Հայերեն   English   Русский  

Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործն ամբողջությամբ բացահայտված է. Արթուր Վանեցյան


  
դիտումներ: 315

Այսօր Կառավարություն եկած ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է,

որ Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործն ամբողջությամբ բացահայտված է:

«Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործով: Գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն փնտրել պետք չէ: Երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է եղել։ Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հայտարարություն ոստիկանության և ԱԱԾ–ի համատեղ աշխատանքի վերաբերյալ»,–ասել է Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկախը տեղեկացրել էր, որ այսօր Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։

Քանի որ միջադեպը տեղի էր ունեցել ՀՀ-ի տարածքում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, Բաբայանի գրասենյակը կոչ էր արել բոլոր պատկան մարմիններին, հատկապես ՀՀ ԱԱԾ-ին, հետամուտ լինել բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: