Հայերեն   English   Русский  

​Քաղցրիկ երեխաները


  
դիտումներ: 4147

Իննամյա Իննան շաքարային դիաբետ ունի. այդ մասին նրա ընտանիքն իմացել է երեք տարի առաջ: Իննայի մայրը՝ տիկին Նվարդը, պատմում է, որ դուստրը ուժեղ է և իրեն շատ է օգնում. «Երբ արյան մեջ շաքարի քանակը չափում եմ, իմ հայացքից հասկանում է՝ բա՞րձր է, թե՞ ցածր:

Երբ տխրում եմ, մատներով «սմայլիկ է անում» դեմքիս ու ժպտում, հետո ես հասկանում եմ, որ պետք է ժպտամ, պարտավոր եմ ժպտալ, չէ՞ որ դրանից է կախված երեխայիս տրամադրությունը»:

Իննա

Նկարում՝ Իննան

Իննան անհրաժեշտ չափաբաժնով ինսուլին, նաև ամսական մեկ տուփ ստրիպ ստանում է Մուրացան հիվանդանոցային համալիրից: Ամսական մեկ տուփ ստրիպ էլ տրամադրում է «Երազ» բարեգործական հիմնադրամը: Տիկին Նվարդի խոսքով՝ ամսական երեք-չորս տուփ էլ իրենք էին գնում, մինչև իմացան ''Sweetest Kids'' (Քաղցրիկ երեխաներ) կազմակերպության մասին:

''Sweetsest Kids''-ը բարեգործական կազմակերպություն է, որը Հայաստանում առաջին կարգի շաքարային դիաբետ ունեցող երեխաներին տրամադրում է գլյուկոմետր և ամսական անհրաժեշտ քանակությամբ ստրիպներ՝ արյան մեջ շաքարի քանակը ստուգելու համար:

Կազմակերպությունը գործում է 2018 թ. հունիսից: ''Sweetest Kids''-ի հիմնադիրը Հայկ Մուրադյանն է, որը հիմա ապրում է Էստոնիայում: Նա պատմում է, որ ինը տարի առաջ իր մոտ հայտնաբերվել է առաջին կարգի շաքարային դիաբետ: Հայկ Մուրադյանը հիշում է, որ Հայաստանում դժվար է եղել դիաբետիկների համար օրական չորս անգամ չափել շաքարի քանակը արյան մեջ, քանի որ դա թանկ է: «Երբ ես տեսա, թե Էստոնիայում այդ ամենն ինչ հեշտ է, մտածեցի, որ ինչ-որ կերպ Հայաստանում էլ այդպես հեշտ պիտի լինի:Հետո որոշեցի Հայստանում բարեգործական կազմակերպություն հիմնել, որն էլ անվանեցինք «Քաղցրիկ երեխաներ»»,- նշում է նա:

Կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Տերբալյանի խոսքով իրենք ունեն պայմանագիր Գյումրու՝ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի հետ, օգնում են այնտեղ գրանցված վեց երեխայի, մի քանի երեխայի հասցե էլ վեցրել են Մուրացան հիվանդանոցային համալիրից: «Հիմա մենք ունենք երեխաներ Վանաձորից, Բերդավանից, Գյումրուց, Խարբերդից, Չարենցավանից, Երևանից ու Արմավիրից»,- նշում է նա: Կազմակերպությունից օգնություն ստանում է տասնհինգ երեխա:

Մարիամ Տերբալյան

Նկարում՝ Մարիամ Տերբալյանը, հեռախոսի էկրանին՝ Հայկ Մուրադյանը

Տիկին Նվարդի խոսքով ''Sweetest Kids''-ի թիմի ամեն այց իրենց տուն տոնի է վերածվում. «Սկզբում մտածում ես, որ դե լավ է, ահագին օգնում են, բայց էն սերն ու ջերմությունը, էն հոգատարությունն ու անմնացորդ նվիրումը, որ տալիս են էդ երեխեքը (''Sweetest Kids''-ի կամավոները), անգին է, դրամով հաշվելի չէ: Իննան երբեմն ասում է՝ մա՛մ, ստրիպս չի՞ վերջանում, որ Մարիամն ու Միլենան (կազմակերպության լրատվական բաժնի պատասխանատուն) գան»:

Փետրվարի տասին «Ռեստարտ» նախաձեռնության գրասենյակում տեղի ունեցավ կազմակերպության առաջին հավաքը: Մարիամ Տերբալյանը նշում է, որ հանդիպման նպատակը իրենց կազմակերպությունից օգնություն ստացող երեխաներին ու նրանց ծնողներին ծանոթացնելն էր: Տիկին Նվարդը հիշում է, որ այդ օրը Իննան շատ ուրախ էր. «Մրցույթներն ինքը հաղթեց, նվերներ ստացավ, Մարիամի ու Միլենայի հետ շփվեց, նոր ընկերներ ձեռք բերեց, իսկ ինձ մոտ միախառնվել էին բոլոր տեսակի զգացողությունները. լացելով ժպտում էի, ժպտալով՝ լացում»:

Մարիամ Տերբալյանը խոստանում է, որ նման հանդիպումներ շատ հաճախ են լինելու:

Նրա խոսքով՝ իրենք նաև մի քանի ծրագրեր ունեն, որոնք դեռ քննարկման փուլում են. «Մեր կազմակերպությունը շարունակաբար համագործակցում է և համագործակցելու է հոգեբանների ու բժիշկների հետ: Շատ շուտով խնդիր ենք բարձրաձայնելու՝ շաքարային դիաբետը թաքցնելու հետ կապված, ու դրա ուղղությամբ աշխատանքներ են տարվելու»:

''Sweetest Kids''-ի թիմի կամավորները երեխաներին հաճախ են այցելում, մտերիմ են նրանց հետ, նշում են ծննդյան տարեդարձները: Փետրվարի տասնհինգին էլ Իննայի տարեդարձրն էին նշում:

Մարիամ Տերբալյանն ասում է, որ իրենց թիմի յուրաքանչյուր անդամ գիտակցում է, թե ինքն ինչի համար է ''Sweetest Kids''-ում ու ինչ ունի տալու այս կազմակերպությանը: «Միլենա Խաչիկյանը մեր լրատվական մասի պատասխանատուն է, իմ աջ ձեռքը, Սուրեն Ասրյանը կրեատիվ մտքերի հեղինակն է, նա մեզ աշխատելաոճ է սովորեցնում, Կարինե Շահգալդյանը զբաղվում է մեր ֆեյսբուքյան էջի հրապարակումների թարգմանություններով, նաև շաքարային դիաբետի մասին հոդվածներ է թարգմանում, Նանե Ավետիսյանն էլ Միլենայի օգնականն է, օգնում է նրան նկարահանումների ու մոնտաժի ժամանակ»,- պատմում է Մարիամը:

Նկարում՝ Կարինեն, Սուրենը, Մարիամը, Միլենան

Նկարում՝ Կարինեն, Սուրենը, Մարիամը, Միլենան

Սուրենիի խոսքով՝ իրեն կազմակերպության մասին պատմել է Միլենան: Դրանից հետո Սուրենն առանց երկմտելու, ինչպես նա է ասում, ինքն իր մեջ միաձայն քվեարկելով՝ որոշել է միանալ թիմին: «''Sweetest Kids''-ում իմ գերագույն մոտիվացիան գաղափարն է էն մասին, որ քո արած մի իրականում շատ փոքր գործով մեծ երջանկություն կարող է փոխանցվել երեխեքին, որոնք ունեն դրա կարիքը»,- ասում է նա:

Սուրենի խոսքով առաջիկա մեծ ծրագրերից մեկը սոցիալական հոլովակ պատրաստելն է՝ շաքարային դիաբետի թեմայով:

Կազմակերպության տնօրեն Հայկ Մուրադյանն էլ ասում է, որ ամռանը մի քանի բարեգործների օգնությամբ պլանավորում են ճամբար կազմակերպել ''Sweetest Kids''–ի երեխաների համար:






Մեկնաբանություններ - 1

Բելլա     26.02.2019 Տա աստված Հայկ Մուրադյանին այնքան առողջություն և հաջողոթյուն ;որ նա կարողանա որոշ չափով թեթևացնել հայ մայրերի ցավը։Ինչպես ասում են ;հիվադին բուժում են ոչ միայն դեղերը;այլ մարդկային ջերմ ու սիրալից վերաբերմունքը։Առողջացիր փոքրիկս;քեզ դեռգեղեցիկ ապագա է սպասվում։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: