Հայերեն   English   Русский  

Թող սուտն ու էժան սենսացիաներին տրվելու գայթակղությունը չվնասեն տարիներով ստեղծված մեր գործընկերային լավ հարաբերություններին.Հրանտ Մելիք-Շահնազարյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 350

Ինչպես շատերդ երևի գիտեք, «Anonymous» հաքերային խումբը հրապարակել է բրիտանական Integrity Initiative ծրագրի գործունեությանը վերաբերող նյութեր,

այդ թվում նաև մի տեղեկանք, որտեղ ներկայացված են իբրև թե Ռուսաստանի քաղաքական շահերը սպասարկող հայ փորձագետների անուններ։ Իմ անունն էլ կա այդ տեղեկանքի մեջ։ Նաև որոշակի տեղեկություններ իմ գործունեության մասին՝ հիմնականում սուտ։

Ինձ վերաբերող «տեղեկություններից» ճիշտը միայն այն է, որ ղեկավարում եմ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը և որ Տիգրան Քոչարյանը ընկերս է))))։ Իսկ այն, իբր «Գրիբոեդով» ակումբի անդամ եմ եղել, կամ որ պաշտպանել եմ Ռուսաստանի ինտերվենցիան Վրաստանում, առավել ևս, որ կողմ եմ եղել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Արցախում և այլն, այդ ամբողջը սուտ է։

Մշտապես հանդես եմ եկել ճիշտ հակառակ դիրքերից և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Իմացողները շատ լավ գիտեն այդ ցուցակի կազման նախապատմությունը, շարժառիթները ու դրա կազմողի «գործը շարունակողների» անունները։ Վստահեցնում եմ՝ ինձ մոտ դա ծիծաղ, իսկ ավելի շատ արհամարհանք է առաջացրել։

Տհաճն ուրիշ բան է։ Այն, որ հայկական շատ լրատվամիջոցներ՝ բարեբախտաբար առավելապես դեղին թերթոններ, այդ տեղեկանքում առկա տեղեկությունները որպես ճշտված ճշմարտություն են ներկայացնում։

Տեսեք, թե ինչ վերնագրեր են դնում. «Գաղտնազերծված փաստաթղթեր, բացահայտումներ. ովքեր են Ռուսաստանի շահերը պաշտպանող հայ գործիչները»։ Տհաճ է։ Ինչպես կասեր դասականը. «Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք»։ Թող սուտն ու էժան սենսացիաներին տրվելու գայթակղությունը չվնասեն տարիներով ստեղծված մեր գործընկերային լավ հարաբերություններին։ Ես դա չէի ցանկանա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: