Հայերեն   English   Русский  

​Պատվաստանյութերն ընդդեմ քաղցկեղի առաջացման


  
դիտումներ: 382

Ավելի քան 30 տարբեր բակտերիաներ, վիրուսներ, մակաբույծներ կարողեն սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների պատճառ հանդիսանալ։

Այսօր աշխարհի մի շարք երկրներում կիրառվող պատվաստումների որոշ տեսակներ նվազեցնում են վարակվելու վտանգը՝ ներառյալ հեպատիտ B-ն և մարդու Պապիլոմա վիրուսը:

Սակայն ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում է այն հարցը, թե արդյոք հարկավոր են պատվաստումները, անգամ խոսում են դրանց բացասական ազդեցության մասին: Նման հարցերը քննարկման են դրվում հաճախ հենց բժիշկների կողմից: Քաղցկեղը շատ տեսաբաններ համարում են դարի հիվանդություն: Դրա որոշ տեսակներ առաջանում են Պապիլոմա վիրուսի պատճառով: Այդ տեսակների մեջ է մտնում նաև արգանդի վզիկի քաղցկեղը: Վերջերս «Առողջապահության հայ ազգային խորհրդի» մասնագետներն էին մտահոգություն հայտնել «Գարդասիլ-4» պատվաստանյութի բացասական ազդեցության վերաբերյալ: Սակայն ամեն բարձրացրած աղմուկի հետ ոլորտում աշխատող բժիշկները շարունակում են պնդել, որ այսօր նաև Հայստանում օգտագործվող «Գարդասիլ-4» պատվաստանյութը միակ միջոցն է կանխարգելելու համար պապիլոմա վիրուսով վարակվելու հավանականությունը:

«Պատմական փորձն է ցույց տալիս, որ պատվաստանյութերի ստեղծման առաջին իսկ օրերից միշտ էլ եղել է պատվաստվել-չպատվաստվելու խնդիրը, միշտ էլ եղել է հանրության թերահավատությունն ու անվստահությունը գիտական ձեռքբերումների նկատմամաբ: Նախանցյալ դարում, երբ Ջեյն Էյրը սկսեց պատվաստումներ անել Սև ծաղիկի դիմաց, երկար ժամանակ մարդկանց նկարում էին կովի ականջներով ու գլխով՝ պնդելով, որ պատվաստումը կբերի դրան: Բայց ի վերջո պատվաստանյութի շնորհիվ մարդիկ կարողացան ազատվել հիվանդությունից: Չնայած մենք կարծում ենք, որ հիմա ավելի զարգացած ենք, բայց նույն թերահավատությունը կա նաև այսօր: Մենք հիմա փորձում ենք ապացուցել այն, ինչը արդեն իսկ ապացուցված է: Պապիլոմա վիրուսի դեմ պայքաելու լավագույն միջոցը պատվաստվելն է: Պետք է այնպես պայքարել քաղցկեղի դեմ, որ այն այլևս չվերադառնա»,- ասում է «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

Ըստ նրա այն մասնագետները, ովքեր պնդում են, որ այս վիրուսի դեմ պատվաստվելը վտանգավոր է կամ նույնիսկ հասուն տարիքում կարող է բերել չբերության, ոչ մի հետազոտություն չեն արել, չունեն որևէ գիտական հիմք նման պնդում անելու համար և միայն ապատեղեկատվություն են տարածում:

Հայաստանում Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը աղջիկների համար սահմանվել էր 13 տարեկանը: Սակայն Կառավարության 2016 թվականի մարտի 17-ի թիվ 10 որոշման համաձայն պատվաստումները կարող են իրականացվել ոչ միայն ըստ պլանային օրացույցի, այսինքն 13 տարեկանների համար, այլև ըստ համաճարակաբանական ցուցումների՝ 13 տարեկանից մինչև 45 տարեկանների համար, երբ առաջանում է ռիսկի խումբ տվյալ հիվանդության դեպքում:

Ըստ «Մուրացան» համալսարանական կլինիկական հիվանդանոցի ուռուցքաբան-քիմիոթերապևտ Դավիթ Զոհրաբյանի տարեկան մեր երկրում մինչև 260 կնոջ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ է հայտնաբերվում:

«Հայաստանի նման փոքր երկրում այս ցուցանիշները շատ բարձր են: Եվ մենք՝ մեր աշխատանքով ամեն ինչ անում ենք, որ տարեց տարի կրճատենք այդ թվերը, փորձենք մարդկանց կյանքեր փրկել: Իսկ դրա համար պետք չէ անիվ հայտնագործել: Պարզապես պետք է հետևել մասնագետների խորհուրդներին և ճիշտ ժամանակին պատվաստվել»,- ասում է Դավիթ Զոհրաբյանը:

Մասնագետները կարծում են, որ Հայաստանում դեռ վաղ է խոսել Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների արդյունքներից, քանի որ նախ կարճ ժամանակ է, ինչ սկսվել են պատվաստումները, բացի դա այն կամավոր էև չունի համատարած բնույթ:

Լիանա Եղիազարյան

Աննա Բզնունի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: