Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 196

Անցնող շաբաթվա ընթացքում ամենից շատ հոլովվող բառերն էին՝ Վենետիկի հանձնաժողով, Սահմանադրական դատարան, սկոլիոզ, հրդեհ, Սևան և Իջևան:

Երկուշաբթի հայ հանրության սեփականությունը դարձավ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանն ամփոփող փաստաթղթի այն հատվածը, որը վերաբերում էր Հայաստանում նախապատրաստվող վեթինգին և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությանը: Այդ փաստաթղթից պարզ դարձավ, որ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը և Հայաստանի իշխանությունները համաձայնության են եկել, այն է՝ դատավորների համատարած վեթինգի անհրաժեշտություն չկա: Ընդամենը հարկ է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և եկամուտների հայտարարագրման համակարգը։ Բացի այդ, անիմաստ և անհիմն է Սահմանադրական դատարանի անդամ-դատավոր բառախաղը, ՀՀ Սահմանադրությունում հստակ սահմանված է, որ ՍԴ նախագահը և անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել սահմանված ժամկետով։

Իհարկե, անմիջապես հաջորդեցին կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների բացասական արձագանքները, որոնք վերաբերում էին ոչ թե փաստաթղթի բովանդակությանը, այլ այն Հայաստան հասցնելու և հրապարակելու մեխանիզմներին, նույնիսկ կասկածներ հայտնեցին հանձնաժողովի հեղինակության վերաբերյալ՝ չզլանալով հրապարակել այժմ էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը և զգուշացնելով, որ վարչապետը հանդես կգա հայտարարությամբ: Իսկ հաջորդ օրը խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը լրագրողներին հայտնեց, որ վեթինգից հրաժարվելով՝ դատավորների պարկեշտությունը և գույքային վիճակը ստուգելու գաղափարից չեն հրաժարվելու, ուստի սեպտեմբերին կհստակեցվեն այդ գործիքները։

Հաջորդ օրն իսկ պարզ դարձավ, որ գործողություններն արդեն սկսվել են, և հնարավոր է, որ շաբաթն ավելի շուտ գա, քան ուրբաթը: Տեղեկություն տարածվեց, որ խուզարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը և առգրավել են նրա համակարգիչը։

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ խոստացված հայտարարությամբ, և խորհրդանշական է, որ հանդես եկավ ոչ թե Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, այլ «Ազատություն» ռադիոկայանով: Նա հայտարարեց, որ Վահե Գրիգորյանի նամակը ցնցել է իրեն՝ ցույց տալով, որ ներկայիս դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սակայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էլ ցնցեց հասարակությանը: Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների մանիպուլյացիայի հետևանքով Սահմանադրական դատարանը, ինչպես մի «բուդկա», ցմահ սեփականաշնորհվել է, ուստի պետք է դրվի ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանի հեռացման հարցը: Միաժամանակ բոլոր դատավորներին անվանեց պատերի տակ վնգստացող, իշխանություններից ողորմություն ակնկալող մուրացիկներ:

Հաջորդ օրը ուշագրավ իրադարձություններ եղան Բարձրագույն դատական խորհրդում: Առաջադրվեց Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջը, սակայն քննարկում, ըստ էության, տեղի չունեցավ, որոշում կայացվեց Տավարացյանի լիազորությունները չդադարեցնելու մասին։ Մի քանի ժամ անց, սակայն, Նախշուն Տավարացյանը, որը 9 ամիս առաջ ընտրվել էր և ապա հրաժարական ներկայացրել, իսկ մի շաբաթ առաջ էլ անակնկալ երդվել էր՝ ստանձնելով իր նոր պաշտոնը, հանկարծ նորից հրաժարական տվեց: Իր այս որոշումը նա բացատրեց խորհրդում համերաշխության մթնոլորտի անհրաժեշտությամբ և խորհրդի որոշումների հեղինակությունը ստվերելու անթույլատրելիությամբ։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես վճռաբեկ դատարանի դատավոր։

Նույն օրը ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը: Այնուհետև խորհրդի անդամները հանդիպեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչ հետևանքներ է ունեցել խուզարկությունը դատավորի համար։ Հանդիպումից հետո

ԲԴԽ նորընտիր նախագահը հայտնեց, որ իր պրակտիկայում առաջին անգամ է հանդիպում, որ դատավորի աշխատասենյակի խուզարկության արդյունքում առգրավեն նրա համակարգիչը։

Սակայն անցած շաբաթ դատական համակարգի ամենաուշագրավ իրադարձությունը թերևս Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով դիմելու որոշումն էր: Այդ քայլով, ակնհայտորեն, Սահմանադրական դատարանն ապահովեց իրեն հերթական անգամ գործող իշխանությունների թիրախը դառնալու հավանականությունից: Տվյալ մարմինների կարծիքը ստանալուց հետո ՍԴ-ն, անկասկած, նվազ խոցելի կդառնա: Վերջապես, բավական մեծ ակնածանք առաջացրեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի զուսպ և արժանապատիվ պատասխանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վիրավորական արտահայտություններին:

Կանաչած և վտանգավոր դարձած Սևանի հարցով, չնայած հասարակությունում չթուլացող տագնապին և բազմաթիվ քննարկումներին, որևէ գործնական քայլ չարվեց, սակայն կառավարության նիստում հայտարարվեց, որ Սևանն ինքնիրեն մաքրվել է, ուստի հուլիսի 20-ից այնտեղ հանգստացողների սեզոնը կարելի է բացված համարել:

Օրակարգ մտավ արդարադատության նորանշանակ նախարարի բանակից ազատված լինելու հարցը: Պաշտոնական տվյալներով՝ նա բանակից ազատվել է ողնաշարի խնդրի՝ սկոլիոզի պատճառով։ Երևանի ավագանու նախկին անդամ, մասնագիտությամբ բժիշկ Մարիա Խաչատրյանը բաց նամակ հղեց իրավապահներին՝ առաջարկելով, որ նախարարին բժշկական հետազոտման ենթարկելու հանձնաժողով ստեղծվի և ինքն էլ ներգրավվի դրա կազմում, քանի որ, իր դիտարկմամբ, նա բնավ էլ 30 աստիճանով թեքված ողնաշարով մարդու կեցվածք չունի: Ի պատասխան Բադասյանի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ հիվանդանոց և հետազոտվել։

Անցած շաբաթն էլ, ինչպես նախորդները, զերծ չմնաց բողոքի ցույցերից և փակվող ճանապարհներից: Առողջապահության նախարարության զգուշացումից հետո, թե կանաչած Սևանի որոշ ափերում լողալը վտանգավոր է, լճի լողափերն ամայացան: Եվ դրանց սեփականատերերն ու վարձակալները, որոնք ամբողջ տարին սպասել էին սեզոնի բացմանը և այժմ հայտնվել եկամուտներից զրկվելու փաստի առաջ, հուսահատ բողոքի ցույց սկսեցին հակասևան քարոզչության դեմ և փակեցին Երևան-Սևան մայրուղին։ Բախումներ եղան նյարդայնացած վարորդների հետ:

Անցած երեքշաբթի աղմկոտ էր նաև կառավարության շենքի մոտ, եկել էին Քաղցրաշեն գյուղի բնակիչները և բողոքում էին, որ ոռոգման ջուր չունեն, ծառերը չորանում են։ Քաղցրաշենցիները պատմում էին, որ ջրի պատճառով գյուղում վեճ ու կռիվ է ընկել, բարեկամը բարեկամի դեմ է ելել, անգամ ջրբաշխին են ծեծել։ Տեսնելով, որ բացի դիմումների բաժնի աշխատակցից, իրենց արձագանքող չկա, քաղցրաշենցիները որոշեցին փակել փողոցը, սակայն ոստիկանները հեռացրին նրանց։ Ցուցարարները վերադարձան կառավարության բակ և նստացույց սկսեցին Փաշինյանի հետ հանդիպելու պահանջով։ Ի վերջո եկավ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը և հայտնեց, որ պոմպն արդեն ջուր է մղում։

Սակայն ամենաթեժ կետն Իջևանն էր: Դեռ շաբաթի սկզբից սկսված բողոքի ցույցը կուլմինացիային հասավ չորեքշաբթի, երբ ցուցարարների և ոստիկանության բախման հետևանքով տասնյակ վիրավոր ոստիկանների և ցուցարարների հասցրեցին հիվանդանոց:

Էժան փայտ, անտառ մտնելու թույլտվություն և իրենց առգրավված մեքենաները պահանջող ցուցարարները փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Մի քանի ժամ շարունակ երթևեկությունը կանգ էր առել՝ գոյացել էր կիլոմետրանոց խցանում։ Երբ ոստիկանները փորձել էին ճանապարհից հեռացնել ցուցարարներին, հանդիպել էին դիմադրության:

Գիշերը սկսվեց ոստիկանական գործողություն, մոտ երկու տասնյակ մարդ բերման ենթարկվեց, ձերբակալվեցին 13-ը: Հաջորդ առավոտյան ներքին զորքեր տարան Իջևան, գնացին նաև ոստիկանապետն ու ԱԱԾ պետը: Այժմ էլ Իջևանում ցույցեր են անում ձերբակալվածների հարազատները նրանց ազատ արձակելու պահանջով: Իսկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր երկրում ոչ ոքի չի հաջողվի իր նպատակներին հասնել շանտաժի ճանապարհով, մոռանալով, որ ինքն էլ իշխանության է հասել հենց նույն ձեռագրով:

Անցած շաբաթ հանրապետության տարբեր անկյուններից հեկտարներով խոտածածկ տարածքների հրդեհի մասին լուրեր էին ստացվում, հրդեհներ եղան նաև Երևանում՝ Ծիծեռնակաբերդում և Զանգվի ձորում:

Ողբերգական դեպք տեղի ունեցավ Լուռու մարզում: Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհի վրա հսկայական քարեր թափվեցին՝ վնասելով մի քանի մեքենաներ։ Վարորդներից մեկի կինն ու դուստրը տեղում մահացան, իսկ վարորդը ծանր վնասվածքներ ստացավ:

Պայթյուն որոտաց Սիսիան քաղաքի տներից մեկում, տանտերը մահացավ: Պայթուցիկ սարքը ամրացվել էր անասնագոմի դռան բռնակին, պայթյունը որոտացել է, երբ տանտերը բացել էր գոմի դուռը։

Շաբաթվա վերջին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Լոռու մարզ, վարչապետը՝ Գյումրի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: