Հայերեն   English   Русский  

Գարդասիլի հարցը հասել է Ազգային ժողով


  
դիտումներ: 147

Մայիսի 16-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հանրության շրջանում վերջերս մեծ մտահոգություններ առաջացրած Գարդասիլ-4 պատվաստանյութի արդյունավետության հարցը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պարզաբանել է, որ նման քննարկում կազմակերպելու և հակադիր տեսակետներ ունեցող մասնագետների հրավիրելու հանգամանքը պայմանավորված է ստացված նամակներով և քաղաքացիների մտահոգություններով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատու ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բժիշկներ, որոնց կարծիքները պատվաստանյութի արդյունավետության և ազդեցության վերաբերյալ խիստ իրարամերժ են եղել և հակասական:

Քննարկման արդյունքում, ինչպես նշել են հանձնաժողովի որոշ անդամներ, առկա մտահոգությունները չեն կարող փարատվել, քանի որ կարիք կա, որպեսզի հանրությունը խնդրահարույց պատվաստանյութի, դրա ազդեցության և նպատակների վերաբերյալ ստանա ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն:

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Գրիգորյանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, բժիշկ Մարինա Խաչատրյանը և այլք մի շարք տվյալներ են ներկայացրել պատվաստանյութի բացասական ազդեցությունների՝ չբերության, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճի, այլ ազդեցությունների վերաբերյալ՝ գրանցված մի շարք երկրներում: Նշվել է նաև, որ մեր երկրում պատվաստումները կատարվում են՝ պացիենտների առողջական վիճակը չհետազոտելով, ինչը սահմանված կարգի խախտում է:

Հակառակ տեսակետն ունեին և պատվաստանյութի դրական ազդեցության մասին տվյալներ են ներկայացրել բժիշկ Վահե Տեր-Մինասյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչ Արման Բադալյանը, ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատու ներկայացուցիչները, որոնցից մասնավորապես Վահե Տեր-Մինասյանի պնդմամբ՝ պատվաստանյութի շուրջ առկա աղմուկը հետևանք է մի խումբ մարդկանց գործունեության, ովքեր քննարկումը մասնագիտականից տեղափոխել են քաղաքական հարթություն՝ օգտագործելով պսևդոգիտնականների և կազմակերպությունների հոդվածներ և կարծիքներ:

Ինչպես նշվել է քնննարկման ընթացքում, 2017 թվականից ի վեր Հայաստանում Գարդասիլ-4 պատվաստանյութով պատվաստվել է 5547 երեխա, այժմ օրական պատվաստվում է 80-90-ը: Պատվաստման ենթակա են 9-26 տարեկան քաղաքացիները: Պատվաստանյութը պապիլոմա վիրուսի դեմ է, որը, հայտնվելով մարդու օրգանիզմում, կարող է առաջացնել 6 տեսակի քաղցկեղ, որոնցից ամենաշատ տարածումն ունի արգանդի վզիկի քաղցկեղը:

Հանձնաժողովը լսել է նաեւ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդուարդ Խուրշուդյանին, ով տեղեկացրել է, որ շաբաթներ առաջ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկից հնչած ահազանգը, թե երեխաներին պարտադրաբար և առանց ծնողներին տեղեկացնելու՝ պատվաստում են, չի համապատասխանում իրականությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: