Հայերեն   English   Русский  

Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է վարչապետի մերձավորներից որոշների խոտոր ու կոռումպահակ վարքագիծը.Ատոմ Մարգարյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 475

Փաշինյանը շանս ունի երկրորդելու Սինգապուրի վարչապետին

"Եթե դուք ցանկանում եք հաղթահարել կոռուպցիան, ապա պետք է պատրաստ լինեք բանտ ուղարկել ձեր մերձավորներին և նույնիսկ՝ ձեր ընտանիքին"...

Սրանք Սինգապուրի լեգենդար վարչապետ Լի Կուան Յու-ի խոսքերն են, ավելի ճիշտ՝ նրա կրեդոն, որին հավատարիմ` մարդը բառացիորեն երեք տասնամյակի ընթացքում փոքրիկ կղզյակը դարձրեց դրախտավայր: Սինգապուրում շնչի հաշվով եկամուտը 50 տարվա ընթացքում 500 դոլարից հասավ 50.000 դոլարի. աճը՝ 100 անգամ: Այ սա տնտեսական հեղափոխություն էր: Կհաջողվի՞, արդյոք, Հայաստանում կրկնել սինգապուրյան հրաշքը: Դա կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից:

Փաշինյանի մասով խնդիր չկա: Նրա բացարձակ լեգիտիմությունը, քաղաքական փորձառությունը և ասկետ վարքագիծը բոլոր հիմքերը տալիս են նման ակնկալիքի համար: Ու այն, որ նա օրենքները խախտելու համար պատրաստ է բանտ ուղարկել իր մերձավորին, ևս ակնհայտ է, կամքը առկա է ու, այս առումով էլ վարչապետը երկրորդում է Սինգապուրի երբեմնի ղեկավարին:

Սակայն խնդիրը մերձավորների մեջ է, իսկ գլխավոր թշնամին՝ կոռուպցիան: Վարչապետին շատ դժվար է լինելու զսպել ու սանձել իր իսկ թիմակիցների մի մասի օպորտունիստական, իմա՝ քրեահակ վարքագիծը ու արագ հարստություն դիզելու մարմաջը: Սա թերևս Հայաստանը ոտքի կանգնեցնելու գլխավոր մարտահրավերն է: Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է վարչապետի մերձավորներից որոշների խոտոր ու կոռումպահակ վարքագիծը՝ իրենց վստահված ոլորտները /վարչապետի աչքից հեռու/ սեփական ընկեր-բարեկամներով լցնելու, կոռուպցիայի ու հովանավորչության ապագա բուրգի կառուցմանն ուղղված ճիգերը: Նրանցից ոմանք էլ զբաղված են կոռումպակիր օրենսդրական նախագծերի անսքող ու կոպիտ լոբբիզմով: Հետաքրքիր է՝ չի՞ տեսնում այս ամենը վարչապետը, նրան չե՞ն զեկուցում, թե՞ այդտեղ ուղղակի խնդիր չեն տեսնում:

Մինչդեռ, այս իրավիճակը հար և նման է Հայաստանի 90-ական թվականների կացությանը, երբ բառացիորեն մի քանի տարվա ընթացքում հեղափոխության և առաջադիմության լոզունգներով եկած քաղաքական ուժը դեգրադացվեց, պառակտվեց, իսկ արդեն 1995-96-ին թևակոխեց սահմանադրական կարգի պերմանենտ տապալումների, համակարգային կոռուպցիայի, միահեծան կառավարման, անվերջանալի քաղաքական սպանությունների ու հեղաշրջումների հորձանուտի մեջ:
Ու աստված մի արասցե, որ պատմությունը կրկնվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: