Հայերեն   English   Русский  

Ի՞նչ է իրեղեն ապացույցը


  
դիտումներ: 1538

Դատավարական իրավունքում կարևոր տեղ ու նշանակություն ունեն իրեղեն ապացույցները: Որպես այդպիսիք հանդես են գալիս այն առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:


Իրեղեն ապացույցները պահպանվում են դատարանում կամ հանձնվում են ի պահ: Այն իրեղեն ապացույցները, որոնք չեն կարող բերվել դատարան, պահպանվում են դրանց գտնվելու վայրում: Դրանք պետք է մանրամասն նկարագրվեն և (կամ) կնքվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարվեն կամ տեսանկարահանվեն:Դատարանը միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցներն անփոփոխ վիճակում պահպանելու համար: Իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը, համաձայն ՀՀ օրենսդրության, բաշխվում են կողմերի միջև:

Դատարանն անհապաղ զննում և հետազոտում է շուտ փչացող իրեղեն ապացույցները` դրանց գտնվելու վայրում: Գործին մասնակցող անձինք անհապաղ տեղեկացվում են ապացույցները զննելու և հետազոտելու վայրի ու ժամանակի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ իրեղեն ապացույցները զննելու և հետազոտելու համար:

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացվել են, կամ հանձնվում են այն անձանց, որոնց իրավունքն այդ առարկաների նկատմամբ ճանաչել է դատարանը, կամ իրացվում են դատարանի սահմանած այլ կարգով:

Առարկաները, որոնք օրենքի համաձայն չեն կարող գտնվել առանձին անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան իրավասու պետական մարմնին: Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցները զննելուց և հետազոտելուց հետո կարող է վերադարձնել այն անձանց, որոնցից ստացվել են, եթե վերջիններս այդ մասին միջնորդում են, և նման միջնորդությունը բավարարելը վնաս չի հասցնի վեճի ճիշտ լուծմանը:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: