Հայերեն   English   Русский  

Ուկրաինացիների սիրելին «Ժողովրդի ծառան» է․ արտահերթ ընտրություններ Ուկրաինայում


  
դիտումներ: 689

Ուկրաինայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում հինգ քաղաքական ուժեր ներկայացված կլինեն խորհրդարանում։ Ընտրությունների առաջատարը «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է, որը նախնական տվյալներով խորհրդարանում կունենա մոտ 43,5 տոկոս ներկայացվածություն։ Քանի որ Ուկրաինայում 450 մանդատների կեսը բաշխվում է համամասնական, մյուս կեսը՝ մեծամասնական ընտրակարգով, հնարավոր է, որ գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին կոալիցիա կազմելու կարիք չունենա. մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները կամփոփվեն ավելի ուշ։ Զելենսկիի կուսակիցներն ու աջակիցներն առաջադրվել են նաև մեծամասնականով։

Ինչո՞ւ արտահերթ ընտրություններ

Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա հոկտեմբերին։ Խորհրդարանում մեծամասնություն էին կազմում նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի աջակիցները։ Եվ, քանի որ Ուկրաինան կիսանախագահական, կիսախորհրդարանական հանրապետություն է, այստեղ խորհրդարանը բավականին մեծ դերակատարություն ունի, հատկապես կառավարության ձևավորման հարցում։ Ուստի, Վլադմիրի Զելենսկին դեռ իր երդմնակալության օրը հայտարարեց, որ ցրում է խորհրդարանը, իսկ մի քանի օր անց նաև հրամանագիր արձակեց՝ արտահերթ ընտրությունների օր նշանակելով հուլիսի 21-ը։ Պաշտոնապես՝ խորհրդարանի ցրման պատճառն այն էր, որ այնտեղ չկային պատգամավորական խմբակցությունների կոալիցիաներ։ Ավելին, Զելենսկու խոսքով՝ նաև ռեկորդային ցածր մակարդակի վրա էր գտնվում հանրության վստահությունը խորհրդարանի նկատմամբ։

Վերլուծաբանների կարծիքով՝ Զելենսկու շտապողականության իրական պատճառը խորհրդարանում մեծամասնություն ունենալու ձգտումն էր։ Ներկայում նրա վարկանիշը շատ բարձր է, ինչն էլ իր դերակատարությունն ունեցավ խորհրդարանական ընտրություններում։ Ճիշտ է, մեծամասնություն ստացած «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահը Զելենսկիին չէ, սակայն բոլորին է հայտնի, որ դա երկրի նախագահի կուսակցությունն է։

Եթե ընտրությունները տեղի ունենային աշնանը, Զելենսկին, պայմանավորված վարկանիշի անկմամբ, ինչը բնականոն ու սպասելի երևույթ է, քիչ հավանական է, որ խորհրդարանում մեծամասնություն կունենար։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք Զելենսկին հասել է իր նպատակին՝ խորհրդարանում ստանալով մանդատների մոտ 44 տոկոսը։ Եթե մեծամասնականով ընտրված պատգամավորների թվում զգալի թիվ կազմեն իր կուսակիցները կամ համախոհները ՝ ապահովելով իշխող քաղաքական ուժի մեծամասնությունը նաև խորհրդարանում, ապա այո, կարելի է ասել, որ նրա նպատակն իրագործվել է։

Իսկ Զելենսկին, մեկնաբանելով արդյունքները՝ հայտարարել է․ «73-ն ավելի լավ կլիներ (նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նա ստացել էր քվեների 73 տոկոսը- խմբ․), բայց 44-ը նույնպես վատ չէ»։

Նշենք, որ քաղաքացիների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին շատ ավելի պասիվ է եղել, քան նախպագահական ընտրություններին, մոտ 49,8 տոկոս է կազմել։

Ի՞նչ դեր ունի խորհրդարանն Ուկրաինայում

Քանի որ Ուկրաինան կիսանախագահական, կիսախորհրդարանական երկիր է, այստեղ նախագահը պատասխանատու է երկրի արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության համար։ Մինչդեռ երկրի տնտեսական և սոցիալական քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է, իսկ խորհրդարանը մեծ դերակատարություն ունի կառավարության ձևավորման հարցում։

Խորհրդարանի մեծամասնությունն է առաջադրում վարչապետի թեկնածությունը։ Եթե նախագահն առարկություններ չունի, խորհրդարանը քվեարկությամբ վարչապետ է ընտրում։

Կառավարության կազմավորման պարագայում արդեն նախագահն առաջադրում է երկու նախարարների թեկնածությունը՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներինը։ Մյուս նախարարների թեկնածությունն առաջադրում է վարչապետը, բոլորի թեկնածությունը հաստատում է խորհրդարանը։

Այստեղ խորհրդարաննէ նշանակում նաև Սահմանադրական դատարանի դատավորների մեկ երրորդին, ինչպես նաև մի շարք էական պաշտոնյաների։

Իրավասությունների բաշխման նման պայմաններում բնական է, որ նախագահը կցանկանա իրեն հավատարիմ լամ լոյալ խորհրդարան ունենալ։

Ով ով է Ուկրաինայի խորհրդարանում

Խորհրդարան անցնելու համար հինգ տոկոսի շեմը կարողացել են հաղթահարել հինգ կուսակցություններ։ Առաջատարը «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է, որը փաստացի ղեկավարում է Դմիտրի Ռազումկովը։ Զելենսկին կուսակցությունը չի ղեկավարում սահմանադրական արգելլքի պատճառով։ Նշենք, որ կուսակցությունը կոչվում է սերիալի անունով, որում Զելենսկին նախագահիդեր էր կատարում։

Ուշագրավ է, որ կուսակցության կողմից առաջադրվածների թվում չկան մարդիկ, որոնք նախկինում երբևէ պատգամավոր են եղել։ Խորհրդարանում մեծամասնություն ստացած կուսակցությունը խոստանում է հետևել Զելենսկկու քաղաքական գծին և Ուկրաինան դարձնել երազանքի երկիր։ Խոստանում են նաևվերացնել պատգամավորների անձեռնմխելիության գաղափարը, խրախուսել քաղաքացիներին, որոնք կազդարարեն կաշառակերության դեպքերի ու կաշառակերների մասին, կարգավորել զենքը կրելու իրավունքը և այլն։

Խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը լինելու է պրոռուսական «Ընդդմիադիր հարթակ՝ Հանուն կյանքի» կուսակցությունը, որի առաջնորդն է Յուրի Բոյկոն։ Կուսակցությունը ստացել է քվեների մոտ 12,5 տոկոսը։ Կուսակցությունը ձևավորվել է Վիկտոր Յանուկովիչի քաղաքական ուժի պառակտումից հետո։ Այս կուսակցությունը քննադատում է ինչպես նոր իշխանություններին, այնպես էլ իր նախկին գործընկերներին՝ նրանց համարելով ոչ իրական ընդդիմություն։ Կուսակցության ղեկավարը բացառել է համագործակցության հնարավորությունը պրոեվրոպական ուղղվածության մյուս երեք կուսակցությունների հետ, բայց հավանական է համարել աջակցությունը Զելենսկու կուսակցությանը որոշ հարցերում։

ընտրություններ Ուկրաինայում

Երրորդը նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի գլխավորած կուսակցությունն է, որը կոչվում է «Եվրոպական համերաշխություն»։ Այն ստացել է քվեների 8,1 տոկոսը։

Կուսակցությունը նախկինում կոչվում էր «Պյոտոր Պորոշենկոյի բլոկ»։ Արտահերթ ընտրություններից առաջ, սակայն, այն ռեբրենդինգի ենթարկվեց, նաև կադրային մեծ փոփոխություններ տեղի ունեցան։ Ցուցակներում ներկայացված չէին Պորոշենկոյի շրջապատի այն մարդիկ, որոնք օդիոզ գործիչների համբավ ունեին։ Պորոշենկոյի կուսակցությունը խիստ քննադատում է Զելենսկու վարած քաղաքականությունը՝ նշելով, որ նա պատրաստ չէ երկիր ղեկավարելուն։

Ուկրաինայի խորհրդարանի չորրորդ ուժը Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունն է։ 1999 թվականից գործող այս կուսակցությունը ստացել է քվեների 8 տոկոսը։ Կուսակցության շարժիչ ուժը հենց Տիմոշենկոն է, որն այս անգամ քարոզարշավի ընթացքում հանրությանն էր ներկայանում առանց իր բրենդային հյուսքի և ճերմակ զգեստով։ Նա կարևորում էր պրոֆեսիոնալների կառավարություն ունենալը՝ ակնարկելով իր փորձը (նա երկու անգամ վարչապետ է եղել)։

Եվ խորհրդարանում ամենափոքր թվով ներկայացվածություն է ունենալու «Օկեան Էլզի» ռոք խմբի երաժիշտ, ռոքեր Սվյատոսլավ Վակարչուկի նորաստեղծ «Գոլոս» կուսակցությունը։ Այն, նախնական հաշվարկներով, ստացել է քվեների 6,6 տոկոսը։ Բայց այս կուսակցության համար անգամ 6,6 տոկոսը մեծ ցուցանիշ է, քանի որ այն ստեղծվել է նախագահական ընտրություններից հետո միայն, և քարոզարշավն էլ բավականին ուշ է սկսել՝ չունենալով ենթակառուցվածքներ, ցանց Ուկրաինայի շրջաններում։ Կուսակցության հաջողության գրավականներից է եղել այն, որ շրջանային կենտրոններում բնակիչների հետ հանդիպումներից հետո միշտ տեղի է ունեցել Վակարչուկի և «Օկեան Էլզի» խմբի համերգը։

Վակարչուկի, Տիմոշենկոյի և Պորոշենկոյի ղեկավարած քաղաքական ուժերն ունեն ընդգծված պրոեվրոպական ուղղվածություն և կարևորում են Ուկրաինայի՝ եվրոպական ընտանիքի մաս դառնալը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: