Հայերեն   English   Русский  

Արթուր Հովհաննիսյան. «Ցանկացած մենամարտ ինձ համար սկսում է հանդերձարանից»


  
դիտումներ: 1112

Մինսկում կայացած 2-րդ Եվրոպական խաղերում հայ մարզիկներն իրենց հաղթանակներով մեծապես ուրախացրին ու դրական լիցքեր հաղորդեցին մարզասերներին:

Գյումրեցի բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը հավասարը չունեցավ 49 կգ քաշային կարգում՝ նվաճելով Եվրոպական խաղերի ոսկին, միաժամանակ, Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը:

Անկախի հետ զրույցում Արթուր Հովհաննիսյանը կիսվում է տպավորություններով՝ խոսելով դեպի հաղթանակ տանող ճանապարհի մասին:

-Շնորհավորում ենք Եվրոպական խաղերում հաղթանակած ելույթներ ունենալու և աշխարհամասում առաջինը ճանաչվելու կապակցությամբ:

-Շնորհակալ եմ: Շատ լավ նախապատրաստական շրջան էի անցել Եվրոպական խաղերից առաջ՝ մասնակցելով միջազգային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների: Երկար սպասված մրցումներ էին, մարտական էի տրամադրվել: Մեկնել էի մրցավայր միայն հաղթելու նպատակով: Մինսկում ամեն բան հրաշալի էր կազմակերպված: Ուրախ եմ, որ կարողացա ինձ լավ դրսևորել, մենամարտերում հաղթել և բոլորի սպասումներն արդարացնել:

Մինսկ 2019

- Եզրափակչում 4։1 հաշվով պարտության մատնեցիք Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովին։ Մրցակիցների մասին ի՞նչ կասեք:

-Նման մրցումներում չեն կարող լինել թույլ մրցակիցներ: Բոլորն էլ ուժեղ, լավ պատրաստված մարզիկներ էին: Կառանձնացնեմ Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Կարմիլչուկին, որին մեկ անգամ հաղթել եմ, մեկ անգամ էլ՝ պարտվել: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն է: Ռումինացի Կոսմին Գիրլեանուն 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրն է: Կիսաեզրափակչի մրցակիցս Իռլանդիայի ներկայացուցիչ Ռեգան Դալին էր, թեև անծանոթ էր ինձ, բայց շատ լուրջ մարզիկ էր. նրան հաղթեցի 3:2 հաշվով:

Եզրափակչում մտածում էի միայն հաղթելու մասին: Նշեմ, որ ցանկացած մենամարտ ինձ համար սկսում է հանդերձարանից՝ հոգեբանորեն ճիշտ նախապատրաստվելով ու տրամադրվելով:

Մինսկ 2019

-Մարզիկներն ամիսներ շարունակ անմնացորդ մարզվում ու պարապում են հաղթանակի բերկրանքը վայելելու համար: Ի՞նչ է տալիս հաղթանակը: Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր գրավականը:

-Զգացողություններն անբացատրելի են, երբ հասկանում ես, որ հասել ես տարիների երազանքի ու նպատակի իրագործմանը: Հաջողության հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել, ջանք ու եռանդ չխնայել: Այդ կերպ միայն հնարավոր է արդյունքի հասնել:

Երբ հաղթանակած կանգնում ես պատվո հարթակին, անկախ քեզնից սկսում ես ինչ-որ չափ լարվել, հուզվել, բայց ամենից հուզումնալիցն այն պահն է, երբ վեր է խոյանում երկրիդ դրոշը, և բոլոր ներկաները ոտքի են կանգնում՝ ի նշան հարգանքի: Այդ ժամանակ ես գիտակցում կատարածդ գործի կարևորությունն ու արժեքը: Հասկանում ես, թե ինչի համար ես տարիներով մարզվում, շատ բաներից հրաժարվում ու վստահ գնում դեպի նպատակի իրագործում:

-Հայրենիքում Ձեզ մեծ շուքով դիմավորեցին: Ավանդույթի համաձայն՝ գյումրեցիները իրական տո ն կազմակերպեցին քաղաքի մուտքի մոտ:

-Բառերով չեմ կարող նկարագերել այն զգացողությունը, երբ գիտակցում ես, որ այդքան շատ մարդ հավաքվել է տոնելու հաղթանակդ, եկել է ուրախանալու քո և մարզական ընկերներիդ ձեռքբերումներով: Այդ ժամանակ հասկանում եմ, որ ոչինչ զուր չի անցնում: Ցանկանում եմ առնձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ անձնական մարզիչներ Կարեն Ղազարյանին և Ռուդիկ Մկրտչյանին, որոնց շնորհիվ հասնում եմ այս հաջողությւոններին, ինչպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: