Հայերեն   English   Русский  

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակից առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ. հայտնում է փաստաբանը


  
դիտումներ: 285

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը քիչ առաջ Ankakh.com-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը,

որ երեկ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել են ոչ միայն Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը, այլ նաև նրա օգնականի և գործավարի աշխատասենյակները: Խուզարկության արդյունքում առգարվել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։

«ՀՔԾ–ն անօրինական գործողություններ է կատարել: Դատարանի որոշմամբ թույլատրվել է խուզարկություն իրականացնել միայն դատավորի և օգնականի աշխատասենյակում, սակայն նրանք առգրավումներ են կատարել նաև գործավարի աշխատասենյակից, ինչի թույլտվությունը չունեին, նրանք առգրավվել են բոլոր համակարգիչները»,–ասաց Մելիքյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կապակցությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել է ԲԴԽ–ին։

«Մենք ներկայացրել ենք անհերքելի և ակնհայտ խախտումներ, և եթե դատավորի օրինական շահերին և անկախությանը վտանգ է սպառնում, ինչը այս պարագայում փաստ է, ԲԴԽ–ն պետք է դիմի գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս քրեական գործ հարուցելու կամ այդ իրավունքի խախտումը վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկի»,–ասաց նա։

Անդրադառնալով այն քրեական գործին, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը ստացել է խուզարկություն իրականացնելու թույլտվություն, փաստաբանը նշեց, որ այդ գործի հարուցումը մերժել է դեռեւս 2019թ. փետրվարի 18–ին։

«Դատախազը հաստատել է քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը եւ այն մտել է ուժի մեջ: Սակայն երբ Դավիթ Գրիգորյանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, դրանից հետո ՝ մայիսի 22–ին դատախազությունն իբրեւ նոր դիմում է ստանում եւ վերսկսում է գործի քննությունը՝ վերացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը»,–ասաց նա եւ հավելեց.

«Այս ամենը նախապես ծրագրված եւ իմ կարծիքով ՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով ազդեցություն գործադրելու ուղղակի միջոց է, քանի որ խուզարկության ժամանակ բացառապես առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ ՀՔԾ-ն խուզարկություն է կատարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և քրեական գործին առնչվող նյութեր է առգրավել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: