Հայերեն   English   Русский  

Լեգենդար հրամանատարի այրին բաց նամակով դիմել է Սամվել Բաբայանին


  
դիտումներ: 525

«Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի այրին՝ Մարետա Հարությունյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.

«Մեծագույն դժվարությամբ իմ մեջ հաղթահարելով երկար տարիների լռությունը՝ որոշեցի, այնուամենայնիվ, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը, կարծում եմ, հուզում է շատերիս:

Մարտակերտի շրջանի լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի այրին եմ, այն հազարավորներից մեկը, ում ճակատագիրը խեղվել է պատերազմի ընթացքում: Ամուսինս «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ է, Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից մեկը: Նա որդի է թողել, ով այս տարիներին իմ և իր հոր հարազատների մխիթարանքն է եղել: Չեմ ասի, թե կարողացել եմ նրան տալ հայրական ջերմություն և լրացնել այդ պակասը, բայց ջանացել եմ առավելագույն չափով… Ճիշտ է, ինչպես բոլոր երիտասարդները անցումային տարիքում, Ալեքսեյս էլ իդեալական չէր, բայց հեռու էր անսկզբունք և աղարտված մտածելակերպից և իր էությամբ հայրենիքին նվիրյալ է հոր նման:

Եվ հիմա ինչ-որ թափթփուկներ փորձում են ստվեր նետել այս աշխարհում համարյա թե միայնակ մնացած և իր կյանքի խոչընդոտները ինքնուրույն հաղթահարող հայրենանվեր երիտասարդի բարի համբավի վրա: Որպես հայ մայր, ով ազնիվ է իր զավակին վերաբերող ցանկացած հարցում, հավատացնում եմ, որ իմ որդին անմեղ է և որևէ ձևով առնչակից չէ փողոցային մակարդակի հասնող, էժանագին և շահադիտական նպատակներ հետապնդող խոսակցություններին:

Դիմում եմ արժանավոր հորջորջվող և իրեն հայրենասեր որակող Սամվել Բաբայանին: Ո՞ր իրավունքով եք առանց հանգամանքները պարզելու կամ գուցե դիտավորությամբ արատավորում հերոսի ժառանգի անունը, այն ժառանգի, ով առանց երկմտելու Ապրիլյան պատերազմի օրերին կանգնեց առաջին գծում՝ իր վրա վերցնելով Հայրենիքի պաշտպանության գործի մեծագույն պատասխանատվությունը և պատրաստ զոհելու կյանքը, ինչպես իր հայրը: Իսկ հիմա հարցս. որտե՞ղ էր քո որդին այն ժամանակ: Թե՞ չգիտեիք, որ պատերազմ է… Կամ գո՞ւցե հորն էր վստահում ու հավատում «ռազմական գործչի» այն պնդմանը, թե սա պատերազմ չէ, այլ…

Ամոթ է, ամոթ…

Վլադիմիր Բալայանի այրի Մարետա Հարությունյան»:

Հիշեցնենք, որ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ը հայտարարություն էր տարածել, թե Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները: Հայտարարության մեջ նշվում էր, որ միջադեպին մասնակցում էր նաև Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: