Հայերեն   English   Русский  

«Օպերան շատ լավ մեկնարկ է վերցրել, իսկ մարդիկ փորձում են պղծել»․ օպերային թատրոնի աշխատակիցները հակափաստարկներ են պատրաստում վարչապետին


  
դիտումներ: 667

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր, ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանն առաջինն էր եկել կառավարության շենքի մոտ՝ մասնակցելու թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու դեմ բողոքի ակցիային։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը որոշում է կայացրել Օրբելյանին օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ, ինչը մեծ արձագանք է առաջացրել մշակութային հանրության և հասարակության լայն շրջանում։

Բողոքի ակցիա-օպերա

«Օրբելյանին շփոթել են մեր տեղական ղեկավարների հետ»,-Անկախ-ի հետ զրույցում վրդովված ասաց Վիլեն Գալստյանը,-տարիներ առաջ Մոսկվայի Մեծ թատրոնի հետ հյուրախաղերի էինք Սան Ֆրանցիսկոյում և հյուրընկալվեցինք մաեստրոյի տանը՝ տեսնելով, թե ինչ պայմաններում է ապրում նա։ Ուզում եմ ասել՝ Օրբելյանը մեր դրամի կարծիքը չունի։ Նա ինքն է իր դրամը ներդնում»։

Վիլեն Գալստյանը հիշում է, որ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» ներկայացման համար հագուստի գումարը չէր բավականացնում, և Օրբելյանն անմիջապես իր անձնական միջոցներով այդ ծախսը հոգաց։

«Ես ընդամենը մեկ օրինակ բերեցի, բայց օրինակները շատ են։ Դրա համար ես այսօր եկել եմ պաշտպանելու այդ մարդուն։ Ո՞նց եք պատկերացնում, տնօրեն բերեն մեկ ուրիշի, որը թալանի օպերան, ինքն էլ կողքից նստի-նայի՞։ Իր գալուց հետո օպերայում բազմաթիվ պրեմիերաներ են եղել, աշխատակազմն իրեն սիրում ու հարգում է»։

Օպերային թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը խոստովանում է՝ երբևիցե չէր պատկերացնի, որ օրերից մի օր կհայտնվի կյառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակցի կարգավիճակում։ «Մենք սովոր ենք բեմին, սովոր ենք բեմից ասել մեր ասելիքը»,-ասում է նա։

Երգչի խոսքով՝ իրենց պայքարը որևէ անձի դեմ չէ, այլ առաջարկվող համակարգի, ըստ որի տնօրենի պարտականությունները պետք է կատարի մեկը, գեղարվեստական ղեկավարինը՝ մեկ ուրիշը։ «Դա խոչընդոտ է լինելու թատրոնի համար։ 2013 թվականից ես աշխատում եմ թատրոնում և տեսել եմ 3 տնօրեն, որ միայն տնօրենի պարտականություններն են կատարել։ Հասկացել ենք, որ դա խնդիր է։ Եթե տնօրենը չի հասկանում ստեղծագործական կյանքից, նա ընդամենը դառնում է ադմինիստրատիվ աշխատող, որը չի խորանում ստեղագործական խնդիրների մեջ, իսկ դա արդեն բացասաբար է ազդում թատրոնի գործունեության վրա»։

Օպերային թատրոնի արտիստները հաստատում են՝ օպերային թատրոնը Կոնստանտին Օրբելյանի գալուց ի վեր զարգացման ակտիվ փուլում է․ «Դա ակնհայտ է, այդ մասին վկայում են մեր բոլոր պրեմիերաները։ Վերջին 6 ամսում 6 պրեմիերա է տեղի ունեցել շնորհիվ Օրբելյանի»։

Բողոքի ակցիա-օպերա

Աշխատակիցները չեն ժխտում, որ թատրոնում կան խնդիրներ. «Իսկ ո՞ր թատրոնում խնդիրներ չկան։ Եկեք վաղը հավաքվենք և մեկնենք Նյու Յորք, Մետրոպոլիտենի օպերա՝ աշխարհի լավագույն թատրոններից մեկը։ Այնտեղ էլ խնդիրներ կան, ինչի՞ մասին է խոսքը։ Այո, մենք ունենք խնդիրներ, բայց դրանք մեր ներքին խնդիրներն են, որոնք մենք շտկում ենք»:

Օպերային թատրոնի ջութակահար, կոմպոզիտորների միության անդամ Էդուարդ Բելերյանը, որն օպերայի հնաբնակներից է, ասում է, որ Հայաստանում, ցավոք, արվեստի հետ առնչվող բոլոր օրենքներն անհեթեթություններ են։

«Եթե դրանք դրվեն միջազգային էքսպերտիզայի, կպարզվի, որ դրանք խոսում են մեր օրենսդիրների մտքի տկարության, ոչ բանիմացության և ոչ պրոֆեսիոնալիզմի մասին։ Հիմա եկել է այս նոր կառավարությունը, որը երևի թե դեռ չի կենտրոնացել այդ խնդիրների վրա։ Ո՛չ Մակունցը, ո՛չ Նազենի Ղարիբյանը չեն տիրապետում այս ոլորտին։ Գուցե արժանիքներ ունեն այլ ասպարեզներում, բայց արվեստի հետ որևէ առնչություն չունեն»։

Անկախ-ի դիտարկմանը, որ Նազենի Ղարիբյանը արվեստի պատմության դոկտոր է և արվեստագիտության դոցենտ, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Դոկտորությունը կապ չունի, պետք է արվեստի մարդ լինեն։ Նրանց քայլերը վկայում են, որ նրանք արվեստից անտեղյակ են։ Թատրոնում նոնսենս է, որ գեղարվեստական ղեկավարին ղեկավարի մեկ ուրիշը։ Թատրոնի առաջին դեմքը գեղարվեստական ղեկավարն է»։

Թատրոնի բարեփոխումների չափանիշն, ըստ նրա, ներկայացումներն են։ Ասում է՝ տարիներ շարունակ հյուրախաղեր չկային, իսկ Օրբելյանի գալուց հետո եղել են հյուրախաղեր, պրեմիերաներ և լեփլեցուն դահլիճներ․ «Օպերան շատ լավ մեկնարկ է վերցրել և ընթացքի մեջ է, իսկ մարդիկ փորձում են կոտրել, խանգարել, փչացնել ու պղծել»,-նշում է ջութակահարը։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ժամանակ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն ընդունել է օպերային թատրոնի արտիստներ Լիպարիտ Ավետիսյանին, Հայկ Տիգրանյանին, Լևոն Ջավադյանին, Հարություն Արզումանյանին, Հովհաննես Ներսիսյանին, Վիգեն Գալստյանին և Գայանե Աբրահամյանին։

Արտիստները հանդիպումը դրական են գնահատել։ Համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարի փոխտնօրենը, իսկ այդ ընթացքում օպերային թատրոնի ներկայացուցիչները վարչապետին կներկայացնեն Նազենի Ղարիբյանի կայացրած որոշման դեմ հակափաստարկներ։

Վարչապետն օպերային թատրոնի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե պարզվի՝ Նազենի Ղարիբյանի կողմից իրեն ներկայացված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը կամ թեկուզ դրանցից մեկը կեղծ է, ապա վերջինս կպատժվի և կազատվի պաշտոնից։

Այժմ օպերային թատրոնում պատրաստում են հակափաստարկներ։ Շուտով կներկայացնեն վարչապետին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: