Հայերեն   English   Русский  

Որևէ մեկը չփորձի դանակ, զենք գործածել, ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 425

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ հեղափոխությունից հետո բոլոր այն համայնքներում, որտեղ համայնքների ղեկավարների դեմ կա բողոքի շարունակվող ալիք՝ գյուղապետերը պետք է հրաժարական տան և նշանակեն արտահերթ ընտրություններ:

Այդ մասին վարչապետը նշեց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը վարչապետին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ իրադրությունն այստեղ չի խաղաղվում, մասնավորապես մի խումբ բնակիչներ պահանջում են համայնքապետի հրաժարականը:

«Արդեն մեկ շաբաթ է՝ գյուղի հովիվը հացադուլ է անում, իսկ համայնքի ղեկավարը պնդում է, որ ոչ մի կերպ հրաժարական չի ներկայացնելու, ավելին՝ նշում է, որ եթե արել է չարաշահումներ, թող իրենով զբաղվեն իրավապահները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ հաշվի առնելով Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի նախադեպը, կարծում է՝ հնարավոր է այս գյուղում ևս լինեն նման իրադարձություններ: Նշեց, որ վանևանցիներն արդեն երկու անգամ փակել են Վարդենիս-Մարտակերտ միջպետական ամտոմայրուղին: Նրան հայտնի է, որ այդ ժամանակ երիտասարդների մոտ եղել են դանակներ, այսինքն՝ ամեն պահի հնարավոր է՝ լինեն տհաճ զարգացումներ:

Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ իրականում այս հարցը դարձյալ սուպերվարչապետության մասին է: «Երբ ԱԺ-ում քննարկվում էր կառավարության ծրագիրը, կարծիքներ էին հնչում, որ այդ ծրագրով կառավարությունը սպանում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ զրկելով անկախությունից: Մյուս կողմից՝ պարբերաբար ասում ենք՝ այս գյուղի գյուղացին իր գյուղապետի հրաժարականն է պահանջում. կառավարությու՛ն, ինչու՞ չեք միջամտում:

Հիմա եկեք կողմնորոշվենք՝ ուզու՞մ ենք սուպերվարչապետական համակարգ, թե՞ չէ: Եթե Զարթոնքի կամ մյուսի դեպքին միջամտեինք, կլինեին ասուլիսներ, կասեին՝ կառավարությունը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարի վրա, իսկ ո՞ւր մնաց Սահմանադրությունը: Իսկ եթե այնտեղ սրացումներ լինեին, կասեին՝ ո՞ւր մնաց կառավարությունը, ինչո՞ւ ոչինչ չեն անում և այլն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նմանատիպ իրավիճակների վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումը մի քանի անգամ արտահայտել է: Կարծում է՝ հեղափոխությունից հետո բոլոր այն համայնքներում, որտեղ կա նմանատիպ խնդիր, կա բողոքի շարունակվող ալիք, գյուղապետները պետք է հրաժարական տան և նշանակեն արտահերթ ընտրություններ:

«Եթե իրենք գիտեն, որ ունեն իրենց ժողովրդի աջակցությունը, նորից կառաջադրվեն, կընտրվեն: Մենք չենք պատրաստվում որևէ տեղում, թեկուզ մի քվեաթերթիկով ընտրությունները կեղծել: Զարթոնքի դեպքից հետո նայում ենք, հարցնում՝ կարո՞ղ է մենք շատ լիբերալ ենք: Կարո՞ղ է տեղ-տեղ միջամտենք ու լուծումներ գտնենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ այդ երիտասարդների մոտ դանակներ են եղել, վարչապետը նշեց՝ Ոստիկանությանը հանձնարարված է, պատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր կփորձեն բռնության ճանապարհով հարց լուծել: «Իրենք բանտում են հայտնվելու, տարբերակ չունեն: Որևէ մեկը չփորձի Հայաստանում դանակ, զենք գործածել: Կներեք, բայց պետք է կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք: Որևէ մեկը չփորձի դանակով հարցը լուծել: Եթե նույնիսկ միջադեպեր կլինեն, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ կապերով կխուսափեն պատասխանատվությունից, մեկ է՝ հաջորդ պահին վզներից բռնելու ենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     18.04.2019 ko lezvani sudert u qegjikner aveli vdankavor a kan ayt tanaqner ? yte aysbes charunaqes ayt tanagner q hasnin ko mod ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: