Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում Զելենսկիի հաղթանակից հետո Սարիկ Անդրեասյանը Հայաստանի նախագահ դառնալու ցանկություն է հայտնել


  
դիտումներ: 690

Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել Instagram-ում:

«Ութ տարի առաջ ես և Ուկրաինայի նախագահը զբաղվում էինք ստեղծագործական գործունեությամբ: Եվ, իմ կարծիքով, շատ էլ բարեհաջող: Շնորհավորում եմ Վլադիմիրին: Ես չգիտեմ՝ ինչպիսի նախագահ նա կլինի, սակայն որպես մարդ նա հրաշալի անձնավորություն է: Կինոբիզնեսի նման հաղթանակից հետո ես մտածում եմ 10 տարի անց փոքր, բայց շատ հպարտ երկրի նախագահ դառնալու մասին»,- գրել է Անդրեասյանը՝ հրապարակման մեկնաբանություններում հաստատելով, որ խոսքը Հայաստանի մասին է:

«Չեմ թալանի, միայն սիրել, արարել ու ստեղծել»,- գրել է «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը:

Օգտատերերից ոմանք աջակցել են նրան՝ հենց այսօր հրավիրելով Հայաստան, սակայն Անդրեասյանը պատասխանել է, որ դրան պատրաստ կլինի միայն 10 տարի անց:

Ոմանք էլ բացասաբար են արձագանքել նրա ցանկությանը՝ խորհուրդ տալով չանել նման բան:

Սարիկ Անդրեասյանը ծնվել է 1984 թվականի օգոստոսի 24–ին Երևանում։ 1988 թվականին հոր (Գառնիկ Սարիբեկի Անդրեասյան), մոր (Երազիկ Վլադիմիրի Բաղդասարյան) և երկու եղբայրների հետ տեղափոխվել է Կոստանայ (Ղազախստան), այնտեղ էլ 2001 թվականին ավարտել է Գորկու անվան №12 հումանիտար հոսքով գիմնազիան[1]։ 2001 թվականին ընդունվել է Կոստանայի Պետական Համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Խաղացել է ՈՒՀԱ–ի տարածքային լիգայում։ Մոսկվա տեղափոխվելուց հետո, ավարտել է «Յուրի Գրիմովի արվեստանոց»–ը՝ «կինոյի ռեժիսոր» մասնագիտությամբ և սկսել է մասնագիտանալ երաժշտական տեսահոլովակների և գովազդների նկարահանման վրա։

Նրա ֆիլմերից են «Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակները» (ռուս.՝ «Служебный роман. Наше время»), «Հղին» (ռուս.՝ «Беременный») և «Ինչ են անում տղամարդիկ» (ռուս.՝ «Что творят мужчины!»)։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: