Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս է կատարվում հանրային հավաքների անցկացման մասին իրազեկումը


  
դիտումներ: 1131

Հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով (ընդունվել է 2011 թ. ապրիլի 14-ին): Հիշյալ օրենքի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է իրազեկմամբ անցկացվող հանրային հավաքներին, իսկ 9-րդ հոդվածի համաձայն` հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների: Իրազեկումը քննարկող և որոշում կայացնողը համայնքի ղեկավարն է` լիազոր մարմինը: Լիազոր մարմնի որոշմամբ իրազեկումը կարող է քննարկել և դրա վերաբերյալ որոշում կայացնել նրա լիազորած անձը:

Իրազեկման նպատակը պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելը, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն է:

Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ: Իրազեկումը ներկայացվում է գրավոր, անձամբ կամ փոստով:

Օրենքն իրազեկման համար ներկայացնում է որոշակի պահանջներ, որոնք պարտադիր կերպով պետք է հաշվի առնվեն լիազոր մարմնին ուղղված գրավոր նամակում: Այսպես, օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` իրազեկման մեջ պետք է նշվեն`

1) հավաքի վայրը,

2) հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,

3) հավաքի նպատակը,

4) մասնակիցների սպասվող թիվը,

5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ և այլն),

6) կարգադրիչների նախատեսվող թիվը,

7) երթի դեպքում` երթի ուղին և ժամանակացույցը,

8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային և էլեկտրոնային հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը տարբեր անձինք են, նաև հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, փոստային հասցեն և առկայության դեպքում` հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեն:

Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է նաև այդ մասին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ կառավարման մարմնի որոշումը: Եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաև վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ: Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք: Եթե հավաքի կազմակերպչի 14 տարին չի լրացել, ապա նա ներկայացնում է նաև իր օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:

Կազմակերպիչը պարտավոր է վերոհիշյալ կետերում արված փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին: Այդ փոփոխությունները չեն կարող փոխել ի գիտություն ընդունված հավաքի էությունը:

Եթե իրազեկումը պարունակում է ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա լիազոր մարմինը դրանք ցույց է տալիս կազմակերպչին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` կազմակերպչին նախապես կամ հետագայում իրազեկելով այդ մասին: Եթե իրազեկման մեջ նշված տվյալները ամբողջական չեն, ապա լիազոր մարմինը կազմակերպչին առաջարկում է իր սահմանած ժամկետում լրացնել դրանք:

Պատրաստեց

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: