագետից թարգմանչի հմտություններ պահանջում, սա ի՞նչ նպատակ է հետապնդում, այս ի՜նչ անգլերենապաշտության խրախճանք է և ո՞ւր է տանում: Այսօրվա իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, կարծես ձևափոխել են «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» հայտնի ասվացվածքը՝ բոլորիս հասկացնելով, որ «եթե անգլերեն չգիտես, ուրեմն մարդ չես» (ռուսերենի մասին չենք խոսում, քանի որ ներկայիս ավագ և միջին սերունդը ռուսերեն չիմանալու խնդիր չունի):

Այս օտարամոլության արդյունքը չէ՞ր արդյոք, որ բուհերի այս տարվա դիմորդների 20 տոկոսը կտրվեց հայերենից, այսինքն, տասը տարի սովորելով հայկական դպրոցում, հայերենի նվազագույն իմացություն չուներ, բայց բոլոր դիմորդները բավական բարձր արդյունքներ էին ցույց տվել օտար լեզուներից:

Նույնքան զավեշտալի է անցել մաթեմատիկայի քննությունը: Եվ ահա ստացվում է, որ տասնամյակներ շարունակ գիտական և մանկավարժական բարեխիղճ աշխատանք կատարած ու ձեռքբերումներ ունեցած դասախոսը, այս և այլ արտառոց չափանիշների քննությունից չստանալով անձկալի 1 միավորը և հանրագումարում չապահովելով 5 միավորը, կարող է զրկվել իր աշխատանքը շարունակելու հնարավորությունից:

Թե ինչ է տալու այս կանոնակարգը, կերևա սեպտեմբերին և հետագա ամիսներին, իսկ պտուղները՝ 4 տարի անց, երբ գործ կունենանք ներկայիս չափանիշներով ընտրված դասախոսների դասերը սերտած շրջանավարտների հետ: Նրանք հաստատ լավ կբլբլացնեն անգլերեն ու ռուսերեն, տարբեր կառույցներից դրամաշնորհներ կստանան, Հայաստանում կազմակերպվող քննարկումների ժամանակ կգերադասեն անգլերեն ելույթ ունենալ, ինչն արդեն այսօր տեսնում ենք, տարբեր արտասահմանյան գիտաժողովների կմասնակցեն, նաև պատգամավոր կդառնան ու ղեկավար պաշտոններ կզբաղեցնեն, կասկած չկա, բայց աստված գիտի, թե ինչ մասնագետ կլինեն: Այս ամենի դառը կամ քացր պտուղները հետո՝ ապագայում կքաղենք:

Ճակատագրի հեգնանքը

Իսկ առայժմ տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմը «վայելում» է իր աճեցրած դառը պտուղը, որ անառարկելիորեն նախկին համակարգի հիվանդությունների ցցուն, ավելի քան համոզիչ ու պատկերավոր օրինակն է:

Գագիկ Ասլանյան

Երեկվա մամլո ասուլիսի մյուս բանախոսը՝ համալսարանի դասախոս Գագիկ Ասլանյանը, եկել էր մի մեծ փաթեթով և գլուխ առ գլուխ, էջ առ էջ, հատված առ հատված ցույց տվեց, որ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունը գրեթե կիսով չափ գրագողություն է՝ թարգմանություն արևմտյան և ռուս գիտանականների որոշակի աշխատություններից՝ բառացի կամ խմբագրված (nota bene անգլերենից և ռուսերենից, ահա թե ինչի համար է կարևոր լեզվի իմացությունը): Նշվեցին նաև բազմաթիվ անճշտություններ, ասվեց, որ այս ամենը վեր հանելու համար մի ամբողջ փորձագիտական խումբ է աշխատել, և այս ամբողջ փաթեթը ներկայացվելու է Բարձրագույն որակավորման կոմիտե:

«Անկախի» այն նկատառմանը, որ Ռուբեն Հայրապետյանն այնուամենայնիվ տնտեսագիտական համալսարանի նախկին դասախոսական կազմի խոտանն է, Գագիկ Ասլանյանը պատասխանեց, որ իրենք բնավ չեն ցանկանում պաշտպանել և պահպանել նախկին համակարգը, այո, նախկին համակարգը բազմաթիվ թերություններ ուներ, և իրենք կողմ են արմատական բարեփոխումներին, բայց ոչ կամայականություններին:

Նայենք տնտեսագիտական համալսարանի նախկին սան և ներկայիս ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կենսագրությանը. բացառիկ, նախաձելի սրընթաց գիտական կարիերա: Բուհը 2007 թ. գերազանցությամբ ավարտելուց երկու տարի անց՝ 2009-ին, նա ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան, 2013-ին՝ դոցենտի կոչում, 2015-ին՝ դոկտորի աստիճան, 2018-ին՝ պրոֆեսորի կոչում:

Մենք կարող էինք հարց տալ Ռուբեն Հայրապետյանի բոլոր դասախոսներին, որոնք գերազանց են գնահատել նրան, նրա ատենախոսությունների ղեկավարներին, ընդդիմախոսներին, գիտխորհուրդների անդամներին, արտաքին գրախոսող հաստատություններին, վերջապես բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամներին, թե այս ինչ ճակատագրի հեգնանք է: Բայց քանի որ նրանք գլխիկոր ընդունում են, որ համակարգը զերծ չի եղել մերժելի երևույթներից և այժմ թախանձագին խնդրում են հանրությանը օգնել, որ հոնքը շտկելու տեղը աչքը չհանենք, հարցն ուղղում ենք իրեն՝ Ռուբեն Հայրապետյանին:

Կա՛մ նա պետք է ընդունի, որ ինքը տաղանդավոր է, և նախկինները գնահատել են կադրերին ըստ արժանվույն՝ մտավոր, աշխատանքային կարողությունների ու գիտելիքների համար, որ շատ ընդունելի է և շարունակության արժանի, կա՛մ ինքն այս ձեռքբերումներին հասել է նախկին համակարգին վերագրվող հիմնական հիվանդության՝ հովանավորչության շնորհիվ: Երրորդ տարբերակ չկա:

Թե այս երկու տարբերակներից որն է հավանականը, ցույց կտա մոտ ապագան, քանի որ, ինչպես տեսնում ենք, այս խմորը դեռ շատ ջուր է առնելու և բախումն ավելի է սրվելու, իսկ առայժմ կարող ենք արձանագրել, որ գործ ունենք ճակատագրի հեգնանքի հետ: Մարդը, ամենայն հավանականությամբ հիանալի տիրապետելով գիտության կուլիսային «կանոնակարգերին», այժմ ձգտում է ասպարեզից հեռացնել հենց նրանց, ովքեր ժամանակին կանաչ լույս են վառել և լայն ճանապարհ բացել իր իսկ առաջընթացի համար և ամենից լավ գիտեն, թե որն է իր հաջողության գաղտնիքը:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: