Հայերեն   English   Русский  

ԲԴԽ-ն երբեք չի պաշտպանել դատավորների իրավունքները, հակառակ դեպքում այսօր դատավորները խորհրդի կողքին կլինեին. Նինա Կարապետյանց


  
դիտումներ: 175

Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումը 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով նախանշվեց, իսկ արդեն 2018 թվականից խորհուրդն սկսեց գործել:

ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավորներ են, իսկ մյուս 5-ը՝ իրավաբան-գիտնականներ: Նրանց ամենակարևոր գործառույթը դատարանների ու դատավորների անկախությունը երաշխավորելն է։

Սակայն 2018 թվականի ապրլին տեղի ունեցած հեղափոխությունը, անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումներն ու դատական համակարգին ուղղված քննադատությունները չշրջանցեցին Բարձրագույն դատական խորհրդին: Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի ու ելքերի արգելափակման գործողություններից ու դրան հաջորդած վերջինիս այն հայտարարությունից հետո, որ պետք է բոլոր դատավորներին վեթինգի ենթարկել, ու որ պետք է հրաժարական տան բոլոր այն դատավորները, որոնք կողմնակալ որոշումներ են կայացրել, ԲԴԽ-ում սկսվեցին հրաժարականները:

Մայիսի 24-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, որին հետևեցին հունիսի 7-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանի, հունիսի 13-ին ԲԴԽ անդամներ Արմեն Խաչատրյանի և Սերգեյ Մեղրյանի, հունիսի 14-ին՝ Արմեն Բեկթաշյանի հրաժարականները:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով այս հրաժարականների մեջ ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ դատավորները, որ նախկինում անարդար որոշումներ են կայացրել, հիմա պարզապես դուրս են մղվում ներկա իրականությունից:

«Մենք արադարադատության համակարգ, որպես այդպիսին, չենք ունեցել: Կարծում եմ, որ այդ համակարգի մասին խոսելիս պետք է մեր մտքում ունենք, որ այն պետք է ձևավորվի զրոյից: Դատավորներն իրենք են հասկանում, որ մեր իրականությունից դուրս են, նրանք բոլորը տարիներ շարունակ ներգրավված են եղել արդարադատության դեմ գործողություններում: Նրանք մշտապես պատվեր կատարողներ են եղել: Եվ այսօրվա հրաժարականները ես բացատրում եմ նրանով, որ ներկա իրականության մեջ այդ դատավորները դուրս են մղվում, չեն գտնում իրենց տեղը, ուստի շատ արագ պետք է գա այն պահը, երբ մենք հայտարարենք, որ ունենք նոր դատարաններ, նոր արդարադատության համակարգ՝ նոր դեմքերով»:

«Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցն էլ նշում է, որ այսօր պարզապես հին համակարգերը և դրանցում ներգրավված մարդիկ չեն կարող աշխատել:

«Այն, որ ամբողջ դատական համակարգը ի զորու չէ ծառայել այն նպատակին, ինչի համար ստեղծվել է, դա ակնհայտ է: Եվ այստեղ միայն ԲԴԽ-ի մասին չէ խոսքը: Այս հրաժարականները, որ տալիս են, նաև փորձում են դրանով խուսափել վեթինգից: Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ ԲԴԽ-ն կործանվում է, ասեմ, որ ԲԴԽ-ն երբեք չի գործել, չի ծառայել իր նպատակին, մենք Բարձրագույն դատական խորհուրդ չենք ունեցել: ԲԴԽ-ն երբեք չի պաշտպանել դատավորներին: Երբ զանգել են ու հրամաններ են տվել դատավորներին, ԲԴԽ-ն նրանց չի պաշտպանել, ավելին՝ հենց ԲԴԽ-ն է եղել զանգողներից ու հրահանգ տվողներից մեկը»:

Ըստ Նինա Կարապետյանցի՝ չպետք է թույլ տալ, որ մարդիկ հրաժարական ներկայացնելով ազատվեն իրենց նախկին արածների համար պատասխան տալուց:

«Հեղափոխությունն ունի իր տրամաբանությունը, և հեղափոխությունից հետո պարագլուխները պետք է պատժվեն: Մի թղթի վրա գրված հրաժարականը չպետք է ազատի դատավորներին պատասխանատվությունից: Օրինակ՝ Գագիկ Հարությունյանը, նա պետք է կրի պատասխանատվություն այս երկրում 20 տարի օրինականության բացակայության համար»,-ասում է Կարապետյանցը:

Ըստ Կարապետյանցի՝ բացի դատավորներից դատական համակարգի մյուս բաղկացուցիչների ներկայացուցիչներն էլ պետք է վեթինգի ենթարկվեն:

«Արդարադատություն իրականացնող համակարգը ամբողջությամբ պետք է վերափոխվի: Մենք ասում ենք, որ միայն դատավորները պետք է վեթինգի ենթարկվեն, բայց դա խտրական վերաբերմունք է: Արդարադատության համակարգին մասնակցել են նաև ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Գլխավոր դատախազությունը: Բա իրենց ո՞վ պետք է վեթինգի ենթարկի: Նրանց բոլորին էլ պետք է վեթինգի ենթարկել»:

Կարապետյանցը նշում է, որ տրամաբանությունն ու բարոյականությունը հուշում են, որ ԲԴԽ-ի մնացած 5 անդամներն էլ պետք է հրաժարական ներկայացնեն: Ըստ նրա՝ ԲԴԽ-ն երբեք չի պաշտպանել դատավորների իրավունքները, հակառակ դեպքում այսօր դատավորները կպայքարեին հանուն դատական խորհրդի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: