Հայերեն   English   Русский  

​Տնօրենը հաղթեց մարզպետին


  
դիտումներ: 197

Նախորդ տարի ամռանը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել,

որ Գյումրու թիվ 19 դպրոցի փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին։

Շիրակի մարզի դատախազության կողմից Գյումրու թիվ 19-րդ դպրոցում ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննության շրջանակներում ձեռք բերված տվյալները ապացուցել են նշված դպրոցի տնօրենի կողմից Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հանցավոր արարքներ կատարելու փաստը։ Այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և պաշտոնական կեղծիք կատարելը, ինչի կապակցությամբ՝ նշված դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել հիշյալ հանցագործությունները կատարելու համար։

Բացի այդ, հիմնավորվել է նաև, որ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակել են նույն դպրոցի թվով 25 աշխատակիցներ։ Նրանցից երկուսի կողմից պաշտոնական փաստաթղթերում կատարվել են նաև ակնհայտ կեղծիքներ։ Հաշվի առնելով, որ ինչպես դպրոցի տնօրենը, այնպես էլ թվով 25 աշխատակիցներ զղջացել են իրենց կատարած արարքի համար, ընդունել են իրենց մեղքը, նախկինում դատապարտված չեն եղել և առաջին անգամ են կատարել միջին ծանրության հանցավոր արարքներ, ավելին՝ տնօրենի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված նյութական վնասը՝ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է: Սակայն Շիրակի մարզի դատախազը միջնորդագիր էր ուղարկել մարզպետին՝ դպրոցի տնօրենին և փոխտնօրենին պաշտոնազրկելու վերաբերյալ:

2019 թվականի փետրվարի 28-ին Շիրակի մարզպետի որոշմամբ Նարինե Մեսրոպյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մեսրոպյանը մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջների մասին քաղաքացիական հայց էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հուլիսի 4-ին դատարանը վճիռ է հրապարակել հօգուտ Նարինե Մեսրոպյանի:

- Ներկայացված հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել է և դատարանի վճռով սահմանվել է, որ Նարինե Մեսրոպյանին վերականգնել նախկին աշխատանքում, այսինքն, անվավեր է ճանաչվել մարզպետի որոշումը, - Անկախի հետ զրույցում նշեց Մեսրոպյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը:

Դատական ակտը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում, այն կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում՝ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

- Այս պահին դատական ակտն ուժի մեջ չէ, քանի որ այն բողոքարկման ժամկետի մեջ է, եթե բողոքարկվի վերաքննիչ քաղաքացիական դատարան, ապա պետք է սպասենք վերաքննիչ դատարանի որոշմանը, եթե չբողոքարկվի, դրանից հետո համապատասխանաբար դատական ակտը պետք է կատարվի, - ասում է փաստաբանը:

Կբողոքարկի Շիրակի մարզպետարանի դատարանի վճիռը, թե ոչ, նրանց պատասխանը կներկայացնենք ավելի ուշ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: