Հայերեն   English   Русский  

Ստամբուլում հետընտրական կրքերը չեն հանդարտվում


  
դիտումներ: 221

Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, հետընտրական վեճերը գնալով ավելի են թեժանում: ՏԻՄ ընտրություններում իր թեկնածուի պարտվելուց հետո նախ անվավեր քվեների,

ապա նաև բոլոր քվեատուփերի վերահաշվարկ պահանջած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) այժմ էլ պահանջում է նոր ընտրությունների անցկացում:

Նոր պահանջով Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովին (ԲԸՀ) դիմելու մասին հայտարարել է ԱԶԿ-ի փոխնախագահ Ալի Իհսան Յավուզն այն բանից հետո, երբ ԲԸՀ-ն այսօր՝ ապրիլի 9-ին, մերժել է ամբողջական վերահաշվարկի իրենց պահանջը:

Յավուզը մասնավորապես ասել է. «Մենք օրինական գործընթացով ենք շարժվում, իրացնում ենք մեր օրինական իրավունքները: 298-րդ օրենքի 130-րդ հոդվածը նախատեսում է արտակարգ բողոքարկում, որը կատարվում է այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում անցանկալի դեպքեր ու իրավիճակներ են ստեղծվում: Այդ իրավիճակներում կուսակցությունները կարող են օգտագործել արտակարգ բողոքարկման իրավունքը: Մենք էլ, այդ ամենը ներառելով մեր դիմումի մեջ, այսօր ներկայացնելու ենք մեր արտակարգ բողոքը: Այս իրավիճակում մենք պահանջելու ենք նոր ընտրությունների անցկացում»:

Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում և երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո իշխող կուսակցությունը բողոքարկել է և պահանջել քվեների վերեահաշվարկ Ստամբուլում:

Մեկ շաբաթ ընթացող անվավեր քվեաթերթիկների ու որոշ քվեատուփերի ամբողջական վերահաշվարկի արդյունքում ընտրություններում հաղթած քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ու պարտված ԱԶԿ-ական Բինալի Յըլդըրըմի ձայների տարբերությունը 29 հազարից կրճատվել է 14 հազարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: