Հայերեն   English   Русский  

​Բժիշկը Գյումրիից կմեկնի Սուդան՝ մարդկային կյանքեր փրկելու


  
դիտումներ: 4056

Անսպասելի հեռախոսազանգը մանկաբարձ-գինեկոլոգին անակնկալի է բերել ու հնարավորություն ստեղծել՝ լինել իր տարերքի մեջ:

Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի բժիշկ Արմեն Մկրտչյանը ՛՛Ավրորա՛՛ մարդասիրական նախաձեռնության կողմից ընտրվել է որպես Սուդանում բժիշկ Թոմ Քաթինային փոխարինող: Թոմ Քաթինան ՛՛Ավրորա՛՛ մարդասիրական նախաձեռնության նախագահ է ընտրվել, համախմբում է հումանիտար կազմակերպությունների և ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների աշխատանքները ՛՛Երախտագիտությունն` ի գործ՛՛ ուղերձով: 2017 թվականին նա ՛՛Ավրորա՛՛ մարդասիրական մրցանակի դափնեկիր է դարձել՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար:

Թե ինչպես երիտասարդ հայ բժիշկը հնարավորություն ստացավ Սուդանում փոխարինել մեծանուն բժշկին, մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը պատմում է.

- Առաջարկը շատ պատահական եղավ. հերթապահության էի, հեռախոսիս զանգ ստացա, թե առաջարկում ենք փոխարինել Թոմ Քաթինային Սուդանում: Մի քիչ հարցուփորձից հետո պարզվեց՝ քանի որ Քաթինան ՛՛Ավրորայի՛՛ նախագահն է, պետք է մեկնի Սուդանից՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, բայց իր բացակայությունը էնտեղ մի դեպքում կլինի, եթե իրեն փոխարինում են: Երկար ժամանակ փնտրտուքի մեջ են եղել, ընկերներս իմ մասին են ասել, ուսումնասիրել են տվյալներս ու կապվել ինձ հետ: Անակնկալից ասացի 1-2 օր ժամանակ տվեք, չնայած հենց այդ պահին էլ 92 %-ով համաձայն էի, քանի որ մարդասիրական առաքելությունն իմ տարերքն է. ինչքանով կարող ես՝ մարդկանց պետք է օգնես, - Անկախի հետ զրույցում ասում է Արմեն Մկրտչյանը:

Երիտասարդ բժիշկը նշում է՝ մի բան է աշխատանքային պարտականությունների շրջանակներում օգնել մարդկանց, մի այլ բան է՝ մարդասիրական առաքելության շրջանակներում: Ասում է, մի վայրկյան էլ չի տատանվել Սուդանի պատերազմական իրավիճակից, հակամարտության գոտում աշխատելու փորձ ունի, աշխատել է Արցախում:

Բժիշկ Մկրտչյանի երկամսյա մեկնումը անակնկալի է բերել նաև իր հիվանդներին ու կոլեգաներին, վերջիններս թեև շատ են ուրախացել նման հաջողության համար, բայց և տրտմել են՝ չեն ուզում բաժանվել իրենց բժշկից, թեկուզ կարճ ժամանակով:

- Նույնիսկ ասում էին՝ բայց կարող է վիզա չստանաս, նավսում էին, - կատակում է բժիշկը:
Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը Անկախի հետ զրույցում նշեց՝ հպարտություն է ապրում, բայց մտավախություն էլ ունի՝ իմանալով բժիշկ Արմեն Մկրտչյանի մարդկային ու մարդասիրական որակները վստահ է, այս առաքելությանը հաջորդելու են մյուսները և արդյունքում հիվանդանոցը կզրկվի լավագույն բժիշկներից մեկից:

- Շիրակի մարզում Արմենի նման բժիշկ ունենալը պակաս հպարտություն չէ, բայց նաև ՛՛Ավրորան՛՛ այնքան կարևոր նախաձեռնություն է, որ ինչքան էլ դժվար լիներ մեզ համար, հանցագործություն կլիներ՝ խանգարել-չհամաձայնելը: Ճիշտ է, ափսոսում եմ, որ 2 ամիս ինքը բացակայելու է հիվանդանոցից, բայց նախարարության հետ պայմանավորվածություն ունենք լրացնել այդ բացը մինչև իր վերադարձը, - ասում է Աշոտ Կուրղինյանը:
Հիվանդանոցի տնօրենը վստահ է՝ Արմեն Մկրտչյանն իր մարդկային և մասնագիտական հատկանիշներն օգտագործելով փայլուն իրականացնելու է իր առաքելությունը:

Ծնունդով Հրազդանցի, բայց արդեն 2 տարուց ավելի Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն օգոստոսի 2-րդ կեսից մինչև հոկտեմբերի 2-րդ կեսը մարդասիրական առաքելություն կիրականացնի Սուդանում, խոստանում է՝ այնտեղից վերադառնալ նորից Գյումրի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: