Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել


  
դիտումներ: 246

ՀՀ երկրորդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, մեկնաբանել է իրեն կալանավորելու և մեղադրանք առաջադրելու լուրերը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն` Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը ճիշտ է։ Նա այս մասին ասել է 2rd.am–ի հետ զրույցում։

«Խոսակցությունները մասամբ են ճիշտ։ Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին եւ կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել»,– ասել է նա:

Նա ասել է, որ իրեն առանձնապես չի զարմացնում այն, ինչ տեղի է ունենում:

«Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին։ Պատգամավոր եղած տարիներին նա որևէ առիթ բաց չթողեց եւ հետևողականորեն փորձեց զրպարտել և սևացնել մեր ընտանիքի բարի համբավը, արժանապատվությունը, նույնիսկ այն պարագայում, երբ հայրս արդեն երկար ժամանակ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում»,– ասել է Քոչարյանի ավագ որդին։

Նա նաև նշել է, որ տարիներ շարունակ հեռու է մնացել հրապարակային գործունեությունից, բայց հիմա պետք է վերանայի իր այդ մոտեցումը, որպեսզի մարդիկ հակառակ կողմին էլ լսեն և եզրակացություններ անեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: