Հայերեն   English   Русский  

Գերմանիայի արդարադատության նախարար․ «Մտահոգված ենք Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներով»


  
դիտումներ: 209

Գերմանիայի արդարադատության նախարար, Եվրոպական խորհրդարանի ընտրություններում «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» (ՍԴԿ - SPD) առաջատար թեկնածուներից մեկը՝

Կատարինա Բարլեյը, մտահոգիչ է համարել Թուրքիայի «իրավական պետության» ոլորտում տեղի ունեցող զարգացումները։

Բեռլինում լրագրողների հետ հանդիպմանը Բարլեյն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին և հետընտրական գործընթացներին։ Նախարարը նշել է, որ իր կուսակցությունն ուրախ է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների շոշափելի հաջողությունների համար, քանի որ այդ կուսակցությունները գաղափարակից են SPD-ին։ Միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել ընտրություններին հաջորդած բողոքարկումների ու քվեների վերահաշվարկի գործընթացի կապակցությամբ:

«Արդեն մի քանի տարի խորը մտահոգությամբ հետևում ենք Թուրքիայի իրավական ոլորտում տեղի ունեցող զարգացումներին։ Թեև երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև լավ հարաբերություններ կան, բայց ամեն դեպքում մենք անհանգստանում ենք Թուրքիայում իրավական ոլորտի զարգացումների պատճառով և դա բաց տեքստով ասում ենք նրանց»։

Բարլեյը խուսափել է պատասխանել Թուրքիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հեռանկարի մասին հարցին՝ նախընտրելով շեշտել ԵՄ-Թուրքիա սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Սակայն պետք է նշել, որ SPD-ի կողմից Եվրոպական խորհրդարանի ընտրությունների համար ներկայացրած ծրագրում այս մասին ասված է․ «Ոչ Եվրոպական միությունը, ոչ Թուրքիան պատրաստ չեն տեսանելի ապագայում Թուրքիայի լիիրավ անդամակցությանը»։

Միաժամանակ ընդգծվել է, որ չնայած բոլոր դժվարություններին, Թուրքիայի և Եվրամիության, Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները չափազանց կարևոր են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: