Հայերեն   English   Русский  

Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե


  
դիտումներ: 609

Օրերս ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նախկին վարչապետը բացատրություն է տվել ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

Հովիկ Աբրահամյանից բացի, ՔԿ–ում բացատրություն է տվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։

Քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութը, որտեղ մատնանշված հանգամանքները ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։ Լրատվամիջոցն անդրադարձել էր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքներին։ Կատարված հետաքննությամբ պարզվել էր, որ գործարքների արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Արամ Դանիելյանի նախկին խորհրդականի որդին, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք, Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը և այլք:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի, մարզպետարանի հողաշինության բաժնի պետի, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարարի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ուստիեւ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: